Եվրամիության առաջնորդները երեկ վերահաստատել են իրենց հանձնառությունը Իրանի հետ միջուկային համաձայնագրի հարցում՝ չնայած Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի դիրքորոշմանը:
Այդուհանդերձ, ինչպես հաղորդում են լրատվական գործակալությունները, 28 երկրների դաշինքը տուրք է տվել Թրամփի բարձրացրած մտահոգություններին՝ քննադատելով պաշտոնական Թեհրանի բալիստիկ հրթիռների ծրագիրը և նրա դերը Միջին Արևելքում, որն Արևմուտքը գնահատել է որպես «անկայունության բորբոքում»:
Իրանի հետ միջուկային գործարքը 2015 թվականին կնքել են Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Ռուսաստանը, Չինաստանը և Գերմանիան: Այդ գործարքով Իրանը պարտավորվել է սահմանափակել միջուկային ծրագիրը, միջազգային համայնքն էլ խոստացել է թուլացնել պատժամիջոցները:
Դոնալդ Թրամփը բազմիցս է քննադատել այդ համաձայնությունը, մի առիթով էլ ասել է, թե այն «Ամերիկայի պատմության ընթացքում ամենավատ գործարքն է»:
Անցած շաբաթավերջին Միացյալ Նահանգների նախագահը կոչ արեց Կոնգրեսին խստացնել պատժամիջոցները Թեհրանի նկատմամբ՝ չբացառելով, որ պաշտոնական Վաշինգտոնը կարող է դուրս գալ միջուկային համաձայնագրից: