Բելգիայի դատարանը ստորագրությամբ ազատ է արձակել Կատալոնիայի կառավարության նախկին ղեկավար Կարլես Պուջդեմոնին և նրա չորս գործընկերներին՝ Կատալոնիայի կառավարության նախկին նախարարներին: Դատարանի որոշման մեջ ասված է, որ նրանք իրավունք չունեն լքել Բելգիայի տարածքը և պետք է ոստիկանությանը հայտնեն իրենց գտնվելու վայրի մասին:
Պուջդեմոնն ու նախկին նախարարները երեկ էին ինքնակամ հանձնվել Բելգիայի ոստիկանությանը:
Պուջդեմոնն ու իր չորս համախոհները մեկնեցին Բելգիա, երբ Մադրիդի կենտրոնական կառավարությունը լուծարեց Կատալոնիայի կառավարությունը՝ ուղիղ կառավարում մտցնելով ինքնավար մարզում: Անցած ուրբաթ օրը Իսպանիայի դատարանը նրանց ձերբակալելու որոշում էր կայացրել, որը պարտադիր է կատարման համար Եվրամիության անդամ բոլոր երկրներում: Կատալոնիայի լուծարված կառավարության ևս ութ պաշտոնյաներ ձերբակալվել էին՝ ներկայանալով հարցաքննության, մեկն էլ գրավի դիմաց ազատ էր արձակվել:
Բելգիան պետք է 60 օրվա ընթացքում որոշում կայացնի՝ արդյոք արտահանձնու՞մ է Պուջդեմոնին և իր չորս գործընկերներին Իսպանիային:
Կատալոնիայի խորհրդարանը, հիշեցնենք, հոկտեմբերի 27-ին ընդունեց անկախության հռչակագիր՝ հիմնվելով հոկտեմբերի 1-ի հանրաքվեի արդյունքների վրա, որի մասնակիցների շուրջ 90 տոկոսը ձայն է տվել անկախության օգտին: Ի պատասխան՝ Իսպանիայի իշխանություններն ընդունեցին Կատալոնիան ուղիղ կառավարման տակ դնելու որոշում: