Մատչելիության հղումներ

Հայաստանի վարչապետը Իրանում քննարկել է գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց ծրագրի ընդլայնման հարցը


ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյան, արխիվ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյան, արխիվ

Գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց ծրագրի ընդլայնմանը, միջկառավարական հանձնաժողովի առաջիկա նիստում քննարկվելիք հարցերին, Մեղրիի ՀԷԿ-ի ծրագրին, Հայաստան-Իրան-Թուրքմենստան եռակողմ համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր են քննարկվել Իրանի նավթի նախարար Բիժան Զանգանեի և էներգետիկայի նախարար Սաթթար Մահմուդիի հետ Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանի՝ այսօր Թեհրանում կայացած հանդիպումների ժամանակ:

Հայաստանի կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն` Իրան պաշտոնական այցի երկրորդ օրը Կարեն Կարապետյանը նախարարներին ընդունել է իր կեցավայրում:

Հանդիպումների ընթացքում զրուցակիցները գոհունակություն են հայտնել էներգետիկայի ոլորտում երկկողմ համագործակցության մակարդակից և վստահությամբ նշել, որ երկու հարևան պետություններն ունեն փոխգործակցության զարգացման մեծ հնարավորություններ:

Կողմերը համոզմունք են հայտնել, որ Հայաստանի վարչապետի պաշտոնական այցը նոր լիցք կհաղորդի երկկողմ փոխշահավետ հարաբերություններին: Իրանական կողմն ընդգծել է, որ շահագրգռված է Հայաստանի հետ կապերի ընդլայնմամբ ու խորացմամբ:

Կարեն Կարապետյանը Թեհրան է այցելում Իրանի առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրիի հրավերով: Այցի առաջին օրը Հայաստանի վարչապետը հանդիպումներ է ունեցել Իրանի առաջին փոխնախագահի, Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանիի, իրանահայ համայնքի ներկայացուցիչների հետ, երկու երկրների կառավարությունների միջև ստորագրվել են մի շարք համաձայնագրեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG