Մատչելիության հղումներ

Նախագահ Սարգսյանի նախաձեռնած Համահայկական բանկը փակվում է՝ վաստակելով ընդամենը 75 հազար դոլար


Սերժ Սարգսյանը մասնակցում է Համահայկական բանկի բացման արարողությանը, 7-ը սեպտեմբերի, 2011 թ․

Ըստ Կենտրոնական բանկի, «արդյունավետությունն ու ճկունությունն ապահովելու նպատակով» Համահայկական բանկը տրանսֆորմացվում է բանկից ներդրումային ֆոնդի:

Հայաստանի Կենտրոնական բանկի որոշմամբ՝ դադարեցվել է նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնած տնտեսական խոշոր նախագծերից մեկի՝ Համահայկական բանկի գործունեությունը:

«Համահայկական բանկի առջև դրված խնդիրների արդյունավետությունն ու ճկունությունն ապահովելու նպատակով Կենտրոնական բանկը ձեռնարկել է տրանֆորմացիայի գործընթաց, որի արդյունքում Համահայկական բանկը տրանսֆորմացվում է բանկից ներդրումային ֆոնդի: Տեղեկացնում ենք, որ տրանսֆորմացիոն գործընթացները հանգել են իրենց իրավական և տրամաբանական ավարտին»,- ասված է Կենտրոնական բանկի՝ ուրբաթ օրը տարածած հաղորդագրությունում:

Շուրջ 9 տարի առաջ՝ 2008 թ․ հոկտեմբերի 2-ին, ժողովրդին ու Ազգային ժողովին հղած իր ուղերձում նորընտիր նախագահ Սարգսյանն ազդարարեց տնտեսական երեք խոշոր նախագծերի մասին․ «Առաջիկա ամիսների ընթացքում Հայաստանը սկսում է նոր ատոմակայան կառուցել, առաջիկա տարիների ընթացքում սկսվելու է Իրան-Հայաստան երկաթուղի կառուցվել, և առաջիկա ամիսների ընթացքում համահայկական բանկ ու ներդրումային հիմնադրամ է ստեղծվելու, որոնք մեծամասշտաբ ծրագրեր են ֆինանսավորելու: Հարցնում եք` կկարողանա՞նք, պատասխանում եմ, որ կկարողանանք: Հեշտությամբ կկարողանանք, եթե միասին գործենք»,- ասել էր Սարգսյանը:

Համահայկական բանկը մեծ հանդիսավոությամբ բացվեց այդ ելույթից միայն երեք տարի անց՝ 2011թ․ սեպտեմբերին: Բացման արարողությաւնը ներկա էին նախագահ Սերժ Սարգսյանը, Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, այլ պաշտոնյաններ: Նպատակ հռչակելով նպաստել հայաստանյան արտադրող և արտահանող ձեռնարկությունների մրցունակության բարձրացմանն ու արդիականացմանը, ինչպես նաև սփյուռքահայ ներդրողների ձեռնարկատիրական գործունեությանը Հայաստանում՝ անցած տարիների ընթացքում բանկն այդպես էլ աչքի չընկավ ներդրումային որևէ խոշոր ձեռնարկով:

Հայաստանի նախագահի՝ տնտեսական հարցերով գլխավոր խորհրդական Վահրամ Ներսիսյանցի ղեկավորությամբ գործելով մոտ 6 տարի՝ այդ ողջ ընթացքում բանկը կարողացավ ապահովել ընդամենը 75 հազար դոլար շահույթ, այսինքն՝ տարեկան 12,5 հազար դոլար․ ավելի քիչ, քան արտարժույթի փոխանակման երևանյան որևէ կետ:

Տնտեսագետ Վահագն Խաչատրյանի խոսքով՝ Համահայկական բանկի առջև դրված խնդիրները և հատկացված միջոցները պարզապես չեն համապատասխանում․ բանկի կապիտալն ընդամենը 15,5 միլիոն դոլար է, և դժվար է այդ միջոցներով ծավալուն գործունեություն իրականացնել: «Ի սկզբանե պարզ էր, որ չի կարող այդ գաղափարի իրականացումը հաջողություն ունենալ, դա նաև պայմանավորված պետք է լիներ Հայաստանում տիրող կառավարման համակարգով:

Եթե իր կապիտալն ընդամենը 15,5 միլիոն դոլար է, հիմնադիրներն էլ կառավարությունը և Կենտրոնական բանկն են, և ըստ էության այդ կապիտալի համալրման մեջ իրենք պետք է մեծ մասնակցություն ունենային, ես հիմնական պրոբլեմը տեսնում եմ այն բանում, որ այդպիսի փոքր կապիտալով բանկը չէր կարող մեծ տնտեսական գործունեություն ծավալել: Հենց սրանով է վարկաբեկվել այդ գաղափարը»,- ասաց տնտեսագետը:

Նշենք, որ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից 2008-ին ազդարարված մյուս երկու մեգանախագծերը ևս իրականութուն չդարձան: Հայ-իրանական երկաթգծի կառուցման ծրագիրը դեռ քննարկումների փուլում է, ավելին՝ այս տարվա հունվարի 12-ին կառավարությունը պարզապես լուծարեց երկաթուղու նախագծման և կառուցման նկատմամբ վերահսկողություն իրականացնող պետական ընկերությունը: Ուշագրավ է այն, որ կառավարության հիշյալ որոշման օրը Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը խոստովանեց՝ երկաթգծի նախագծի վերջնական տարբերակն անգամ պատրաստ չէ:

Ինչ վերաբերում է նոր ատոմակայանի կառուցմանը, ապա Հայաստանի իշխանություններն այսօր էլ հրաժարվում են կոնկրետ ժամկետ նշել, թե երբ են նախատեսում սկսել՝ իրականացնել այդ ծրագիրը: «Ազատության» հետ զրույցում փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանն անցած ամիս հավանական էր համարել, որ նոր ԱԷԿ-ի կառուցումը կսկսվի 2022-2023 թվականներին, իսկ մինչ այդ կառավարությունը ուսումնասիրում է հարցը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG