Մատչելիության հղումներ

Գորիսում համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններին մասնակցում էին երկու թեկնածու՝ հանրապետական Առուշ Առուշանյանը և անկուսակցական Սամվել Հարությունյանը: Հարությունյանը, թեև բազմիցս տարբեր ասուլիսներում ընդգծել էր, որ թեժ ընտրապայքար է սպասվելու, սակայն թեկնածուն այսօր ընտրություններին չի մասնակցել: «Ազատության» հետ զրույցում նշեց, որ իր կնոջ հետ միասին Երևանում է:

Հարությունյանին վրդովվեցրել է Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի՝ օրերս լրատվամիջոցներին տված հարցազրույցը:

«Ես և կինս չենք մասնակցելու ընտրություններ կոչված խեղկատակությանը, որովհետև մարզպետը մի օր առաջ հայտարարել էր, որ հավանական է, որ ես երկու ձայն կունենամ: Որպեսզի էդ հաճույքը չկարողանան վայելել, անշուշտ նրանք կարող են գրել ցանկացած թիվ, դրա համար մենք չենք գնալու, որպեսզի դա էլ չկարողանան վայելել: Թող գրեն զրո: Որ ինչպես Նժդեհին մենակ թողեցին 20 թվականին, հուլիսին, թող գրեն զրո, ի՞նչ ա եղել», - ասաց Սամվել Հարությունյանը:

«Ազատության» հարցին, թե ինչու նախընտրական շրջանում Հարությունյանը տեղեկատվական նյութեր, նախընտրական ծրագիր չի հրատարակել, գորիսեցիների հետ հանդիպումներ և քարոզչություն չի իրականացրել, Հարությունյանը պատասխանել է․ - «Ամենաակտիվ քարոզչությունը Հայաստանի մասշտաբով ես եմ անցկացրել: Ես էլ ունեմ իմ ոճը, իմ ձևը: Հիմա համացանց կա, քանիցս ասուլիսներ եմ տվել, ելույթներ եմ ունեցել»:

Հանրապետական Առուշ Առուշանյանը, մինչդեռ կատարել է քաղաքացիական պարտքը: Թեկնածուն ընտրատեղամաս էր եկել Արա Բուդաղյանի հետ, ով քաղաքապետի նախկին թեկնածու Ավետիք Բուդաղյանի եղբայրն է: Հիշեցնենք, որ Ավետիք Բուդաղյանը սպանվեց նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած հայտնի միջադեպի ժամանակ:

«Ազատության» հետ զրույցում Առուշանյանն ընդգծեց, որ քվեարկել է հանուն Գորիսի ապագայի, իսկ իր հասցեին մամուլում պարբերաբար հնչեցվող Հարությունյանի մեղադրանքները անլուրջ որակեց:

«Քվեարկել եմ հանուն այն ապագայի, որ յուրաքանչյուր գորիսեցի է ցանկանում ունենալ։ Իմ շանսերը գնահատում եմ անհամեմատ բարձր», - ասաց Առուշանյանը:

Սամվել Հարությունյանը 18 ընտրատեղամասերից և ոչ մեկում վստահված անձ չի ունեցել:

Ընտրությունների ընթացքին շատ քիչ թվով դիտորդներ և ԶԼՄ-ներ են հետևել:

«Ելք» դաշինքի մամուլի խոսնակ Անի Սամսոնյանը, ով թիվ 34/42 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահն էր, նշեց, որ ընտրությունները մրցակցային չեն:

«Ես մինչև ընտրությունները այստեղի մի քանի հարցում արեցի, բնակիչների հետ խոսեցի: Նրանք բավականին ոգևորված են իրենց գործող քաղաքապետով: Ասում են, որ երիտասարդ է, նոր ուժ է փոփոխություններ է հասցրել անել Գորիսում: Իմ կարծիքով ընտրությունները մրցակցային չեն, որովհետև երկու գործող թեկնածուները ակտիվ չեն մրցում, բացակայում է ընդդիմադիր դաշտը, որը պայմանավորված է նրանով, որ պասիվություն ցուցաբերեց այս ընտրությունների նկատմամբ», - ասաց Անի Սամսոնյանը:

Ընտրությունների մասնակցող գորիսեցիները նշեցին, որ նախկին մարզպետ Սուրիկ խաչատրյանից հետո առավել ազատ են: Ընդգծում են՝ վախի մթնոլորտ այլևս չկա, և ընտրությունների արդյունքներից լուրջ ակնկալիքներ ունեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG