«Կոնվերս բանկ» ընկերության «Սայաթ-Նովա» մասնաճյուղից առանձնապես խոշոր չափերով հափշտակության գործով 3 անձի մեղադրանք է առաջադրվել, հափշտակությունը կատարելու համար կասկածվող անձի նկատմամբ հետախուզում է հայտարարվել: Այդ մասին այսօր հաղորդում է Քննչական կոմիտեն:
Կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում գործի քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք նախնական համաձայնություն են ձեռք բերել «Կոնվերս բանկի» «Սայաթ-Նովա» մասնաճյուղից ավազակությամբ առանձնապես խոշոր չափի գումարի հափշտակություն կատարելու շուրջ, կատարել դերաբաշխում: «Ըստ դերաբաշխման՝ խմբի անդամներից մեկը հոկտեմբերի 5-ին գնացել է բանկի նշված մասնաճյուղ, կառավարչին հայտնել 60 հազար եվրո ԱՄՆ դոլարով փոխանակելու մտադրության մասին և ձեռք բերել նախնական պայմանավորվածություն։ Նշված խոշոր գործարքը կատարելու պատրվակով հոկտեմբերի 9-ին մասնաճյուղի կառավարչի մոտ է գնացել մեկ այլ երիտասարդ, անվտանգության նկատառումներից ելնելով առաջարկել գործարքը կատարել գանձապահի աշխատասենյակում, որտեղ էլ գրավոր սպառնացել է պայթեցնել՝ չհրկիզվող պահարանում առկա գումարն իրեն չտալու դեպքում, ապա հափշտակել առանձնապես խոշոր չափի գումարը և դիմել փախուստի», - ասված է հաղորդագրությունում:
Ըստ Քննչական կոմիտեի՝ քրեական գործով փաստական տվյալներ են ձեռք բերվել գործարքի պատրվակով հափշտակություն կատարած անձի ինքնության վերաբերյալ, ով Արագածոտնի 29-ամյա բնակիչ է։ Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ քննիչը որոշում է կայացրել նրան Քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով («ավազակություն, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով») որպես մեղադրյալ ներգրավելու մասին, և նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։
Քրեական գործի շրջանակում ևս երեք անձի մեղադրանք է առաջադրվել, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։
Նախաքննությունը շարունակվում է: «Քննության շահերից ելնելով՝ այլ մանրամասներ քննության այս փուլում հրապարակման ենթակա չեն», - ասված է հաղորդագրությունում: