Մատչելիության հղումներ

Հակոբ Բադալյան․ Ադրբեջանի ընտրած ճանապարհը հեռանկար չունի


Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը հետաքրքրական է համարում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև, իր որակմամբ, «դիվանագիտական փոխհրաձգությունը» ԱՊՀ Սոչիի գագաթնաժողովի նախօրեին։

«Հետաքրքիր էր այն, որ Սոչիի հանդիպումից առաջ քաղաքական առումով բավական լարվեց՝ դիվանագիտական փոխհրաձգություն տեղի ունեցավ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի միջև։ Ալիևը, ինչպես հայտնի է, հայտարարեց, որ Հայաստանի նախապայմանները մերժված են վերադառնում բանակցության, և Սերժ Սարգսյանի կոշտ արձագանքը, որ Հայաստանը հետքայլ չի անի Վիեննայի օրակարգից, իսկ Ալիևը բազմաթիվ անգամներ խախտել է պայմանավորվածությունը», - «Ազատության» հետ զրույցում ասաց Բադալյանը՝ շարունակելով․ - «Հետաքրքրական էր նաև, որ Սերժ Սարգսյանի այդ սուր արձագանքը տեղի ունեցավ Սոչիի հավաքի նախօրեին, չի բացառվում, որ Սոչիի հետ կապված Սերժ Սարգսյանն ուներ ինչ-ինչ մտավախություններ հնարավոր որևէ զարգացման վերաբերյալ և այդ կոշտ արձագանքով փորձեց կանխարգելիչ ինչ-որ քայլեր անել դրանց կապակցությամբ»:

Հարցին, թե ի՞նչ մտավախությունների մասին է խոսքը, քաղաքական մեկնաբանը պատասխանեց. - «Ալիևի որևէ նախաձեռնություն, ասենք՝ Պուտինի հետ հնարավոր հանդիպմանը, երբ Ադրբեջանը կփորձի Ռուսաստանի հետ ինչ-որ բան պայմանավորվել կամ ինչ-որ քաղաքական առևտուր անել՝ Հայաստանի հետ հարաբերության, Սարգսյանի հետ առաջիկա սպասվող հանդիպման առումով, և գուցե այդ առումով Սերժ Սարգսյանը փորձեց պահել նշաձողը՝ կանխարգելելով հնարավոր որևէ անցանկալի զարգացում»։

Բադալյանի համոզմամբ՝ Ադրբեջանի ընտրած այս ճանապարհը հեռանկար չունի։ «Բանակցային գործընթացում, չակերտավոր ասենք՝ «բանակցային գործընթացում» ավելի ու ավելի շատ է շեշտադրվում թե՛ Արցախի ինքնորոշման իրավունքը, թե՛ հրադադարի մեխանիզմների ներդրման անհրաժեշտությունը։ Այստեղ, իհարկե, Ադրբեջանին կարծես թե այլ բան չի մնում, քան փորձել էս տարբերակներով, էս սադրանքներով փորձել տապալել, փորձել թույլ չտալ այդ մեխանիզմների ներդրումը, բայց կարծում եմ, որ եթե շարունակվում է այս տրամաբանությունը, և եթե Հայաստանը դիվանագիտական կոպիտ սխալներ թույլ չտա, կարծում եմ՝ Ադրբեջանի այս ճանապարհը հեռանկար չունի», - երեկ երեկոյան «Ազատության» հետ զրույցում ասաց քաղաքական մեկնաբանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG