Մատչելիության հղումներ

Հայաստանի նախագահի նստավայրում տեղի է ունեցել Մոլդովայի նախագահի հրաժեշտի արարողությունը


«Ձեր այցը Հայաստան կհարստացնի մեր հարաբերությունների և համագործակցության օրակարգը քաղաքական, տնտեսական, հումանիտար բնագավառներում». նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել պաշտոնական այցով Հայաստան ժամանած Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնի հրաժեշտի պաշտոնական արարողությունը:

Ըստ նախագահի պաշտոնական կայքէջի, մինչ այդ տեղի ունեցած առանձնազրույցի ընթացքում երկու երկրների ղեկավարները բարձր են գնահատել այցի շրջանակներում կայացած բանակցությունների արդյունքները, որոնք, կողմերի համոզմամբ, նոր ազդակ կհաղորդեն հայ-մոլդովական բարեկամական հարաբերությունների զարգացմանն ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության խորացմանը:

«Ձեր այցը Հայաստան կհարստացնի մեր հարաբերությունների և համագործակցության օրակարգը քաղաքական, տնտեսական, հումանիտար բնագավառներում, որովհետև իրականում մենք դրա կարիքն ունենք, և այն բխում է մեր ժողովուրդների շահերից: Երեկ Դուք եղել եք Ազգային ժողովում, այսօր կհանդիպեք Հայաստանի վարչապետի հետ, այսինքն՝ հնարավորություն կա բոլոր հարցերի շուրջ բանակցություններ վարելու», - ասել է Սերժ Սարգսյանը՝ շարունակելով. - «Իհարկե, մենք շատ ընդհանուր բան ունենք և՛ երկկողմ հարաբերություններում, և՛ մեր ժողովուրդների ձգտումներում, ինչպես նաև մեր անձնական ձգտումներում, և համագործակցության միջոցով կհասնենք հաջողությունների: Կարծում եմ՝ մենք միայն այդպես պետք է առաջ շարժվենք»։

Մոլդովայի նախագահը և՛ս այցն արդյունավետ է գնահատել։ «Համոզված կարող եմ ասել՝ այցն արդյունավետ էր, ինչպես և սպասվում էր: Մենք երեկ, ըստ էության, անդրադարձանք մեր երկկողմ համագործակցության բոլոր հարցերին: Պայմանավորվեցինք, որ առաջիկայում կանցկացնենք միջկառավարական հանձնաժողովի նիստ: Հուսով եմ, որ դա տեղի կունենա հաջորդ տարվա առաջին կեսին՝ գործարարների համաժողովի հետ միասին: Մենք երեկ շատ արդյունավետ շփումներ ունեցանք խորհրդարանի ղեկավարության և պատգամավորների հետ: Պայմանավորվեցինք, որ նախաձեռնությամբ հանդես կգանք, և Հայաստանի խորհրդարանի այն պատգամավորներին, ովքեր պետք է աշխատեն միջխորհրդարանական բարեկամության խմբում, կհրավիրենք Մոլդովա: Հուսով եմ, որ դա տեղի կունենա առաջիկա ամիսներին: Մենք քննարկեցինք նաև մեր երկրների համագործակցությանն առնչվող այլ հարցեր», - ասել է Դոդոնը՝ շարունակելով. - «Պարո՛ն նախագահ, սպասում ենք Ձեզ Մոլդովայի Հանրապետությունում»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG