Մատչելիության հղումներ

«Մենք մեր անկախությունն օր-օրի իջեցրել ենք շրիշակի մակարդակի». Արամ Սարգսյան


«Այս մարդիկ այնքան ինքնուրույն ու անկախ չեն, որ սեփական երկրում հանձնաժողով անգամ վախենում են ստեղծել», - Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ հաղորդման ժամանակ ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ Արամ Սարգսյանը։

«Երբ որ ապրիլյան դեպքերի ժամանակ խոսում էին 80-ականների զենքով կռվելուց, հիմա ասում են, որ «Ռուսաստանից էժան ու շատ զենքեր ենք ստացել»։ Երբ որ ասում ես՝ «հանձնաժողով ստեղծենք, տեսնենք, իսկապես ստացել եք, թե ուղղակի գլուխ գովալու համար են», ասում են՝ «էդ թվերը բաց են»։ Այսինքն՝ մի թեմայի շուրջ երեք անգամ խոսքները փոխում են։ Զարմանալի է այդ մարդկանց անհատական զրույցների ժամանակ պահվածքն ու այստեղ պահվածքը։ Վերջիվերջո չգիտեմ՝ միգուցե ես չափից ավել լավատես մարդ եմ, նաև շատ լավ ճանաչում եմ Սերժ Սարգսյանին, կարծում եմ, որովհետև ճանաչում եմ շատ ավելի վաղ՝ 90-ական թվականներից, ու, անկեղծ ասած, նույնիսկ ընկերներիս մոտ չեմ խոստովանել, բայց ես ինքս ինձ մեջ մտածում էի, որ Ռուսաստանի վերջին մեկ ամիս առաջ սպառազինությունների մատակարարումն Ադրբեջանին՝ հարձակվողական զենքերի այդ պաշարը, բանակցությունները, որոնք գնում են, թե՛ Թուրքիայի, թե՛ Ադրբեջանի իշխանությունների հետ C 500-ի վաճառքի առումով, հայոց լեզվի մասին էս արհամարհական վերաբերմունքը, ինչը տեղի ունեցավ, էս ամեն ինչը կլինի այն դրդապատճառը, որ Հանրապետական կուսակցությունը՝ հանձինս Սերժ Սարգսյանի, համաձայն կլինի մեր այս առաջարկին՝ հանձնաժողով ստեղծելու, որը ընդամենը քննարկելու էր, որը նաև իրենց համար խնդիր էր լուծում, որ իրենք այդ ռուսաստաններում ասեին՝ «գիտեք ինչ, տեսեք Հայաստանում այսպիսի տրամադրություններ էլ կան, ու եթե մեզ մոտ շատ ճնշեք ձեր լեզվի մասին օրենքներով, շարունակեք Ադրբեջանին զենք ու զինամթերք վաճառելը, խոսեք Թուրքիայի հետ Եվրասիականի մասին և այլն, մեզ մոտ կարող է հակառուսական մեծ ալիք առաջանալ», - ասաց Սարգսյանը՝ շարունակելով. - «Ես մտածում էի, որ իրենք կարող է դրան պատրաստ լինեն, ու կարող է նույնիսկ համաձայնվեն, բայց պարզվեց, որ այս մարդիկ այնքան վախեցած են, այնքան արդեն ինքնուրույն ու անկախ չեն, որ սեփական երկրում հանձնաժողով անգամ վախենում են ստեղծել՝ թե ռուսներն ինչ կասեն, այ ամբողջ զարմանքը դրանում է»։

Ըստ «Ելք» խմբակցության պատգամավորի, օր-օրի Հայաստանն իր անկախությունն ինջեցրել է շրիշակի մակարդակի։

«Մենք մեր անկախությունն օր-օրի իջեցրել ենք շրիշակի մակարդակի, մենք գոյություն չունենք, ու սա այն դեպքը չէ, որ իմ ընկեր Սուրեն Աբրահամյանն ասում էր՝ «մի քիչ էլ կվատանա ու այդպես կմնա», չէ, դու ինչքան թույլ տվեցիր, որ քեզ արհամարհեն, վաղն ավելի են արհամարհելու, անընդհատ վատանալու է, անընդհատ վատանալու է»։

Հիշեցնենք՝ Ազգային Ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը 10 դեմ, 1 կողմ ձայների հարաբերակցությամբ բացասական եզրակացություն է տվել «Ելք» խմբակցության առաջարկին, որով նախատեսվում էր Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) օգուտներն ու վնասները քննարկելու համար ժամանակավոր հանձնաժողով ստեղծել:

«Կիրակնօրյա վերլուծականն» ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG