Մատչելիության հղումներ

ՀՀ նախագահի խոսնակ․ Բաքվի հաշվարկները պարզունակ են՝ խուսափել պայմանավորվածությունները չկատարելու պատասխանատվությունից


ՀՀ նախագահի խոսնակ Վլադիմիր Հակոբյան, արխիվ
ՀՀ նախագահի խոսնակ Վլադիմիր Հակոբյան, արխիվ

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը կարծում է՝ բոլորին վաղուց հայտնի է, որ բարձր մակարդակի հանդիպումներից առաջ Ադրբեջանի ղեկավարությունը դիմում է սադրանքների՝ փորձելով պղտորել մթնոլորտը։ Այս մասին հայտարարել է ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը՝ պատասխանելով News.am-ի հարցին, թե ինչպե՞ս է գնահատում Բաղրամյան 26-ը Ադրբեջանի նախագահի՝ Ադրբեջանի նախարարների խորհրդի երեկվա նիստում հնչեցրած հայտարարությունները Լեռնային Ղարաբաղի հարցի վերաբերյալ:

«Վերջին հայտարարությունները այդ շարքից էին՝ միակ տարբերությամբ, որ այդ սադրանքն իրականացվել է Բաքվի կենտրոնում, այլ ոչ թե Արցախի հետ շփման գծում կամ Հայաստանի հետ սահմանին։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումից օրեր առաջ Ադրբեջանը փորձում է պատրանք ստեղծել, թե բանակցություններին ինքը թելադրողի դիրքերից է հանդես գալիս։ Բաքվի հաշվարկները պարզունակ են՝ խուսափել նախորդ գագաթնաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունները չկատարելու պատասխանատվությունից՝ առաջին հերթին Ադրբեջանի ժողովրդի առջև», - շեշտել է Հայաստանի նախագահի մամուլի քարտուղարը:

«Մեր և Բաքվի պատկերացումները խայտառակության մասին խիստ տարբերվում են։ Գուցե Ադրբեջանում չգիտեն, բայց մեր տարածաշրջանում հնուց ի վեր խայտառակություն է համարվել նախապես ձեռք բերված պայմանավորվածություններից հետ կանգնելը։ Խայտառակություն է, երբ միջազգային ասպարեզում այլ պետությունների ղեկավարների ներկայությամբ ասածն ու սեփական պատերի ներսում ասածը չեն համապատասխանում իրար։ Խայտառակություն է, երբ փորձում են միջազգային հանրությանը և սեփական ժողովրդին խաբել», - ասել է Հակոբյանը՝ շարունակելով․ - «Բանակցությունների գնալու հայկական կողմի համաձայնությունը որևէ կերպ չի նշանակում մեր դիրքորոշման փոփոխություն ԼՂ կարգավորման հարցում կամ հետքայլ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովների պայմանավորվածությունների կատարման հրամայականից»:

«Եթե միջազգային այդ պայմանավորվածությունների կատարումն է Ադրբեջանը համարում մեր կողմից առաջ քաշված նախապայման, ապա բոլորը գիտեն, թե ինչ են այս կապակցությամբ բազմիցս հայտարարել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները, և նրանք վստահաբար դեռ ասելիք ունեն», - ընդգծել է Հայաստանի նախագահի մամուլի խոսնակը:

«Զավեշտ է, որ միջազգային հանրության առջև խայտառակվելուց խոսում է մի երկիր, որի նախաձեռնությամբ ստեղծված միջազգային պաշտոնյաներին կաշառելու այսպես կոչված բարեգործական հիմնադրամի մասին փաստերը չեն իջնում միջազգային մամուլի առաջին էջերից: Թերևս Ադրբեջանի այդ խայտառակությունը կոծկելու այլ ճանապարհ չի մնացել, քան ինչ-որ մտացածին հաղթանակների մասին գլուխ գովելը: Մեկ անգամ չէ, որ Ադրբեջանի տարբեր նախագահների հոխորտանքները հօդս են ցնդել՝ բախվելով Արցախի ժողովրդի անբեկանելի կամքին և կայացած Արցախի Հանրապետության իրողությանը: Հստակ է, որ մեզ հունից հանելու փորձերը ի սկզբանե ձախողված են։ Մենք հանձնառու ենք ղարաբաղյան հիմնախնդիրը կարգավորել բացառապես խաղաղ միջոցներով», - նշել է Վլադիմիր Հակոբյանը՝ ներկայացնելով Բաղրամյան 26-ի դիրքորոշումը:

Երեկ, հիշեցնենք, Իլհամ Ալիևը կառավարության նիստի ժամանակ հայտարարել է, թե ղարաբաղյան կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացն այսօր վերսկսվում է «առանց որևէ նախապայմանի»: «Հայաստանը տարբեր տեսակի նախապայմաններ առաջ քաշելով՝ ցանկանում էր խափանել բանակցությունների վերսկսումը, բայց այժմ ստիպված է հրաժարվել այդ քաղաքականությունից», - պնդել է Ադրբեջանի ղեկավարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG