Մատչելիության հղումներ

Դոդոն․ Մոլդովային հետաքրքրում է ԵԱՏՄ անդամ Հայաստանի օրինակը


Մոլդովային նախագահ Իգոր Դոդոնը այսօր Երևանում հայտարարեց, որ Մոլդովային հատկապես հետաքրքրում է ԵԱՏՄ անդամ Հայաստանի օրինակը, որը մոտ ապագայում համաձայնագիր կստորագրի Եվրոպական միության հետ։

Երկօրյա պաշտոնական այցով Հայաստանում է Մոլդովայի Հանրապետության նախագահ Իգոր Դոդոնը:

Երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից 25 տարի անց Դոդոնն առաջին ու միակ մոլոդվացի նախագահն է, որը հյուրընկավում է Հայաստանում։ Սա մեծ պատիվ է համարում հենց ինքը՝ Մոլդովայի ղեկավարը։

Իր ռուսամետ կողմնորոշմամբ հայտնի Դոդոնը Երևանում հայտարարեց, որ Մոլդովային հատկապես հետաքրքրում է ԵԱՏՄ անդամ Հայաստանի օրինակը, որը մոտ ապագայում համաձայնագիր կստորագրի Եվրոպական միության հետ։

Եվրասկեպտիկ Իգոր Դոդոնն այս միտքը ընդգծել է և՛ նախագահ Սերժ Սարգսյանի հետ առանձնազրույցի, և՛ լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ շեշտելով, որ Եվրամիության հետ 2014-ին Ասոցացման համաձայնագիր ստորագրած Մոլդովան արդեն կամուրջներ է կառուցում ԵԱՏՄ-ի հետ։

«Իմ համոզվածությունն է, որ մեր երկրները՝ ոչ մեծ երկրները, դատապարտված են լավ հարաբերություններ ունենալ և՛ Արևմուտքի, և՛ Արևելքի հետ: Այս իմաստով Հայաստանը Մոլդովայի համար օրինակ է: Մեզ համար շատ հետաքրքիր է Հայաստանի՝ որպես Եվրասիական տնտեսական միության անդամի փորձը: Մոլդովայի Հանրապետության քաղաքացիների մեծամասնությունը ցանկանում են համագործակցել հենց Եվրասիական տնտեսական միության հետ: Եվ այս տարի մենք առաջին քայլերն ենք արել. ապրիլի սկզբին՝ ապրիլի 4-ին ես ստորագրել եմ ԵԱՏՄ-ի հետ համագործակցության մասին համաձայնագիրը, և մենք հայտ ենք ներկայացրել, որպեսզի ստանանք դիտորդի կարգավիճակ»:

Նախագահների հանդիպմանը անդրադարձ է կատարվել առևտրատնտեսական ոլորտում համագործակցության զարգացմանը: Նախագահ Սերժ Սարգսյանը համոզված է, որ պետք է ձևավորել միջկառավարական հանձնաժողով, որն առաջ կմղի երկկողմ տնտեսական օրակարգի հարցերի ողջ համալիրը։ Երկու երկրների ղեկավարն արդեն հստակ պայմանավորվածություն ունեն՝ ոչ ուշ, քան հաջորդ գարուն անցկացնել հանձնաժողովի առաջին նիստը։

«Չնայած այն փաստին, որ Հայաստանի և Մոլդովայի միջև 2017 թվականի առաջին ինն ամիսների առևտրաշրջանառությունը նախորդ ժամանակահատվածի համեմատ աճել է 33 տոկոսով, ընդ որում՝ հայկական արտադրանքի արտահանումը՝ 2.1 անգամ, մենք չենք կարող բավարարվել դրանով, և անհրաժեշտ է աջակցություն ցուցաբերել բիզնեսին, որպեսզի աճի այդ միտմանը հաղորդենք կայուն բնույթ», - հայտարարեց Սերժ Սարգսյանը:

Մոլդովայի նախագահի հետ հանդիպմանը չի անտեսվել նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը։ Սերժ Սարգսյանը ևս մեկ անգամ վերահաստատել է հարցի բացառապես խաղաղ կարգավորման վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը՝ հիմնված միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների վրա․ - «Ընդգծվել է նաև Վիեննայում, Սանկտ Պետերբուրգում և Ժնևում կայացած գագաթնաժողովներում ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացման կարևորությունը՝ ուղղված իրավիճակի սրացումը թույլ չտալուն, հրադադարի ռեժիմի պահպանմանը, հակամարտության գոտում լարվածության թուլացման ու բանակցային գործընթացի ակտիվացման նպատակով հավելյալ միջոցների ձեռնարկմանը»:

Մոլդովայի նախագահի այցը կշարունակվի վաղը․ նա կայցելի Մայր Աթոռ Սուրբ էջմիածին և Շախմատի ակադեմիա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG