Մատչելիության հղումներ

Կատալոնիայի խորհրդարանի նախկին խոսնակը 150 հազար եվրո գրավ չմուծելու դեպքում կկալանավորվի


Կատալոնիայի լուծարված խորհրդարանի խոսնակ Կարմե Ֆորկադելը ժամանում է Իսպանիայի գերագույն դատարան, Մադրիդ, 9-ը նոյեմբերի, 2017թ․

Իսպանիայի գերագույն դատարանը հինգշաբթի օրը որոշում է կայացրել նախնական կալանքի ենթարկել կատալոնական խորհրդարանի նախկին խոսնակ Կարմե Ֆորկադելին, սակայն՝ գրավի դիմաց ժամանակավոր ազատ արձակման հնարավորությամբ:

Դատարանի որոշմամբ՝ 61-ամյա քաղաքական գործիչը ազատ կարձակվի 150 հազար եվրոյի չափով գրավ մուծելու դեպքում:

Պետական մեղադրողը՝ Իսպանիայի դատախազությունը, դատարանից պահանջում էր Ֆորկադելին, ինչպես նաև Կատալոնիայի լուծարված խորհրդարանի ևս 5 պատգամավորների, ովքեր կատալոնական հանրաքվեի կապակցությամբ մեղադրվում են ապստամբության ու պետական միջոցները փոշիացնելու մեջ, կալանավորել՝ առանց գրավի դիմաց ազատ արձակման հնարավորության: Իսպանիայի գերագույն դատարանը, սակայն, չի ընդունել դատախազության պնդումները, թե ազատության մեջ հայտնվելով՝ կասկածյալները կարող են լքել երկիրը, ինչպես Կատալոնիայի նախկին առաջնորդ Կարլես Պուջդեմոնը, ով մեկնել է Բրյուսել:

Դատարանի որոշմամբ, կատալոնական խորհրդարանի ևս չորս պատգամավորների մեկ շաբաթ ժամանակ է տրվել՝ 25-հազարական եվրոյի չափով գրավ մուծելու համար:

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 1-ին Կատալոնիայում անցկացված հանրաքվեի մասնակիցների ճնշող մեծամասնությունը ձայնը տվել է անկախության օգտին: Հենվելով հանրաքվեի արդյունքների վրա՝ երկրամասի խորհրդարանը հոկտեմբերի 27-ին անկախության հռչակագիր ընդունեց: Ի պատասխան՝ Իսպանիան, որն ապօրինի է համարում Կատալոնիայի անկախության հանրաքվեն, երկրամասում ուղիղ կառավարման ռեժիմ հաստատեց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG