Դատախազության ստորաբաժանումների կողմից ուսումնասիրվել են նոյեմբերի 5-ին Հայաստանի մարզերում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում առերևույթ ընտրական բնույթի հանցագործությունների 47 դեպքի վերաբերյալ հաղորդումներ և ահազանգեր: Բացի դրանցից, դատախազության հաղորդագրության համաձայն, երեկվա դրությամբ ստացվել է ընտրական բնույթի հանցագործությունների վերաբերյալ ևս 5 հաղորդում: Նշված բոլոր հաղորդումներն ու ահազանգերն օպերատիվ կերպով ուղարկվել են Քննչական կոմիտեի և Ոստիկանության տարածքային բաժիններ՝ դեպքերի իրական հանգամանքները պարզելու, անհետաձգելի քննչական, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ կատարելու և սեղմ ժամկետում իրավական գնահատական տալու հանձնարարությամբ:
Առերևույթ ընտրական բնույթի հանցագործության հատկանիշներ պարունակող ընդհանուր 52 հաղորդումներով և ահազանգերով ձեռնարկված անհետաձգելի քննչական, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներով հարուցվել է մեկ քրեական գործ Քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ «զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցչի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը»:
40 հաղորդման և ահազանգի հիման վրա նախապատրաստված նյութերով դրանցում նշված հանգամանքներն արդեն իսկ հերքվել են, քրեական գործ հարուցելու հիմքեր ձեռք չեն բերվել, հաղորդում է դատախազությունը:
Մնացած 11 դեպքով քննչական, դատավարական գործողությունները, օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվում են: