Մատչելիության հղումներ

Վիգեն Սարգսյան-Ռուզաննա Խաչատրյան խաղը շարունակվելու է. քաղաքագետ


Վիգեն Սարգսյան-Ռուզաննա Խաչատրյան խաղը շարունակվելու է, այսպես չի ավարտվելու, այսօր «Ազատության» հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը։

Հիշեցնենք, օրերս Սեյրան Օհանյանի կինն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել էր վերջին օրերին խորհրդարանում քննարկվող՝ զորակոչին առնչվող հարցերին, մասնավորապես, գրելով․ «Որոշում եմ ծանոթանալ նորություններին: Եվ հանկարծ աչքիս զարնում է մի բարձրաստիճան պաշտոնյա, որն ինքնագոհ, մատը թափ տալով, ճառում է զինվորական ծառայության, զորակոչի, հավասարության և պետության համար կարևորագույն այլ հարցերի մասին:

...Ակամա հիշողություններս ինձ մոտ 18 տարի հետ են տանում. ես աշխատում էի «Էրեբունի» բժշկական կենտրոնի ֆրանսիական ատամնաբուժարանում և բժշկել եմ այդ մարդուն, անձամբ ճանաչում եմ մոտ 25 տարի: Հիշում եմ՝ ինչպես էր այն ժամանակ խուսափում բանակից, հիշում եմ՝ ինչպես էր ռազմական ոստիկանությունը փնտրում իրեն. հայրը դիմել էր նրա ընկերուհուն, որը զինվորական բարձրաստիճան պաշտոնյայի խորհրդական էր, որպեսզի վերջինս ոստիկանական հետապնդումից ազատի որդուն: Այդ ժամանակ ես բուժում էի նաև այդ աղջկա ատամները և հիշում եմ՝ ինչպես հոգատար ընկերուհին, եթե չեմ սխալվում, այն ժամանակ պաշտպանության փոխնախարար Շիրխանյանի օգնությամբ փրկեց նրան պատժից... Եվ այսօր նա՝ իբրև մեծ «փիլիսոփա», իբրև մեծ «ուսուցիչ», մատը տարբեր ամբիոններից թափահարելով, փորձում է դաստիարակչական խորհուրդներ և խրատներ տալ մատաղ սերնդին»:

Երեկ Ռուզաննա Խաչատրյանի այս գրառմանն անդրադարձավ պաշտպանության ներկայիս նախարար Վիգեն Սարգսյանի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ նրան հիշեցնելով Քրեական օրենսգրքի սուտ մատնությանը վերաբերող հոդվածը։

Հարցին, թե Ռուզաննա Խաչատրյանի կողմից Վիգեն Սարգսյանին թիրախավորելն առնչություն ունի՞ շրջանառվող այն տեսակետի հետ, թե 2018-ին վարչապետ Կարեն Կարապետյանը հեռանալու է, և նրան փոխարինողների անունների ցանկում մասնավորապես նշվում է Վիգեն Սարգսյանի անունը, քաղաքագետը պատասխանեց. - «Ճակատամարտը տանուլ է տրված՝ խորհրդարանական ընտրություններն արդեն կանխորոշեցին, որ խաղը և գործընթացները ծավալվելու են Հանրապետական կուսակցության դաշտում։ Ես կարծում եմ, որ Վիգեն Սարգսյանի անունը ընդամենը մեկ բանի համար է շրջանառության մեջ դրված՝ ուղղակի այս պահին արհեստական պրոցես է գեներացվում՝ տպավորություն ստեղծելով, թե Կարեն Կարապետյանի իրական մրցակիցը Վիգեն Սարգսյանն է, բայց ես կարծում եմ, որ Կարեն Կարապետյանի և Վիգեն Սարգսյանի մասին չէ խոսքը, ես շարունակում եմ պնդել, որ այս ամենը կավարտվի նրանով, որ վերջում կասեն, որ երկու կողմերն էլ փաստացի ի վիճակի չեն, կամ շատ քննադատված են, հետևաբար` Սերժ Սարգսյանն այլընտրանք չուներ։ Այսինքն՝ կարծում եմ, որ ներկայացումը կավարտվի այդպես և կիջնի վարագույրը»։

Ճշտող հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ է Ռուզաննա Խաչատրյանը նշանառության տակ վերցրել Վիգեն Սարգսյանին, քաղաքագետը պատասխանեց. - «Ես չեմ հերքում, որ Ռուզաննա Խաչատրյանի կողմից Վիգեն Սարգսյանի թիրախավորումը կապ ունի 2018 թվականին Վիգեն Սարգսյանի անվան շրջանառության հետ որպես վարչապետի հնարավոր թեկնածու, ես պարզապես ասում եմ՝ ինչպես կավարտվի խաղը, որովհետև այս կերպ նաև Վիգեն Սարգսյանը կթուլացվի, և սա թերևս նախագահականի հաշվարկների մեջ է մտնում, որովհետև ի վերջո միայն Սերժ Սարգսյանը գիտի, թե ինչ է ուզում, և գիտի, որ վերջում ինքն է լինելու»։

Քաղաքագետի համոզմամբ, Օհանյանի կնոջ քաղաքական հաշվարկը՝ Վիգեն Սարգսյանին թուլացնելու առումով, բավականին լավ է հաշվարկված։

«Բայց ես կասեի, որ ոչ պրոֆեսիոնալ բանավեճ է, այնտեղ իրականում բանավեճ չկար, այնտեղ կային միջանձնային բանավեճեր», - ասաց Ստեփան Սաֆարյանը՝ նշելով. - «Վիգեն Սարգսյան-Ռուզաննա Խաչատրյան խաղը շարունակվելու է, վերջին գրառումը բավականին հնարամիտ էր, իրականում ծուղակներով»։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG