Մատչելիության հղումներ

Ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի գրավման մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» զինված խմբի 18 ամբաստանյալների գործով այսօրվա դատական նիստին դատավոր Արտուշ Գաբրիելյանը որոշում կայացրեց գործը բաժանել առանձին վարույթների և զինված խմբի առանցքային անդամների մասով վարույթը փոխանցել այլ դատավորի՝ առանց հստակեցնելու, թե ում:

Գաբրիելյանը հրապարակեց դատարանի որոշումը․ - «Պատճենահանման եղանակով առանձին վարույթում անջատել քրեական գործն ըստ մեղադրանքի Արամ Պավելի Մանուկյանի, Թաթուլ Սպարտակի Թամրազյանի, Տիգրան Սամվելի Մանուկյանի, Սերգեյ Արմենակի Կյուրեղյանի, Գևորգ Գրիգորի Իրիցյանի, Թորոս Գևորգի Թորոսյանի, Հովհաննես Գառնիկի Հարությունյանի, Արայիկ Տիբուշի Հակոբյանի․ Մարտիրոս Վլադիմիրի Հակոբյանի, Արամ Ստեփանի Հակոբյանի և Վարդան Իոսիֆի Գերավետյանի»:

Այսպիսով 18 ամբաստանյալներից 11-ի գործը կքննի մեկ այլ դատավոր։

Որոշման հրապարակումից հետո Գաբրիելյանը հայտարարեց, որ դատական նիստն այսօր հետաձգվում է։ Ամբաստանյալներից ոչ ոք նիստերի դահլիճում չէր․ դատավորը նրանց նկատմամբ սանկցիա է կիրառել և հեռացրել դահլիճից՝ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու համար։

«Սասնա ծռերի» փաստաբաններն ինչպես երեկ, այսօր էլ դատարան էին եկել «Մի՛ բռնաբարեք իրավունքը», «Ազատություն դատավոր Արտուշ Գաբրիելյանին» գրությամբ շապիկներով: Յուրօրինակ բողոքի ակցիա անցկացնող փաստաբանները պնդում են, որ դատավորը կողմնակալ է և ոտնահարում է պաշտպանական կողմի իրավունքները:

Նիստի ավարտից հետո փաստաբան Լուսինե Սահակյանն «Ազատությանն» ասաց, որ իրենց այս ակցիան որոշ առումով տվեց իր արդյունքը՝ Արտուշ Գաբրիելյանն այլևս չի քննի «Սասնա ծռերի» առանցքային անդամների մի մասի գործը․ - «Երբ դատավորներ գործուղվեցին Էրեբունի դատարան, ակնհայտ էր, որ մի ինչ-որ իրավիճակ է լինելու: Մենք մտածում էինք ինքնաբացարկ կհայտնի, և մյուս դատավորները կվերցնեն վարույթ: Փաստորեն շատ ավելի վատ իրավիճակ ստեղծվեց, որովհետև հիմա մենք արդեն ունենք երեք գործ «Սասնա ծռերի», ինչը անընդունելի է: Ի սկզբանե չպիտի անջատեին երկու մասի, իսկ հիմա անջատել են երեք մասի»:

Սահակյանը նշեց, որ ավելի քան 3 ամիս քննելով այս գործը՝ Արտուշ Գաբրիելյանը փաստորեն չանսաց իրենց պահանջին՝ ինքնաբացարկ տալ և հրաժարվել գործից: Նա հավելեց, որ իրենց տեղեկություններով առանձնացված գործը ամենայն հավանականությամբ կտրվի վերջերս Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան տեղափոխված դատավոր Մեսրոպ Մակյանին․ - «Կարծում եմ, որ արդեն վաղուց անձինք հասկացել էին, որ այլևս այսպես հնարավոր չի շարունակել, որ Արտուշ Գաբրիելյանը չի կարողանում այս դատական նիստը վարել: Պետք է ասեմ, որ բոլորիս համար է հայտնի, որ էստեղ Արտուշ Գաբրիելյանը չէ, որ նախագահում է այս նիստին: Ակնհայտ է, որ հստակ պատվերով է իրականացվում այս դատավարությունը»:

Դատավոր Արտուշ Գաբրիելյանի անաչառությունը ամիսներ շարունակ կասկածի տակ դնող փաստաբաններից ոմանք վաղուց էին հայտարարում, որ «Սասնա ծռերի» դատավարությունը նա չի ղեկավարում, այլ իշխանությունների պատվերն է կատարում:

«Ես չեմ կարծում, որ կա որևէ քաղաքական դատավարություն, որում նախագահականը ներգրավված չէ: Անկհայտ է, որ ներգրավված են, ինչ մակարդակներով՝ դա էլ ակնհայտ է․․․ որ առաջին դեմքի մակարդակով պետք է քննարկվեն այս հարցերը», - ասաց Լուսինե Սահակյանը:

Փաստաբան Երվանդ Վարոսյանը, բացասական գնահատելով «Սասնա ծռերի» 18 ամբաստանյալների գործը վարույթի բաժանելու մասին դատավորի որոշումը, պնդեց, որ դա արդարադատության շահերից չի բխում․ - «Կխոչընդոտի այնպես, որ նույն ապացույցները տարբեր դատարաններում պիտի հետազոտվեն, ինչը իմաստազուրկ է»:

Վարոսյանը ուշադրություն է դարձնում այն հանգամանքի վրա, որ դատավոր Արտուշ Գաբրիելյանը, ըստ էության, իրենից հեռացրեց «Սասնա ծռերի» առանցքային անդամների գործի քննությունը, և չի բացառվում, որ նույնը կանի մյուս՝ 14 ամբաստանյալների գործի դատավարության հետ․ - «Առաջին տպավորությունն այն է, որ իրենց համար կարևորություն ունեցող ամբաստանյալների մասը անջատվել է և կհանձնվի մեկ այլ դատավորի: Իսկ մնացած մասով գործը կմնա Արտուշ Գաբրիելյանի վարույթում»:

Անցած երեքուկես ամսվա ընթացքում, հիշեցնենք, փաստաբանները տասնյակ միջնորդություններ են ներկայացրել դատարան՝ պահանջելով Արտուշ Գաբրիելյանին ինքնաբացարկի որոշում կայացնել և գործը փոխանցել այլ դատավորի։ Իր հերթին, դատավորը հասցրել է արդեն ավելի քան հարյուր որոշում կայացնել սանկցիա կիրառելու մասին՝ դատարանից հեռացնելով ամբաստանյալներին և վարույթներ հարուցելով նիստերին չմասնակցող նրանց փաստաբանների նկատմամբ։

Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքի գրավման փաստով 14 և 18 մեղադրյալների մասերով երկու առանձին դատավարություն է ընթանում: Զինված խմբի հիմնական մասը մեղադրվում է գնդի տարածքը գրավելու, պատանդ պահելու, ապօրինի զենք-զինամթերք կրելու, փոխադրելու մեջ։ Երեք ոստիկանների սպանության համար մեղադրվում են խմբի անդամներից երկուսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG