Մատչելիության հղումներ

ԱԺ հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց «Ելք»-ի առաջարկին


Ազգային Ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը 10 դեմ, 1 կողմ ձայների հարաբերակցությամբ բացասական եզրակացություն տվեց «Ելք» խմբակցության առաջարկին, որով նախատեսվում էր Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) օգուտներն ու վնասները քննարկելու համար ժամանակավոր հանձնաժողով ստեղծել:

Կողմ էր միայն «Ելք» խմբակցությունից Արտակ Զեյնալյանը: Թե՛ ընդդիմադիր «Ծառուկյան» դաշինքի, թե՛ իշխող կոալիցիայի անդամները դեմ արտահայտվեցին ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու գաղափարին:

Իսկ ԵԱՏՄ-ից դուրս գործընթաց սկսելու վերաբերյալ Ազգային ժողովի հայտարարության բուն նախագիծը արտաքին հարաբերությունների հանձնաժողովում այսօր չքննարկվեց: Դրա քննարկումը երկու ամսով հետաձգվեց, քանի որ հիմնական զեկուցող Էդմոն Մարուքյանը չներկայացավ քննարկմանը:

«Ազատության» ուղիղ եթերում Մարուքյանը պարզաբանեց, թե դա մարտավարական քայլ է՝ ԵԱՏՄ-ի անդամակցության օգուտների և վնասների կապակցությամբ երկարատև քննարկում սկսելու նպատակով․ - «Այսօր իշխանությունները այդ երկու նախագծերը դրել էին մեկ նիստի քննարկման, որ երկուսը միանգամից դեմ քվեարկեն, տեսաք ինչպես են քվեարկում, և արագ հանեն օրակարգից և քննարկումները դրանով դադարեցնեն: Որի արդյունքում «Ելք» խմբակցությունը հնարավորություն չէր ունենա առանձին-առանձին դրանք դարձնել քննարկման առարկա պլենար նիստում: Եվ սա է պատճառը, որ մենք տակտիկական քայլ կատարեցինք, թողեցինք, որ ժամանակավոր հանձնաժողովի հարցը քննարկվի այսօր: Մայր նախագիծը, եթե հիմնական զեկուցողը չի ներկայանում, ապա այն հետաձգվում է երկու ամսով: Այդ ընթացքում ցանկացած պահի մենք կարող ենք դիմել, հանձնաժողովի նիստում քննարկման առարկա դարձնել մեր նախագիծը»:

Բացասական եզրակացություն ստացած այս նախագիծը, Ազգային ժողովի նոր Կանոնակարգ օրենքի համաձայն, ընդդիմադիր խմբակցությունը հնարավորություն ունի դնել մեկուկեսժամյա արտահերթ քննարկման լիագումար նիստում․ - «Մեր հաջորդ քայլը հետևյալն է․ մենք արդեն իսկ այսօր «Ելք» խմբակցության նիստ ենք արել և նիստի ժամանակ ճանաչել ենք այսօրվա մերժված նախագիծը արտահերթ նախագիծ, որը ուղարկել ենք Ազգային ժողովի նախագահին: Եվ այդ նախագիծը կքննարկվի արտահերթ կարգով եկող չորսօրյա նիստերի երկրորդ օրը: Սա նշանակում է, որ մենք կունենանք 90 րոպեանոց քննարկում, դեբատ պլենար նիստում, որից հետո կլինի մեր հաջորդ քայլը: Դա լսումների կազմակերպումն է խորհրդարանում, որը էլի մայր նախագծից է բխեցվում օրենքով սահմանված կարգով: Եվ որից հետո կլինի մայր նախագծի քննարկում»:

Մինչև քվեարկությունը բավական բուռն քննարկում էր: Նիկոլ Փաշինյանը պնդեց, որ հենց ժամանակավոր հանձնաժողովը պետք է նաև դռնփակ նիստերում քննարկի ԵԱՏՄ-ի կազմում Հայաստանի արձանագրած տնտեսական կորուստները՝ առևտրի, ներդրումների, տնտեսական աճի կրճատումները, Հայաստանի կորցրած հնարավորությունները հարևան երկրների հետ ուղղակիորեն տնտեսական համաձայնագրեր կնքելու սահմանափակումները, նաև քաղաքական ու անվտանգության հետ կապված վնասները․ - «Ուզում եմ արձանագրել, որ այդ անվտանգային կոնտեքստը չի ապահովվել, որովհետև ԵԱՏՄ-ին անդամակցելուց հետո միայն հայկական կողմը ղարաբաղյան կոնֆլիկտի գոտում ունեցել է տարածքային լրջագույն կորուստներ, և շատ լրջագույն կասկածներ կան, որ Ադրբեջանը այդ պատերազմի պայմանները քննարկել և համաձայնեցրել է ԵԱՏՄ մեր գործընկերների հետ»:

Հարակից զեկուցողը՝ Հերմինե Նաղդալյանը (ՀՀԿ) եզրակացրեց, որ առանձին հանձնաժողով ձևավորելու կարիք չկա:

Հանրապետական խմբակցությունից Արտաշես Գեղամյանի կարծիքով, եթե Հայաստանը չանդամակցեր ԵԱՏՄ-ին, ապա այժմ Ուկրաինայի ճակատագիրը կկիսեր․ - «Եվ այսօր որպես դրական օրինակ բերել այդ երկրների օրինակը, ինչ խոսք, շնորհակալություն եմ հայտնում, խոսում է, որ ընտրված կուրսը, այն է՝ անդամակցումը ԵԱՏՄ-ին, միանգամայն տեղին ու ճիշտ է: Հակառակ պարագայում կունենայինք այն, ինչ ունեն Ուկրաինայում»:

Արարատ Զուրաբյանը («Ծառուկյան» դաշինք) մատնանշեց, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցի քննարկումը քաղաքական հետևանքներ կարող է ունենալ․ - «Սա սովորական քաղաքական իրավիճակ չէ, և սա սովորական պրոցես չէ: Պետք է այս հարցին մոտենալ մի քիչ ավելի զգուշավոր»:

Դաշնակցությունից Արմեն Ռուստամյանի կարծիքով, հարցն այժմ բարձրացնելը Հայաստանի համար շահեկան չէ․ - «Կարծում եմ, ո՛չ ժամանակն է ճիշտ ընտրված այս նախաձեռնության, ո՛չ էլ ձևը: Ժամանակը վատ է ընտրված ինչ առումով․ մենք այսօր կանգնած են Եվրամիության հետ պայմանագիր ստորագրելու շեմին»:

Նիկոլ Փաշինայնն իր եզրափակիչ ելույթում հայտարարեց, թե փաստորեն իշխող կուսակցությունն էլ համաձայն է, որ Հայաստանին միությունում պահում են շանտաժով․ - «Միակ տրամաբանական ուղիղ հիմնավորումը Արտաշես Գեղամյանը բերեց: Դա շանտաժն ա, որ այ, գազը կթանկացնենք, թուրքերին բաց կթողնենք ձեր վրա, դուք սովից կմեռնեք, հոսանքը կթանկանա․․․ չմտածեք հանկարծ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG