Մատչելիության հղումներ

Ամփոփվում են ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները


Ընտրությունները Աչաջուրում, 5-ը նոյեմբերի, 2017թ․
Ընտրությունները Աչաջուրում, 5-ը նոյեմբերի, 2017թ․

Տավուշի մարզի Աչաջուր համայնքի ղեկավարի ընտրություններում, նախնական արդյունքներով, 340 ձայնի առավելությամբ հաղթեց գյուղում մթերային խանութի սեփականատեր, 39-ամյա հանրապետական Կարեն Ղալթախչյանը։

Անհատ ձեռներեցի հետ ընտրապայքարի մեջ էին գործող գյուղապետ Կամո Ղալթախչյանը, նախկին գյուղապետ Տաթև Գասպարյանը, ինչպես նաև համայնքի ավագանու դաշնակցական անդամ Սևադա Ղուկասյանը։

Տավուշի մարզի սահմանամերձ Բերդում, որին խոշորացման ծրագրով միավորվել է 16 գյուղական համայնք, հաղթել է Բերդի գործող քաղաքապետ Հարություն Մանուչարյանը։ Նա էլ ձայների առավելություն ունի իր երեք մրցակիցների՝ Արծվաբերդի անտառտնտեսության տնօրենի ու երկու գործող գյուղապետերի նկատմամբ։

Լոռու մարզի երեք քաղաքներում՝ Ալավերդիում, Տաշիրում և Ստեփանավանում, ինչպես նաև Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում ընտրություններն անցան մեկական թեկնածուով. իշխող Հանրապետական կուսակցության առաջադրած թեկնածուները մրցակիցներ չունեին և քաղաքապետ դարձան առանց ընտրապայքարի։

Սյունիքի մարզի Գորիս քաղաքում թեև Հանրապետականի կողմից աջակցություն ունեցող քաղաքապետը մրցակից ուներ, սակայն վերջինս քարոզչություն չէր իրականացնում, անգամ քվեարկության օրը քաղաքում չէր և քվեարկության չի գնացել։ Նա ստացել է ընդամենը 56 ձայն։

Լոռու Ախթալա խոշորացված համայնքում գործող քաղաքապետ, Հանրապետական կուսակցության կողմից առաջադրված Հայկազ Խաչիկյանին մոտ 200 ձայնով հաղթել է մեկ այլ հանրապետական թեկնածու՝ Ճոճկանի գործող գյուղապետ Արկադի Թամազյանը։

Մոտ 4 հազար ընտրող ունեցող խոշորացված Օձուն համայնքում ընդամենը 24 ձայնի տարբերությամբ հաղթել է Օձունի գործող գյուղապետ Արսեն Տիտանյանը։

Շնող համայնքում, որին միացել է հանքարդյունաբերության կենտրոն Թեղուտ գյուղը, հաղթել է Շնողի գործող, հանրապետական գյուղապետ Դավիթ Ղումաշյանը, ում աջակցում էր նաև «Թեղուտ» ընկերությունը։

Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքում, որտեղ 6 թեկնածուով թեժ պայքար էր ընթանում, Ալագյազի գործող գյուղապետ Ազիզ Մհոյանը 30 ձայնի տարբերությամբ պարտություն է կրել ԱԺ պատգամավոր Ռուստամ Մախմուդյանի հորից՝ մարզպետարանի աշխատակից Ջսամ Մախմուդովից։

Սրանք տեղական ինքնակառավարման մարմինների նոյեմբերի 5-ի ընտրությունների դեռևս նախնական արդյունքներն են։ Մինչև նոյեմբերի 7-ի կեսօր թեկնածուներն իրավունք ունեն բողոքարկելու քվեարկության արդյունքները։

Հիշեցնենք, երեկ ՏԻՄ ընտրություններ անցկացվեցին Հայաստանի 69 համայնքներում:

Մանրամասները տե՛ս այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG