Մատչելիության հղումներ

Նախագահ․ Քննչական մարմնի հաջողության գրավականը ինքնուրույնություն ունեցող քննիչն է


Լուսանկարը՝ նախագահականի
Լուսանկարը՝ նախագահականի

Երկրում օրինականության վիճակը որոշվում է ոչ միայն հանցագործությունների քանակով, այլև դրանք իրավասու մարմինների կողմից բացահայտելու կարողությամբ, հայտարարել է նախագահ Սերժ Սարգսյանը՝ այսօր ելույթ ունենալով Քննչական կոմիտեի կոլեգիայի հանդիսավոր նիստի ժամանակ:

«Հանրությունը պետք է վստահ լինի, որ Հայաստանում անօրինականության և անկարգության ցանկացած դրսևորում արագ բացահայտվելու և օրենքի ողջ ուժով անխուսափելիորեն պատժվելու է», - ասել է նախագահը:

Հիշեցնելով ամիսներ առաջ իր արած հայտարարությունը, որ իրավական համակարգի հենասյուներից մեկը դատախազությունն է՝ առանձնահատուկ իր կարգավիճակով, նա համոզմունք է հայտնել, որ «մյուս հենասյունը ոչ պակաս յուրահատկություն ունեցող քննչական մարմիններն են»: «Նրանց դերը պետական համակարգում օբյեկտիվորեն մեծանում է: Պատահական չէ, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ առաջին անգամ ամրագրվեցին քննչական մարմինների գործառույթներին վերաբերող կոնկրետ դրույթներ», - Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ նշել է Սերժ Սարգսյանը:

«Կարծում եմ, որ քննչական մարմնի գործունեության հաջողության գրավականը դատավարական ինքնուրույնություն ունեցող քննիչն է՝ այդ կարգավիճակից բխող բոլոր իրավապարտականություններով: Ինքնուրույնությունը չափազանց կարևոր երաշխիք է ոչ միայն քննիչի, այլև բոլոր նրանց համար, ովքեր հայտնվում են նրա իրականացրած վարույթի ազդեցության տիրույթում», - ընդգծել է նախագահը:

«Երբ տարիներ առաջ սկսեցինք քննարկումները միասնական քննչական մարմին ստեղծելու շուրջ, որպես դրա նպատակներից մեկը դիտարկում էինք նաև քննիչի ինքնուրույնության բարձրացումը: Կարծում եմ՝ միասնական քննչական կոմիտե ստեղծելով՝ մեզ հաջողվել է այդ գաղափարի իրագործման ուղղությամբ լրացուցիչ արդյունավետ քայլ կատարել: Ավելին, քննիչի և ընդհանրապես քննչական մարմինների ինքնուրույնության երաշխավորված բարձրացման մասին է վկայում նաև սահմանադրական այն կարգավորումը, ըստ որի՝ քննչական մարմինները ոչ միայն իրականացնում են մինչդատական քրեական վարույթը, այլև կազմակերպում են այն», - ասել է Սերժ Սարգսյանը:

«Իմ հորդորն է ձեզ, որ ծառայության մեջ միշտ լինեք անաչառ, սկզբունքային և հաստատակամ: Միայն այդ դեպքում կարող եք վստահ լինել, որ ձեր գործն արդար է, քանի որ միտված է երկրում իրավակարգի պահպանությանը: Միաժամանակ հիշե՛ք, որ դուք նպաստում եք նաև իրավունքի գերակայության ամրապնդմանը», - հայտարարել է Հայաստանի նախագահը՝ շեշտելով․ - «Ձեր պարտականությունները չեն կարող կատարվել մարդու իրավունքների և ազատությունների չարդարացված սահմանափակումների հաշվին: Պետության կողմից մեկ շահի պաշտպանությունը մյուսը ոտնահարելու միջոցով ապրիորի վնասակար է և երբևէ որևէ օգուտ տալ չի կարող: Նման երևույթն անարդարություն ծնող հիմնական պատճառներից մեկն է»:

Նշելով, որ իրավապահ ոլորտում անելիքները շատ են, Սերժ Սարգսյանը շարունակել է․ - «Վերջին ամիսներին տարբեր մարզերում, ինչպես նաև մայրաքաղաքի կենտրոնում տեղի ունեցած աղմկահարույց դեպքերը վկայում են դրա մասին: Կասկածից վեր է, որ այս գործերով պետք է իրականացվի մանրակրկիտ, համակողմանի և անաչառ քննություն՝ կատարվածի բոլոր մանրամասները պարզելու, բոլոր հանգամանքները պարզելու, բոլոր մեղավորներին հայտնաբերելու և պատասխանատվության ենթարկելու համար»:

Նա նաև հայտնել է, որ 2018 թվականը քննիչների համար նշանավորվելու է սոցիալական կարևորագույն խնդրի լուծմամբ: «Մանրամասները Քննչական կոմիտեի նախագահը կասի», - հավելել է նախագահը:

Հանդիսավոր նիստին՝ նվիրված Քննչական կոմիտեի ծառայողի օրվան և կառույցի կազմավորման երրորդ տարեդարձին, կոլեգիայի անդամներից բացի նիստին մասնակցել են նաև կոմիտեի տարածքային և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները:

Նախագահը Քննչական կոմիտեի մի խումբ աշխատակիցների պարգևատրել է պետական բարձր պարգևներով, խրախուսել շնորհակալագրով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG