Հայաստանի տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը այսօր հաղորդագրություն է տարածել՝ անդրադառնալով աջակողմյան ղեկով տրանսպորտային միջոցների հետագա շահագործման հնարավոր սահմանափակումների մասին վերջին օրերին մի շարք զանգվածային լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում տեղ գտած հրապարակումներին և մտահոգություններին:
«Հաշվի առնելով վաղաժամ, երբեմն հակասական փաստարկները` հարկ ենք համարում պարզաբանել, որ այս պահին աջակողմյան ղեկով տրանսպորտային միջոցների շահագործումը դադարեցնելու, դրանց սեփականատերերի համար պայմաններ սահմանող կամ նրանց իրավունքները սահմանափակող որևէ իրավական ակտ չկա: Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության կարգավորման բարեփոխումների համատեքստում քննարկվում են խնդրի կարգավորման բոլոր տարբերակները՝ դժվարություններ չստեղծելով այդ տրանսպորտային միջոցների գործող սեփականատերերի համար», - ասված է նախարարության լրատվական ծառայության հաղորդագրությունում:
Ընդ որում, նշում է գերատեսչությունը, «այդ քննարկումները ներառում են ճանապարհային երթևեկության անվտանգության տեսանկյունից շահագրգիռ բոլոր կողմերի ներկայացրած առաջարկները, որոնք ավարտուն տեսքի բերվելուց և ամփոփումներից հետո սահմանված կարգով կներկայացվեն թե՛ հասարակությանը և թե՛ շահագրգիռ մարմինների ներկայացուցիչներին»: