Մատչելիության հղումներ

ՊՆ-ն Սեյրան Օհանյանի տիկնոջը հիշեցնում է սուտ մատնության հոդվածի մասին


Ռուզաննա Խաչատրյան, լուսանկարը՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի

Պաշտպանության նախկին նախարարի կնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառումը բուռն քննարկումնների առարկա է դարձել:

Ընդդիմադիր «Ելք» խմբակցությունը պահանջում է, որ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի տիկնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի ֆեյսբուքյան աղմկահարույց գրառումից հետո պաշտպանության նախարար Վիգենը Սարգսյանը պարզաբանի՝ նա ի՞նչ պատճառով 1992 թվականին չի ծառայել բանակում:

Անցած շաբաթ օրը Սեյրան Օհանյանի կինն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել էր վերջին օրերին խորհրդարանում քննարկվող՝ զորակոչին առնչվող հարցերին, մասնավորապես, գրելով․ «Որոշում եմ ծանոթանալ նորություններին: Եվ հանկարծ աչքիս զարնում է մի բարձրաստիճան պաշտոնյա, որն ինքնագոհ, մատը թափ տալով, ճառում է զինվորական ծառայության, զորակոչի, հավասարության և պետության համար կարևորագույն այլ հարցերի մասին:

...Ակամա հիշողություններս ինձ մոտ 18 տարի հետ են տանում. ես աշխատում էի «Էրեբունի» բժշկական կենտրոնի ֆրանսիական ատամնաբուժարանում և բժշկել եմ այդ մարդուն, անձամբ ճանաչում եմ մոտ 25 տարի: Հիշում եմ՝ ինչպես էր այն ժամանակ խուսափում բանակից, հիշում եմ՝ ինչպես էր ռազմական ոստիկանությունը փնտրում իրեն. հայրը դիմել էր նրա ընկերուհուն, որը զինվորական բարձրաստիճան պաշտոնյայի խորհրդական էր, որպեսզի վերջինս ոստիկանական հետապնդումից ազատի որդուն: Այդ ժամանակ ես բուժում էի նաև այդ աղջկա ատամները և հիշում եմ՝ ինչպես հոգատար ընկերուհին, եթե չեմ սխալվում, այն ժամանակ պաշտպանության փոխնախարար Շիրխանյանի օգնությամբ փրկեց նրան պատժից... Եվ այսօր նա՝ իբրև մեծ «փիլիսոփա», իբրև մեծ «ուսուցիչ», մատը տարբեր ամբիոններից թափահարելով, փորձում է դաստիարակչական խորհուրդներ և խրատներ տալ մատաղ սերնդին»:

Անդրադառնալով Ռուզաննա Խաչատրյանի այս գրառմանը, «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ շեշտեց՝ տպավորություն կա, որ Սեյրան Օհանյանի կինը խոսում է պաշտպանության ներկայիս նախարար Վիգեն Սարգսյանի մասին: Նկատենք՝ Վիգեն Սարգսյանի կենսագրականում նշված է, որ զորակոչային տարիքում՝ 1992-1996 թվականներին նա ուսանել է Սանկտ Պետերբուրգի՝ Ռուսաստանի նախագահին առընթեր քաղաքացիական ծառայության հյուսիսարևմտյան ակադեմիայում:

«Վերջին օրերին սոցիալական ցանցերում պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի տիկնոջ արած գրառումից հետո բարձրացած աղմուկը պետք է պատշաճ պատասխաններ ստանա, որովհետև լայնորեն տպավորություն կա, որ տիկին Խաչատրյանը խոսում էր պաշտպանության գործող նախարար Վիգեն Սարգսյանի մասին: Անկախ ամեն ինչից՝ կարծում եմ, որ ճիշտ կլինի, որ այս իրավիճակում պաշտպանության նախարարը շատ հստակ պարզաբանումներ տա 1992 թվականին իր բանակ չզորակոչվելու պատճառների մասին: Ճիշտ կլինի, որ այդ պատճառները լինեն ոչ թե բանավոր, այլ փաստաթղթային, որից հետո պարզ կդառնա, կիմանանք՝ իրոք՞ Վիգեն Սարգսյանի մասին էր խոսում տիկին Խաչատրյանը, թե ուրիշ մարդու մասին, որ շարունակենք փնտրել»,- այսօր ասաց Նիկոլ Փաշինյանը:

Հատկանշական է, որ այսօր պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի տիկնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի այս գրառմանն է անդրադարձել պաշտպանության ներկայիս նախարար Վիգեն Սարգսյանի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, ըստ էության, նրան հիշեցնելով Քրեական օրենսգրքի սուտ մատնությանը վերաբերող հոդվածը։ Վիգեն Սարգսյանի մամուլի խոսնակը ֆեսյբուքայն իր էջում հետևյալն գրառումն է արել․

«Հարգելի գործընկերներ, Ռուզաննա Խաչատրյանի գրառման վերաբերյալ ձեր կողմից ուղարկվող հարցումների հասցեատերն այդ գրառման հեղինակն է: Այդպիսին է նաև քաղաքացիական օրենսգրքի «զրպարտություն» և «վիրավորանք», ինչպես նաև Հայաստանի Քրեական օրենսգրքի «սուտ մատնություն» հոդվածների տրամաբանությունը: Անկախ այդ պարզաբանումներից, պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հայտարարում է.

1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը երբևէ չի խուսափել զինվորական ծառայությունից: 18 տարեկանից ի վեր չի եղել զինկոմիսարիատի մեկ ծանուցում, որով նախատեսված օրն ու ժամին չներկայանա առաջին իսկ կանչով: Չի եղել մի զորակոչ, որի ժամանակ զորակոչի ենթակա լինելով՝ խուսափեր այդ պարտավորությունից: Պաշտպանության նախարարը երբևէ չի ունեցել և չունի որևէ առողջական սահմանափակում, զորակոչի տարկետման կամ ազատման առողջական որևէ հիմք:

2. Նախարար Սարգսյանը երբևէ չի եղել հետախուզման մեջ, նրա նկատմամբ ռազմական ոստիկանության կամ իրավապահ որևէ այլ մարմնի կողմից չի իրականացվել որևէ գործողություն, նախաքննական, հետախուզական, քննչական որևէ ընթացակարգ:

3. Հայաստանի օրենսդրությամբ սահմանված կարգով Վիգեն Սարգսյանը կատարել է հայրենիքի պաշտպանության իր սահմանադրական պարտքը` ծառայելով Հայաստանի Զինված ուժերում որպես սպա: Զորացրվել է պահեստազոր՝ ավագ լեյտենանտ զինվորական կոչումով»:

Ի դեպ նշենք՝ Վիգեն Սարգսյանի կենսագրականում նշված է, որ նա ծառայել է զինված ուժերում 2000– 2003 թվականներին, այսինքն՝ երբ արդեն 25 տարեկան էր: Ընդդիմադիր «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն այսօր այդ հարցին անդրադառնալով, շեշտեց՝ հանրությունը պետք է իմանա, որ պաշտպանության ներկայիս նախարարը, ով ամբողջ կյանքն անցկացրել է կաբինետներում, փորձում է կասկածի տակ դնել կամավորականի, տվյալ դեպքում՝ իրենց խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանի ստացած պատվոգիրը։ Նիկոլ Փաշինյանը Վիգեն Սարգսյանի այդ վարքագիծը որակեց «ծայրահեղ անպատշաճ»:

«Վիգեն Սարգսյանի պաշտոնական կենսագրության մեջ արված այն գրառումը, թե 2000-2003 թվականներին ծառայել է Հայաստանի զինված ուժերում, պետք է պարզաբանվի, որպեսզի Հայաստանի հանրությունը, քաղաքացիներն իմանան, որ իրականում Վիգեն Սարգսյանն իր ծառայությունն անցկացրել է Սերժ Սարգսյանի ընդունարանում (որն այդ ժամանակ եղել է պաշտպանության նախարար), որպես պաշտպանության նախարարի ռեֆերենտ: Եվ այս առումով ես կարծում եմ, որ ծայրահեղ անպատշաճ վարքագիծ է, երբ որ ողջ կյանքը կաբինետներում անցկացրած պաշտպանության նախարարը կամավորական ծառայության մեկնած կամավորականի պատվոգիրը փորձում է կասկածի տակ դնել կամ ինչ-որ այլ լույսի ներքո ներկայացնել»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Հավելենք, որ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանից և նրա տիկնոջից՝ Ռուզաննա Խաչատրյանից մեկնաբանություններ ստանալ չհաջողվեց:

Իսկ Հանրապետական խմբակցության անդամներից ԱԺ նախկին փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը «Ազատության» հետ զրույցում ասաց․ - «Մինչ օրս գործող օրենքները թույլ են տվել, որ որոշակի մարդիկ այս կամ այն պատճառներով բանակից ազատված լինեն: Խոսքը օրինազանցության մասին չի: Խոսքը նրա մասին է, որ մարդիկ կրթություն են ստացել, գիտական աշխատանքով են զբաղվել․․․ Ես տեղեկություն չունեմ օրենքի խախտման մասին: Համենայն դեպս, եթե խոսքը Վիգեն Սարգսյանի մասին է, որքանով որ ես ճանաչում եմ նրան և ծանոթ եմ նրա կենսագրությանը, ես չեմ տեսել և չեմ լսել, որ օրենքի խախտման ինչ-որ օրինակ ունենա, ընդ որում՝ ոչ միայն բանակում ծառայության հետ կապված»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG