Մատչելիության հղումներ

Ախթալայի կոմբինատի Շամլուղի հանքում մարդու մահվան փաստով քրգործ է հարուցվել


Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲ ընկերության Շամլուղի հանքի հորատանցման աշխատանքներ կատարող անձի մահվան դեպքի առթիվ:

Հոկտեմբերի 23-ին ժամը 11:20 բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել առ այն, որ շտապօգնության խումբը կանչով մեկնել է «Ախթալայի ԼՀԿ» ընկերության Շամլուղի հանք, որտեղ, մինչև խմբի հասնելը, մահացել է մի տղամարդ, իր հաղորդագրությունում նշում է Քննչական կոմիտեն՝ շարունակելով․ - «Նախնական տվյալներով՝ հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, «Ախթալայի ԼՀԿ» ՓԲ ընկերության Շամլուղի ստորգետնյա հանքավայրի 1-ին տեղամասում լեռնահանքային աշխատանքների կատարման ընթացքում տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով նույն ընկերության հորատանցող Վ. Սահակյանը, աշխատավայրի նախապատրաստական աշխատանքներ կատարելիս, մնացել է հանքաքարի տակ ու ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել»:

Գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 230-րդ հոդվածի 2-րդ մասով՝ «լեռնահանքային, շինարարական կամ այլ աշխատանքների կատարման ընթացքում անվտանգության կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանքներ»։ Կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել դատաբժշկական փորձաքննություն, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG