Մատչելիության հղումներ

Հնդկաստանը դարձել է համաշխարհային սննդարդյունաբերության շուկայի ճանաչված առաջատարներից. Սերժ Սարգսյան


Բարեփոխումների և հետևողական աշխատանքի շնորհիվ Հնդկաստանն այժմ ոչ միայն ապահովում է իր պարենային ինքնաբավությունը, այլև դարձել է համաշխարհային սննդարդյունաբերության շուկայի ճանաչված առաջատարներից՝ լինելով գյուղատնտեսական մի շարք ապրանքների մասով աշխարհի հիմնական արտադրող և արտահանող։ Այդ մասին հայտարարել է նախագահ Սերժ Սարգսյանը այսօր Նյու Դելիում՝ «Համաշխարհային պարեն. Հնդկաստան-2017» համաժողովի ժամանակ։

Ըստ Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջի, Սերժ Սարգսյանը նշել է, որ գյուղատնտեսական մթերքների վերամշակումը և պարենային ապրանքների արտահանումը կարևոր նշանակություն ունեն նաև Հայաստանի տնտեսության զարգացման համար։

«Հայ արտադրողներն ավանդական փորձի և ժամանակակից տեխնոլոգիաների համատեղման արդյունքում մրգերի և բանջարեղենի վերամշակման գործում կուտակել են մեծ դրական փորձ, որի արդյունքում արտաքին շուկաներում հայկական սննդարդյունաբերական արտադրանքի հանդեպ պահանջարկն անշեղորեն աճում է։ Մեր գործարարներն առաջին քայլերն են ձեռնարկում դրանք նաև հնդկական շուկայում ներկայացնելու ուղղությամբ», - ասել է նախագահը՝ շարունակելով. - «Հեռանկարային ենք համարում նաև սննդի արդյունաբերության ոլորտում Հնդկաստանի գործարարներին հայկական որոշ ապրանքատեսակների արտադրության փորձի փոխանցման շուրջ համագործակցությունը, ինչը հնարավորություն կտա ոչ միայն մեծացնել մրգերի և բանջարեղենի վերամշակման արդյունավետությունը և նոր շուկաներում ներկայացվածությունը, այլև ստեղծել նոր արտադրություններ, ձևավորել նոր աշխատատեղեր»։

Տնտեսական համագործակցության ակտիվացման համար Սերժ Սարգսյանը նպաստավոր է համարել հայ-հնդկական համագործակցության ծավալումը նաև բազմակողմ ձևաչափով` հաշվի առնելով, որ Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ երկիր է, ինչպես նաև Եվրոպական միության հետ ունի արտոնյալ առևտրային ռեժիմ:

Նախագահը նշել է, որ Հայաստանում ձեռնարկատիրական գործունեություն ծավալող գործարարները հնարավորություն ունեն օգտվելու այն բարենպաստ պայմաններից, որոնք առաջարկում է Հայաստանը:

«Մենք ապրում ենք այնպիսի ժամանակաշրջանում, երբ բազմաթիվ խնդիրներ պահանջում են համատեղ և համապարփակ լուծումներ: Այդպիսի խնդիրներից է օրինակ՝ պարենային ապահովությունը: Հայաստանը 2015թ. սեպտեմբերին կայացած՝ ՄԱԿ-ի Կայուն զարգացման գագաթնաժողովում ընդունել է Կայուն զարգացման հռչակագիրը և օրակարգը, որտեղ 17 նպատակներից մեկը պարենային ապահովությունն է, ինչպես նաև գյուղատնտեսության կայուն զարգացման խթանումը», - ասել է նախագահը:

Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը հետևողականորեն աշխատում է այս նպատակներին հասնելու համար, և թե՛ ներքին քաղաքականության իրականացման, թե՛ ճկուն արտաքին տնտեսական քաղաքականության շնորհիվ Հայաստանը շարունակ հաջողություններ է գրանցում դրանց հասնելու ուղղությամբ:

Նախագահը Հնդկաստանում է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հրավերով։ Նա Նյու Դելիում մասնակցել է «Համաշխարհային պարեն. Հնդկաստան-2017» համաժողովի լիագումար նիստին և նույն խորագրով միջազգային սննդարդյունաբերության ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը, որին ներկա են ավելի քան 20 երկրից մոտ 2000 մասնակից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG