Աշխատանքային այցով հոկտեմբերի 7-ին Սյունիքի մարզ այցելած նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է մարզում առաջին անգամ անցկացվող Սպարապետի օրվան նվիրված միջոցառումներին:
Ըստ նախագահի պաշտոնական կայքէջի, Սերժ Սարգսյանը միջոցառումների շրջանակներում այցելել է Խնձորեսկ համայնքում գտնվող Մխիթար Սպարապետի գերեզման, ծաղիկներ դրել և հարգանքի տուրք մատուցել Սպարապետի հիշատակին, իսկ երեկոյան ներկա է գտնվել օրվա խորհրդի ներքո կազմակերպված գալա համերգին:
Սյունիքի մարզ կատարած այցի շրջանակներում նախագահն այցելել է Գորիսում գտնվող Ակսել Բակունցի տուն-թանգարան:
Նախագահին ներկայացրել են, որ 2012-2014 թվականների ընթացքում թանգարանում կատարվել են հիմնանորոգման աշխատանքներ, բարեկարգվել ու նորացվել է ցուցասրահը, ամբողջովին փոխվել են շարժական ցուցադրական վահանակները, ցուցափեղկերը, ավելացվել են նոր ցուցադրանմուշներ:
Հանրապետության նախագահը Գորիսում ծանոթացել է նաև հիմնանորոգվող «Գորիս» հյուրանոցի պայմաններին:
Նախագահը նաև եղել է Վայոց Ձորի մարզում։ Նա հոկտեմբերի 6-ին Ջերմուկ քաղաքում հետևել է Հայաստանի շախմատային ֆեդերացիայի և Շախմատի եվրոպական միության հետ համագործակցությամբ Հայաստանի շախմատի ակադեմիայի կազմակերպած Եվրոպայի պատանեկան «Գրան Պրի» մրցաշարի 2-րդ փուլի ընթացքին։
Հոկտեմբերի 7-ի առավոտյան Սերժ Սարգսյանը տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանի, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Աշոտ Կիրակոսյանի և կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել Ջերմուկում՝ դիտել քաղաքի ձախափնյա թաղամասում սկսված շինարարական աշխատանքների ընթացքը․ այս փուլում իրագործվող ծրագրերի շարքում նախատեսված են Ջերմուկի ձախափնյա թաղամասի բակային ճանապարհների ասֆալտապատում՝ եզրաքարերի տեղադրումով, քաղաքի ձախափնյա թաղամասի բնակելի շենքերի տանիքածածկույթի վերանորոգում՝ 1-ին փուլում թվով 20 շենքերի, Ջերմուկի քաղաքի աջափնյա թաղամասի բակային տարածքների, մասնավորապես՝ Շահումյան և Մյասնիկյան փողոցների շենքերի միացյալ բակային տարածքի բարեկարգում, ինչպես նաև քաղաքի նշված փողոցների շենքերի հարակից հենապատերի և աստիճանների վերակառուցում:
Նախագահին զեկուցվել է, որ բոլոր շինարարական և վերահսկողության աշխատանքների ավարտը, բացառությամբ տանիքաշինության ծրագրի, նախատեսված է ընթացիկ տարեվերջին:
Ջերմուկում Սերժ Սարգսյանը ծանոթացել է նաև աջափնյա թաղամասում և Կեչուտի ջրամբարի հարևանությամբ նախատեսված կառուցապատման ներդրումային ծրագրերի մշակման ընթացքին: