Մատչելիության հղումներ

Ակադեմիական տարկետումը վերացնելով կրթական տեսլականը վտանգի տակ է դրվում. «Հանուն գիտության զարգացման»-ի անդամ


«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Վահան Կոստանյանը ծիծաղելի է համարում Պաշտպանության նախարարության այն պնդումները, թե ովքեր դեմ են ակադեմիական տարկետման վերացմանը, ընդամենը խուսափում են բանակից։

«Սա առնվազն ծիծաղելի է, որովհետև մենք բոլորս գիտենք այն կոռուպցիոն մեխանիզմների մասին, որոնք առկա են թե՛ առողջապահական, թե՛ կրթական համակարգում։ Այն մարդիկ, ովքեր, ցավոք սրտի պետք է նշեմ, որ կրթական համակարգում գոյություն ունեցող կոռուպցիոն մեխանիզմների արդյունքում որևէ կերպ կարողանում էին խուսափել բանակից, ըստ էության, նրանք որևէ խնդիր չունեն մեր նախաձեռնությանը միանալու, և նրանք, չլինի կրթական համակարգը՝ կլինի առողջապահական համակարգը, շատ հանգիստ ձևով իրենց հայացքը ուղղել են դեպի առողջապահության համակարգ և իրենց խնդիրները փորձում են այնտեղ լուծել», - «Ազատության» հետ զրույցում ասաց Կոստանյանը՝ նշելով, նախաձեռնության շուրջ հավաքվել են այն մարդիկ, ովքեր իրոք մտահոգված են կրթության և գիտության խնդիրներով։

Նախաձեռնության անդամի համոզմամբ՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» նոր օրենքի նախագծով երկրի կրթական տեսլականը վտանգի տակ է դրվում։

Դիտարկմանը, թե ըստ Պաշտպանության նախարարության՝ բանակում էլ կարող են պայմաններ ստեղծվել գիտությամբ զբաղվելու համար, Կոստանյանն այսպես արձագանքեց. - «Այսօր մենք ի՞նչ ենք տեսնում երկու գերատեսչությունների՝ թե՛ Պաշտպանության նախարարության, թե՛ Կրթության և գիտության նախարարության ներկայացուցիչների կողմից՝ «կանենք, կստեղծենք, կլսենք, կքննարկեն»։ Սեղանի վրա չի դրվում կոնկրետ որևէ փաստաթուղթ և հայեցակարգ, թե էս մարդիկ ինչպես են պատրաստվելու իրենց ինքնառեալիզացնել համակարգում»։

Պաշտպանության նախարարությունը հանդես է եկել օրենսդրական նոր նախաձեռնությամբ, համաձայն որի՝ ուսման համար տարկետում կտրվի միայն այն դեպքում, եթե քաղաքացին պայմանագիր կնքի Պաշտպանության նախարարության հետ: Ընդ որում, այդ դեպքում արդեն ուսումնառությունից հետո քաղաքացին պարտավորվում է բանակում ծառայել ոչ թե 2, այլ 3 տարի։

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարել էր. - «Մենք ունենք պրակտիկա՝ առաջին ակադեմիական տարկետում ստացողներից երբևէ այնուհետև զորակոչվում է ընդամենը 16 տոկոսը, այսինքն՝ ակադեմիական տարկետումը դառնում է դուռ դեպի չծառայելն առհասարակ։ Այո՛, այս օրենսդրությունը շատ հստակ է ասում, որ սահմանադրական պարտավորությունը երկրի պաշտպանությանը մասնակցելու պետք է տարածվի բոլորի վրա։»։

Նախաձեռնության անդամներն էլ ընդդիմանում են՝ նշելով, թե ասպիրանտուրայում սովորելու և տարկետում ստանալու իրավունքը տրվում է ընդամենը 140 հոգու, և նույնիսկ եթե 140-ից հետո միայն 10-ը դառնան գիտնականներ, դա, այնուամենայնիվ, շատ ավելի մեծ օգուտ է գիտությանն ու պետությանը, քան վերջիններիս ծառայությունը բանակում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG