Մատչելիության հղումներ

ՏԻՄ ընտրություններին առերևույթ ընտրական հանցագործությունների վերաբերյալ հաղորդումներով երկու քրեական գործ է հարուցվել


Գլխավոր դատախազության շենքը Երևանում

Գլխավոր դատախազությունում ամփոփվել են այս տարվա նոյեմբերի 5-ին Հայաստանի մարզերում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում առերևույթ ընտրական բնույթի հանցագործությունների վերաբերյալ հաղորդումների և ահազանգերի ստուգման արդյունքները:

Ըստ դատախազության, ուսումնասիրվել են մարզերում կայացած ՏԻՄ ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում առերևույթ ընտրական բնույթի հանցագործությունների 52 դեպքի վերաբերյալ հաղորդումներ և ահազանգեր:

Նշված բոլոր հաղորդումներն ու ահազանգերը, ինչպես հայտնում է Գլխավոր դատախազությունը, օպերատիվ կերպով ուղարկվել են Քննչական կոմիտեի և Ոստիկանության տարածքային բաժիններ՝ դեպքերի իրական հանգամանքները պարզելու, անհետաձգելի քննչական գործողություններ, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ կատարելու և սեղմ ժամկետում իրավական գնահատական տալու հանձնարարությամբ:

Ըստ հաղորդագրության, առերևույթ ընտրական բնույթի հանցագործության հատկանիշներ պարունակող 52 հաղորդումներով և ահազանգերով ձեռնարկված միջոցառումների արդյունքներով հարուցվել է 2 քրեական գործ՝ համապատասխանաբար Քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 1-ին մասով (զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցչի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը) և 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով (ընտրակաշառք տալը) նախատեսված հանցագործությունների հատկանիշներով:

«50 հաղորդման և ահազանգի հիման վրա նախապատրաստված նյութերով դրանցում նշված՝ առերևույթ ընտրական բնույթի հանցագործության հանգամանքները հերքվել են, քրեական գործ հարուցելու հիմքեր ձեռք չեն բերվել», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG