Մատչելիության հղումներ

Ամփոփվում են ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները


Ընտրությունները Աչաջուրում, 5-ը նոյեմբերի, 2017թ․

Օձունի խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու, անկուսակցական Բարսեղ Այվազյանը միավորված 8 գյուղերում երեկ տեղի ունեցած քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու և վերահաշվարկի պահանջով դիմել է թիվ 25 ԸԸՀ։ Օձունի գործող գյուղապետ Արսեն Տիտանյանից ընդամենը 33 ձայնի տարբերությամբ պարտություն կրած թեկնածուն դժգոհ է արդյունքներից։

«Ընտրությունների ընթացքում ընդհանուր լարումներ չեն եղել, նորմալ ա եղել, ոչ մի խոչընդոտներ չի եղել։ Խախտումներ եղել ա, թեթև միջադեպ եղել ա, բայց դա կպարզվի վերահաշվարկից հետո»,- ասաց Բարսեղ Այվազյանը։ Նրա հիմնական մրցակիցը՝ Արսեն Տիտանյանը համաձայն չէ, թե տեղամասերում խախտումները հնարավոր էին։

«Չգիտեմ՝ ինչի մասին ա խոսքը, բայց եթե խնդիր լիներ, չեմ կարծում, որ հանձնաժողովի որևէ անդամ կստորագրեր, որովհետև մի հանձնաժողովը եղել ա ԲՀԿ-ից, մեկը «Ելք»-ից, մյուսը՝ Հանրապետական կուսակցությունից»,- ասաց Տիտանյանը։ Վերահաշվարկի պահանջով թեկնածուի դիմումը հանձնաժողովում կքննարկվի առաջիկա 4 օրերի ընթացքում։

Տավուշի մարզի Աչաջուր համայնքի ղեկավարի ընտրություններում, նախնական արդյունքներով, 340 ձայնի առավելությամբ հաղթեց գյուղում մթերային խանութի սեփականատեր, 39-ամյա հանրապետական Կարեն Ղալթախչյանը։

Անհատ ձեռներեցի հետ ընտրապայքարի մեջ էին գործող գյուղապետ Կամո Ղալթախչյանը, նախկին գյուղապետ Տաթև Գասպարյանը, ինչպես նաև համայնքի ավագանու դաշնակցական անդամ Սևադա Ղուկասյանը։

Ընտրությունների կազմակերպիչները նշում են, որ Աչաջրում վերջին տարիների համար աննախադեպ խաղաղ էին այս ընտրությունները։ Թիվ 37 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Գագիկ Աբովյանը «Ազատության» հետ զրույցում ասաց. - «Եզակի ընտրություններից ա, երբ չի խոսվում կաշառքի մասին, բիրտ ուժի, տենց, պարտադրելու, և այլ՝ նույն հանձնաժողովի նկատմամբ, ընտրողների նկատմամբ: Հենց դրանից ելնելով է, որ ես ասում եմ՝ էս ընտրությունը, իսկապես, ես կասեի՝ հոյակապ ընտրություն էր»:

«Ութ տարի առաջ ընտրությունը գերլարված բնույթ էր կրում: Անցած ընտրություններում կար լարվածություն՝ օդում էլ տենց շիկացած, տենց լարվածություն կար», - ընդգծեց Աբովյանը:

Նախընտրական շրջանում թեկնածուները ևս խոսում էին բարոյահոգեբանական խաթարված մթնոլորտի մասին, նշում, թե ընտրվելու դեպքում վերացնելու են լարվածությունը։

Ընտրված թեկնածու Կարեն Ղալթախչյանն «Ազատության» հետ զրույցում խոստացավ՝ հետընտրական թշնամանք գյուղում չի լինելու․ - «Ոչ մի դեպքում, տենց բան չի լինի, ամեն ինչ նորմալ կդասավորվի, ամեն ինչ իրա հունով կգնա»: Հարցին, թե չի՞ վախենում արդյոք չընտրվողների կողմից հաշվեհարդարից, նա արձագանքեց․ - «Ի՞նչ հաշվեհարդարի մասին ա խոսքը, ինչի՞ համար: Տենց բան չի լինի»:

Ընտրություններից հետո գյուղում հրավառություններ ու տոնակատարություններ չեղան։ Քվեարկության օրը մահացել էր գործող գյուղապետ, գյուղապետի թեկնածու Կամո Ղալթախչյանի տարեց մայրը։ Ընտրված թեկնածու Կարեն Ղալթախչյանն ասաց՝ հարգելու են մրցակցի վիշտը։

Իսկ Տավուշի մարզի սահմանամերձ Բերդում, որին խոշորացման ծրագրով միավորվել է 16 գյուղական համայնք, հաղթել է Բերդի գործող քաղաքապետ Հարություն Մանուչարյանը։ Նա էլ ձայների առավելություն ունի իր երեք մրցակիցների՝ Արծվաբերդի անտառտնտեսության տնօրենի ու երկու գործող գյուղապետերի նկատմամբ։

Լոռու մարզի երեք քաղաքներում՝ Ալավերդիում, Տաշիրում և Ստեփանավանում, ինչպես նաև Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում ընտրություններն անցան մեկական թեկնածուով. իշխող Հանրապետական կուսակցության առաջադրած թեկնածուները մրցակիցներ չունեին և քաղաքապետ դարձան առանց ընտրապայքարի։

Սյունիքի մարզի Գորիս քաղաքում թեև Հանրապետականի կողմից աջակցություն ունեցող քաղաքապետը մրցակից ուներ, սակայն վերջինս քարոզչություն չէր իրականացնում, անգամ քվեարկության օրը քաղաքում չէր և քվեարկության չի գնացել։ Նա ստացել է ընդամենը 56 ձայն։

Լոռու Ախթալա խոշորացված համայնքում գործող քաղաքապետ, Հանրապետական կուսակցության կողմից առաջադրված Հայկազ Խաչիկյանին մոտ 200 ձայնով հաղթել է մեկ այլ հանրապետական թեկնածու՝ Ճոճկանի գործող գյուղապետ Արկադի Թամազյանը։

Մոտ 4 հազար ընտրող ունեցող խոշորացված Օձուն համայնքում ընդամենը 24 ձայնի տարբերությամբ հաղթել է Օձունի գործող գյուղապետ Արսեն Տիտանյանը։

Շնող համայնքում, որին միացել է հանքարդյունաբերության կենտրոն Թեղուտ գյուղը, հաղթել է Շնողի գործող, հանրապետական գյուղապետ Դավիթ Ղումաշյանը, ում աջակցում էր նաև «Թեղուտ» ընկերությունը։

Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքում, որտեղ 6 թեկնածուով թեժ պայքար էր ընթանում, Ալագյազի գործող գյուղապետ Ազիզ Մհոյանը 30 ձայնի տարբերությամբ պարտություն է կրել ԱԺ պատգամավոր Ռուստամ Մախմուդյանի հորից՝ մարզպետարանի աշխատակից Ջսամ Մախմուդովից։

Սրանք տեղական ինքնակառավարման մարմինների նոյեմբերի 5-ի ընտրությունների դեռևս նախնական արդյունքներն են։ Մինչև նոյեմբերի 7-ի կեսօր թեկնածուներն իրավունք ունեն բողոքարկելու քվեարկության արդյունքները։

Հիշեցնենք, երեկ ՏԻՄ ընտրություններ անցկացվեցին Հայաստանի 69 համայնքներում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG