Մատչելիության հղումներ

Մի խումբ ուսանողներ և երիտասարդ դասախոսներ այսօր բողոքի ցույց և քայլերթ էին կազմակերպել՝ պնդելով, որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» նոր օրենքի նախագիծը հարվածում է Հայաստանում գիտության զարգացմանը:

«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամները ընդգծում էին՝ օրինագծին ընդդիմացողները ոչ թե խուսափում են զինվորական ծառայությունից, այլ պայքարում են հանուն գիտության: Այս հանգամանքն ընդգծելու համար շարժմանը միացել էին նաև աղջիկներ:

Պաշտպանության նախարարության օրենսդրական այս նախաձեռնությամբ ուսման համար տարկետում կտրվի միայն այն դեպքում, եթե քաղաքացին պայմանագիր կնքի Պաշտպանության նախարարության հետ: Ընդ որում, այդ դեպքում արդեն ուսումնառությունից հետո քաղաքացին պարտավորվում է բանակում ծառայել ոչ թե 2, այլ 3 տարի։

Ավելի վաղ «Ազատության» հետ զրույցում Պաշտպանության նախարարն ասել էր, թե ուսումնական տարկետումները չպետք է օգտագործվեն զինվորական ծառայությունից խուսափելու համար։ Վիգեն Սարգսյանը նաև պնդել էր, որ տարկետման իրավունքն իր մեջ պարունակում է մի շարք ռիսկեր, այդ թվում՝ կոռուպցիոն:

Այս մտահոգությունը կիսում էին նաև երիտասարդները՝ այդուհանդերձ նախարարին հակադարձելով, թե կոռուպցիոն ռիսկերը վերացնելու պատրվակով պետք չէ սովորող մարդուն զրկել գիտությամբ զբաղվելու իրավունքից․ - «Ում համար որ սողանցք ա բանակից ազատվելու համար, իրենք էս դեպքում էլ ուրիշ միջոցներ են գտնելու, ազատվելու են բանակից: Արդյունքում տուժելու է միայն գիտությունը»:

Հարցին, թե ինչն է խանգարում երիտասարդին ծառայությունից հետո զբաղվել գիտությամբ, ցուցարարներից մեկը պատասխանեց․ - «Այդ երկու տարին այնքան բան կարող է փոխել անհատի մտածելակերպի, արժեհամակարգի մեջ, որ միանշանակ չենք կարող երաշխավորել, որ այն անհատները, ասենք 10-ը կմեկնեն բանակ, ու նրանցից գոնե 5-ը կսովորեն»:

Ցուցարարները պնդում էին, թե ասպիրանտուրայում սովորելու և տարկետում ստանալու իրավունքը տրվում է ընդհամենը 140 հոգու, և նույնիսկ եթե 140-ից հետո միայն 10-ը դառնան գիտնականներ, դա այնուամենայնիվ շատ ավելի մեծ օգուտ է գիտությանն ու պետությանը, քան վերջիններիս ծառայությունը բանակում:

Բողոքի դուրս եկած երիտասարդներն պնդում էին, որ այս խնդիրը պետք է առաջին հերթին մտահոգի Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանին: Այդ իսկ պատճառով այսօրվա քայլերթը դեպի Կրթության և գիտության նախարարություն էր՝ պարզելու նախարարի դիրքորոշումը խնդրահարույց օրինագծի շուրջ:

«Կարծում եմ, որ բոլոր պատկան մարմինների առաջ պետք է բարձրացնել այս խնդիրը: Խնդիրը նաև վերաբերում է կրթական համակարգում որոշակի փոփոխություն անելուն: Միանշանակ կարևոր է, որպեսզի Կրթության և գիտության նախարարությունը իր դիրքորոշումը հայտնի խնդրի վերաբերյալ», - ասաց ցուցարարներից մեկը:

Ցուցարաներին ընդառաջ դուրս եկած Կրթության և գիտության նախարարության բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Ռոբերտ Սուքիասյանն ու նախարարի մամլո խոսանկ Լուսիեն Մարգարյսնը փոխանցեցին, որ նախարարը կհանդիպի նախաձեռնության անդամներին հաջորդ շաբաթվա սկզբին:

Ցուցարարները այս առաջարկը ժամանակավրեպ համարեցին՝ պատճառաբանելով, որ օրենքի նախագիծը խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովի քննարկմանն է ներկայցվելու հենց հաջորդ երկուշաբթի, ուստի անիմաստ է քննարկում ունենալը խորհրդարանական լսումներից հետո:

Ցուցարարներից մեկի պնդմանը, թե Պաշտպանության նախարարը, ասելով, որ կրթական համակարգում գոյություն ունի կոռուպցիա, իրեն իրավունք է վերապահում ամբողջությամբ կոտրել կրթական համակարգի մեջքը, Ռոբերտ Սուքիասյանն արձագանքեց․ - «Մենք պատրաստ ենք ձեր հետ յուրաքանչյուր ուղղության վերաբերյալ, այդ թվում՝ որի մեջ կա նաև կոռուպցիոն ռիսկերը, առանձին քննարկումներ կազմակերպենք և լսենք ձեր կարծիքը: Կրթության և գիտության նախարարությունը միշտ հանդես է եկել և հանդես է գալիս որպես կրթության քաղաքականության լիազոր մարմին․․․ Եվ որևիցե գերատեսչություն որևիցե գերատեսչության ոստան չի մտնելու։ Եվ եթե տեղյակ եք օրենսդրությունից, միշտ բանակի տարկերտման հարցը կարգավորվել է «Զինապարտության մասին» օրենքով: Դա կարգավորված չի եղել «Բարձրագույն կրթության մասին» օրենքով»:

Ժամեր շարունակ նախարարության աստիճանահարթակների վրա նստած ցուցարարները պահանջում էին հանդիպում Լևոն Մկրտչյանի հետ հենց այսօր, որը, սակայն, այդպես էլ չկայացավ: Փոխարենը 5-6 ցուցարար առանց տեսախցիկների հանդիպեցին փոխնախարարին:

Հանդիպումից հետո, սակայն, ցուցարարները հայտարարեցին, որ հստակ պայմանվորվածություն ձեռք չի բերվել․ - «Մենք ասեցինք, որ մեր գլխավոր նպատակը հանրային քննարկումը խթանելով՝ այդ բոլոր վարկածները լսելի դարձնել է, և եթե մենք այս չորս պատերի մեջ ձեզ համոզենք, որ ճիշտ ենք, ու դուք դա ընդունեք, դա ի՞նչ ազդեցություն է ունենալու: Իրենք ասացին՝ ոչ: Դրա համար մենք ասացինք, որ այդպիսի հանդիպման մենք ուղղակի չենք ուզում մասնակցել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG