Մատչելիության հղումներ

Տրանսպորտի նախարար․ Եթե աջ ղեկը տեղափոխելու որոշում չկա, ինչի՞ մասին է խոսքը


Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյան, արխիվ
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյան, արխիվ

Հայաստանում այս պահին աջ ղեկով ավտոմեքենաները շահագործումից հանելու վերաբերյալ քննարկումներ չկան: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասել է տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը՝ ավելացնելով, որ երբ օպտիմալ լուծումը գտնեն, այն կներկայացնեն հանրությանը:

Նրա խոսքով՝ աջ ղեկով ավտոմեքենաների շահագործման ուղղությամբ համակարգային լուծումներ գտնելու դեպքում տրանսպորտային համակարգը կբարելավվի: «Այդ հարցը պետք է ինչ-որ ձևով լուծվի: Տեսեք, դուք ասում եք՝ ժամանակին արգելեիք, բայց եթե ժամանակին չի արգելվել, գոնե ինչ-որ մի օր պետք է գա, որ կանոնակարգենք», - «Արմենպրես»փոխանցմամբ՝ ասել է Մարտիրոսյանը:

Դիտարկմանը, թե հնարավո՞ր է, որ ձախակողմյան ղեկով մեքենաների ներմուծման մաքսատուրքերը էժանանան, նախարարը պատասխանել է.- «Կան քննարկումներ: Մենք ունենք կոնկրետ համաձայնագիր ԵԱՏՄ-ի հետ, որը 2020 թվականին կմտնի ուժի մեջ: Մաքսային գոտու ընդունած նորմեր ու չափեր կան՝ տոկոսադրույքների մասով»:

Հարցին էլ՝ արդյոք աջակողմյան ղեկով մեքենաների երթևեկությունն արգելելու դեպքում պետությունը կաջակցի՞ դրանց վաճառքի կամ ղեկի տեղափոխման հարցում, Վահան Մարտիրոսյանը արձագանքել է. - «Իսկ եթե չպարտադրվի՞ ղեկը փոխել: Եթե որոշում չկա, ինչի՞ մասին է խոսքը»:

Հիշեցնենք, երեկ աջակողմյան ղեկով ավտոմեքենաների հարցով տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը հաղորդագրություն էր տարածել, որում, մասնավորապես, ասված էր․ - «Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության կարգավորման բարեփոխումների համատեքստում քննարկվում են խնդրի կարգավորման բոլոր տարբերակները՝ դժվարություններ չստեղծելով այդ տրանսպորտային միջոցների գործող սեփականատերերի համար»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG