Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը չի ընդունում այն տեսակետը, թե Պաշտպանության նախարարությունը, արձագանքելով նախկին նախարար Սեյրան Օհանյանի կնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի ֆեյսբուքյան էջում արված գրառումներին, հայտնվել է ծիծաղելի իրավիճակում։
Նշենք, որ այսօր «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդման ժամանակ օգտատերերից մեկը գրել էր՝ «Ռուզաննա Խաչատրյանն իր ֆեյսբուքյան էջում ինչ-որ ակնարկներ արեց բանակից խուսափած պաշտոնյաներից մեկի մասին, որից մեկ օր անց Դուք՝ պաշտպանության նախարարի խոսնակի մակարդակով հայտարարեցիք, որ Ռուզաննա Խաչատրյանը զրպարտում է Վիգեն Սարգսյանին։ Ինչի՞ց ենթադրեցիք, որ Ռուզաննա Խաչատրյանը հենց Վիգեն Սարգսյանին նկատի ուներ, եթե նա որևէ անուն չէր նշել, արդյո՞ք նախարարությունը նմանատիպ անտեղի պարզաբանումներով ու մեղադրանքներով իրեն ծիծաղելի վիճակի մեջ չի դնում և անուղղակի ապացուցում, որ Ռուզաննա Խաչատրյանի ակնարկած անձնավորությունը հենց Վիգեն Սարգսյանն է»։
Հովհաննիսյան. - Ես ի սկզբանե չէի ուզում որևէ արձագանք տալ, ուղղակի լրատվամիջոցները և ոչ միայն լրատվամիջոցները, չափազանց շատ հետաքրքրություն դրսևորեցին՝ սլաքներն ուղիղ ուղղելով պաշտպանության նախարարին, դրա համար ես ստիպված եղա կոնկրետ լրատվամիջոցներին պատասխանել, և իմ պատասխանի նախաբանում, եթե ուշադիր հետևել եք, գրել եմ՝ «հարգելի՛ գործընկերներ, ձեր հարցերի վերաբերյալ տալիս եմ այս մեկնաբանությունը»:
«Ազատություն». - Նախարարությունը դրանով չհայտնվե՞ց ծիծաղելի իրավիճակում, որովհետև Խաչատրյանն անուն չէր նշել։
Հովհաննիսյան. - Չեմ կարծում, մեկնաբանության խնդիր է՝ նայած ով ինչպես կմեկնաբանի:
«Ազատություն». - Չեք ընդունում, որ Դուք սխալ ստատուս գրեցիք։
Հովհաննիսյան. - Չէ, իհարկե ոչ։
Հիշեցնենք, օրերս Սեյրան Օհանյանի կինն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել էր վերջին օրերին խորհրդարանում քննարկվող՝ զորակոչին առնչվող հարցերին, մասնավորապես, գրելով․ - «Որոշում եմ ծանոթանալ նորություններին: Եվ հանկարծ աչքիս զարնում է մի բարձրաստիճան պաշտոնյա, որն ինքնագոհ, մատը թափ տալով, ճառում է զինվորական ծառայության, զորակոչի, հավասարության և պետության համար կարևորագույն այլ հարցերի մասին:
...Ակամա հիշողություններս ինձ մոտ 18 տարի հետ են տանում. ես աշխատում էի «Էրեբունի» բժշկական կենտրոնի ֆրանսիական ատամնաբուժարանում և բժշկել եմ այդ մարդուն, անձամբ ճանաչում եմ մոտ 25 տարի: Հիշում եմ՝ ինչպես էր այն ժամանակ խուսափում բանակից, հիշում եմ՝ ինչպես էր ռազմական ոստիկանությունը փնտրում իրեն. հայրը դիմել էր նրա ընկերուհուն, որը զինվորական բարձրաստիճան պաշտոնյայի խորհրդական էր, որպեսզի վերջինս ոստիկանական հետապնդումից ազատի որդուն: Այդ ժամանակ ես բուժում էի նաև այդ աղջկա ատամները և հիշում եմ՝ ինչպես հոգատար ընկերուհին, եթե չեմ սխալվում, այն ժամանակ պաշտպանության փոխնախարար Շիրխանյանի օգնությամբ փրկեց նրան պատժից... Եվ այսօր նա՝ իբրև մեծ «փիլիսոփա», իբրև մեծ «ուսուցիչ», մատը տարբեր ամբիոններից թափահարելով, փորձում է դաստիարակչական խորհուրդներ և խրատներ տալ մատաղ սերնդին»:
Երեկ Ռուզաննա Խաչատրյանի այս գրառմանն անդրադարձավ Արծրուն Հովհաննիսյանը՝ նրան հիշեցնելով Քրեական օրենսգրքի սուտ մատնությանը վերաբերող հոդվածը։
«Ինձ Սեյրան Օհանյանը նախարարություն չի բերել»
«Ազատություն». - Օգտատերերը նաև գրում են՝ «արդյո՞ք Դուք ձեզ վատ չեք զգում, երբ այսօր նախկին նախարարի կնոջը հիշեցնում եք սուտ մատնության մասին»՝ նշելով, որ «Սեյրան Օհանյանն է Ձեզ բերել նախարարություն։
Հովհաննիսյան. - Ինձ նախարարություն չի բերել Սեյրան Օհանյանը, ես նախարարությունում եմ եղել, նշանակելը՝ մամուլի քարտուղար, դրանք տարբեր բաներ են։ Ես այն ժամանակ էլ, հիմա էլ շարունակում եմ ծառայել Հայաստանի Հանրապետությանը, և եթե օրենքով սահմանված պարզաբանման կարիք կա, որտեղ պետք է հիշեցվի ինչ-որ օրենքի կետ, ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա շարունակելու եմ ներկայացնել։ Ցավոք, հարց տվողները, վստահ եմ, ձերբազատված չեն թայֆայական մտածողությունից՝ իմ, քո, անձնական սեփականություն, սրա մարդ, նրա մարդ։ Ես այն ժամանակ էլ եմ եղել զինվորական, հիմա էլ եմ շարունակում մնալ զինվորական և ծառայել հայրենիքիս՝ ի դեմս պաշտպանության նախարարության կազմում։
Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ: