Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի Շամլուղի հանքում աշխատակիցներից մեկի մահվան դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Հոկտեմբերի 23-ին, նախնական տվյալներով, ստորգետնյա հանքավայրում տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով ընկերության հորատանցող 38-ամյա Վրեժ Սահակյանը մնացել է հանքաքարի տակ ու տեղում մահացել:
Քննչական կոմիտեից «Ազատությանը» հայտնեցին, որ գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 230-րդ հոդվածի երկրորդ մասով՝ լեռնահանքային աշխատանքների ընթացքում անվտանգության կանոնները խախտելու հատկանիշներով։ Այս դեպքով մեղավորները կարող են պատժվել ազատազրկմամբ` առավելագույնը տասը տարի ժամկետով։
Լեռնահարստացուցիչ կոմբինատի տեխնիկական անվտանգության պայմանները բարելավելու հարցը աշխատակիցները բարձրացրել էին դեռ 2015 թվականին կազմակերպված գործադուլի ժամանակ: Ախթալեցի Սասուն Վարդումյանը, ով տասը տարի աշխատել է կոմբինատում, «Ազատության» հետ զրույցում պատմեց․ - «Դրանից երեք թե երկու օր հետո 13 հոգու՝ այն մի քիչ ակտիվ երիտասարդներին, որոնք խոսացել էին, որոնք բողոքել էին, աշխատանքից ազատեցին»:
Գործադուլավորները կոմբինատի տնօրինությանը երեք կետից բաղկացած պահանջներ էին ներկայացրել։ Առաջին կետում հանքավայրի տեխնիկական անվտանգության կանոնների հարցն էին նշել։ Դրանից հետո աշխատանքային պայմանները որոշ չափով բարելավվել են, մասնավորապես՝ փոշեհեռացման համակարգ է տեղադրվել, սակայն երեք-չորս կիլոմետր խորության ստորգետնյա հանքավայրում անվտանգության կանոններից մարդիկ դեռ դժգոհում են։
Սասուն Վարդումյանը, ինչպես նաև հանքավայրի շատ աշխատակիցներ, իր ընկերոջ մահից հետո հրաժարվեց այդ մասին որևէ բան ասել․ - «Ներկայիս աշխատողները բոլորը Վրեժի ընկերներն էին, և էս պահի դրությամբ բոլորը շոկի մեջ են, դեռ չգիտեն՝ ինչ է կատարվել, ինչպես կարելի է արտահայտվել կամ խոսել, մարդիկ չեն կարողանում խոսել: Ես նույնպես չեմ կարողանում ոչինչ խոսել, որովհետև շոկի մեջ եմ»:
Վարդումյանը պատմում է, որ կոմբինատում գործադուլներից հետո իր նախաձեռնությամբ արհմիություն ստեղծվեց, սակայն արդարադատության նախարարությունում գրանցված այդ կառույցը այդպես էլ չգործեց․ - «Արհմիություն գոյություն ունի, բայց հիմնարկի ղեկավարությունը այդպես էլ չընդունեց էդ արհմիության փաստը, և էդ արհմիությունը մնաց, այսպես ասած, ոչ-գործունյա մի կառույց»:
Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի ղեկավարությունից այսօր այդպես էլ հնարավոր չեղավ մեկնաբանություն ստանալ։ Հեռախոսազանգերին պատասխանող աշխատակիցը նշում էր, որ տնօրենն ու անվտանգության հարցերով պատասխանատուն զբաղված են, անգամ ասաց՝ տնօրենի աշխատասենյակում զրուցում են, հետո արդեն, ըստ նույն աշխատակցի, տեղում չէին։