Մատչելիության հղումներ

Հայ ժողովուրդը գիտի, թե ինչ է նշանակում լինել փախստական և ընդունել փախստականների․ Նալբանդյան


Սիրիահայերը ժամանում են Հայաստան, Երևան, «Զվարթնոց» օդանավակայան, օգոստոս, 2012թ․
Սիրիահայերը ժամանում են Հայաստան, Երևան, «Զվարթնոց» օդանավակայան, օգոստոս, 2012թ․

Հայ ժողովուրդը գիտի, թե ինչ է նշանակում լինել փախստական և ընդունել փախստականների, հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝ այսօր Պալերմոյում ելույթ ունենալով ԵԱՀԿ նախարարական համաժողովին:

Փախստականների և միգրացիոն հոսքերին նվիրված համաժողովում նա նշել է, որ միայն Սիրիայից Հայաստանն ապաստան է տվել ավելի քան 22 հազար փախստականների` այդպիսով դառնալով բնակչության թվի հարաբերակցությամբ սիրիացի փախստականներ ընդունած երրորդ պետությունը Եվրոպայում: «Սա մի շարք խնդիրների առջև կանգնեցրեց մեր երկիրը, որը մոտ անցյալում արդեն իսկ հարյուր հազարավոր փախստականներ էր ընդունել Ադրբեջանից։ Սիրիահայ փախստականներից շատերը ժառանգներ են նրանց, ովքեր Հայոց ցեղասպանությունից հետո ապաստան էին գտել Սիրիայում: Հարյուր տարի անց նրանք կրկին ստիպված են թողնել իրենց բնակության վայրերը», - ընդգծել է նախարարը:

«Հայաստանի կառավարությունն էական ջանքեր է գործադրում փախստականներին օգնելու և նրանց ինտեգրումը դյուրացնելու ուղղությամբ: Փախստականներին տրամադրվում է լայն աջակցություն այնպիսի հարցերում, ինչպիսիք են կացության իրավունքի ստացման արագացված գործընթացը, քաղաքացիության ընդունման դյուրացումը, բուժօգնությունը, կեցության հասանելիությունը, կրթաթոշակները, պարզեցված ընդունելությունը կրթական հաստատություններում և մուտքը աշխատաշուկա, ճկուն հարկման մեխանիզմները և գրավիչ գործարար միջավայրը: Շնորհակալ ենք Հայաստանին տրամադրված որոշակի միջազգային աջակցության համար և ակնկալում ենք այս առումով շարունակական համագործակցություն», - ասել է Նալբանդյանը:

Նա շեշտել է, որ Հայաստանը նաև փորձել է աջակցության ձեռք մեկնել Սիրիայում օգնության կարիք ունեցողներին՝ տրամադրելով շարունակական մարդասիրական օգնություն, և հիշեցրել, որ Հալեպում Հայաստանի գլխավոր հյուպատոսությունը միակ դիվանագիտական ներկայացուցչությունն է, որը, չնայած բարդ պայմաններին, երբևէ չի դադարեցրել գործունեությունը:

«Միգրանտների և փախստականների աննախադեպ մեծ արտահոսքը Միջերկրածովյան տարածաշրջանից և Մերձավոր Արևելքից, հատկապես Սիրիայից և Իրաքից, տարածաշրջանային սերտ համագործակցության անհրաժեշտություն են առաջացնում՝ ուղղված անվտանգության հետ կապված այնպիսի խնդիրների լուծմանը, ինչպիսիք են, ի թիվս այլոց, ահաբեկչության դեմ պայքարը, թրաֆիքինգի կանխարգելումը, փախստականների նկատմամբ պատշաճ վերաբերմունքը և այլն», - Հայաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ հայտարարել է Նալբանդյանը:

«Անկասկած, միգրանտների և փախստականների մեծ հոսքերին համապարփակ արձագանքելու համար անհրաժեշտ է պայքարել այս երևույթի սկզբնաղբյուրների դեմ, ինչպիսիք են ահաբեկչությունը և ինքնության հողի վրա իրականացվող հանցագործությունները: Հայաստանը ԵԱՀԿ-ում առաջիններից մեկն էր, որ բարձրաձայնեց այս հարցը և հանդես եկավ այս առնչությամբ ԵԱՀԿ հանձնառություններն ամրապնդելու նախաձեռնությամբ», - ընդգծել է արտգործնախարարը:

Համաժողովը, որին ներկա էին ԵԱՀԿ մասնակից և գործընկեր երկրների արտգործնախարարներ ու բարձրաստիճան պատվիրակություններ, կազմակերպել էր Իտալիան, որը հաջորդ տարի ստանձնելու է ԵԱՀԿ նախագահությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG