Մատչելիության հղումներ

Ալիև․ Եվրախորհրդից դուրս գալու դեպքում Ադրբեջանի կյանքում շատ քիչ բան կփոխվի


Ադրբեջանի նախագահը ելույթ է ունենում Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովում, արխիվ
Ադրբեջանի նախագահը ելույթ է ունենում Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովում, արխիվ

«Ադրբեջանի կյանքում շատ քիչ բան կփոխվի Եվրոպայի խորհրդից դուրս գալու դեպքում», - Եվրամիության բարձրաստիճան պատվիրակության ներկայացուցիչների հետ օրերս Բաքվում կայացած բանակցությունների ընթացքում հայտարարել է Իլհամ Ալիևը:

Այս թեման հրատապ դարձավ այն բանից հետո, երբ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն սեպտեմբերի վերջին որոշեց Ադրբեջանի դեմ իրավական գործընթաց սկսել, որը կարող է ավարտվել այդ երկրի անդամակցության դադարեցմամբ: Նման կտրուկ քայլի պատճառը անազատության մեջ գտնվող ընդդիմադիր գործիչ Իլգար Մամեդովի հանդեպ պաշտոնական Բաքվի որդեգրած դիրքորոշումն է: Բանն այն է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած վճռին հակառակ՝ Ադրբեջանի իշխանությունները շարունակում են անազատության մեջ պահել ընդդիմադիր գործչին, որին Բաքվի դատարանը 2014 թվականի գարնանը դատապարտել է 7 տարվա ազատազրկման:

Սրան ի պատասխան՝ Բաքվի ներկայացուցիչներից ոմանք չէին բացառել Եվրոպայի խորհրդում Ադրբեջանի անդամակցության միակողմանի դադարեցման հեռանկարը: Բաքվում չորեքշաբթի օրը կայացած բանակցությունների ընթացքում Եվրոպայի խորհրդի և Ադրբեջանի հարաբերությունների մասին Իլհամ Ալիևին հարց ուղղեց գերմանացի դիվանագետ Միխաել Ֆլյուգերը:

«Մեր համոզմամբ՝ Եվրոպայի խորհրդից Ադրբեջանի դուրս գալու գաղափարը չափազանց վատն է թե՛ Եվրոպայի խորհրդի և թե՛ Ադրբեջանի համար: Հուսով ենք, որ դուք մեկ անգամ ևս կխորհեք այս խնդրի մասին: Մենք միանշանակորեն ցանկանում ենք, որպեսզի Ադրբեջանը մնա Եվրոպայի խորհրդի կազմում», - հայտարարում էր Ֆլյուգերը:

Սրան ի պատասխան, սակայն, Ադրբեջանի նախագահը հայտարարեց, թե Բաքվում Եվրոպայի խորհրդին անդամակցության հետ միանգամայն այլ հույսեր էին կապում:

«Երբ մենք անդամակցում էինք այդ կազմակերպությանը, ակնկալում էինք, որ Եվրոպայի խորհուրդը կօգնի մեզ Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման հարցում: Բայց Եվրոպայի խորհուրդն այդ հարցում անհաջողության մատնվեց, այդ հարցը լուծել չհաջողվեց և չի հաջողվի: 2001-2003 թվականներին ես Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի ադրբեջանական պատվիրակության ղեկավարն էի և տեղյակ եմ, թե ինչ է իրենից ներկայացնում այդ կազմակերպությունը և թե ինչ վերաբերմունք է առկա Ադրբեջանի հանդեպ դրա շարքերում: Մենք Եվրոպայի խորհրդին անդամակցել ենք Հայաստանի հետ նույն օրը և մշտապես համեմատում էինք այն բացասական վերաբերմունքը, որ կար Ադրբեջանի հանդեպ, Հայաստանի նկատմամբ [Եվրոպայի խորհրդում] ձևավորված դրական վերաբերմունքի հետ», - հայտարարում էր Ալիևը:

«Այնպես որ, եթե Ադրբեջանը դուրս գա Եվրոպայի խորհրդից, որևէ մեկը դրան որևէ նշանակություն չի տա: Մեր կյանքում ոչինչ չի փոխվի` դրանից հետո մեր կյանքը ոչ կբարելավվի, ոչ էլ կվատթարանա, ոչ կհարստանանք, ոչ էլ կաղքատանանք», - ասում էր Ադրբեջանի նախագահը Եվրամիության պատվիրակության անդամների հետ զրույցում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG