Մատչելիության հղումներ

ԱՄՆ Սենատի հանձնաժողովը շարունակական ֆինանսավորում է ապահովում Լեռնային Ղարաբաղի համար


ԱՄՆ Կոնգրեսի շենքը Վաշինգտոնում
ԱՄՆ Կոնգրեսի շենքը Վաշինգտոնում

Միացյալ Նահանգների Սենատի Հատկացումների հանձնաժողովն ընդունել է 2018 ֆինանսական տարվա Պետական, արտաքին գործառնությունների և հարակից ծրագրերի հատկացումների մասին օրինագիծը, որը շարունակական ֆինանսավորում է ապահովում Լեռնային Ղարաբաղի համար, հաղորդում է Ամերիկայի Հայկական համագումարը (ԱՀՀ):

Հաղորդագրության համաձայն՝ հանձնաժողովն առաջարկում է ղարաբաղյան հակամարտությունից տուժածներին օգնություն տրամադրել նախորդ ֆինանսական տարիներին համապատասխան գումարների չափով և հակամարտության հետ կապված ընթացիկ կարիքների համար: Հանձնաժողովը կոչ է անում խաղաղ լուծում գտնել հակամարտությանը, որը, հաշվի առնելով Ադրբեջանի կողմից Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ վերջին ու աննախադեպ հարձակումները, ընդգծում է շփման գծում հրադադարի հստակ վերահսկման համակարգի ներդրման կարևորությունը:

Ավելի վաղ այս տարի Սենատի Հատկացումների հանձնաժողովին ԱՀՀ-ի ներկայացրած վկայությամբ Համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին կոչ էր արել Ղարաբաղին խոշոր ֆինանսավորում տրամադրել՝ օգնելու ԼՂ ժողովրդի ընթացիկ մարդասիրական և զարգացման կարիքները հոգալ:

Հանձնաժողովը նաև ընդունել է սենատոր Քրիս Վան Հոլլենի (դեմոկրատ, Մերիլենդ) առաջարկած օրենքի լրացումը, որն արգելում է զենքի վաճառքը Թուրքիայի նախագահական անվտանգության վարչությանը` հաշվի առնելով այս տարվա մայիսին Վաշինգտոնում Թուրքիայի անվտանգության անձնախմբի կողմից խաղաղ ցուցարարների դեմ կատարված հարձակումը: Վերջերս 19 անձի, այդ թվում՝ 15 թուրք անվտանգության աշխատակիցների մեղադրանք է առաջադրվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի այցի ժամանակ Թուրքիայի դեսպանի կեցավայրի առջև այս հարձակման հետ կապված:

Օրինագիծը նաև պահպանում է Ազատության աջակցության ակտի 907 բանաձևը՝ վերահաստատելով ընդունված վեց բացառություններն Ադրբեջանին մարդասիրական ու այլ օգնության տրամադրման համար: Համագումարը շարունակում է կոչ անել 907-րդ բանաձևի լիակատար կիրարկումը` հաշվի առնելով հայերի նկատմամբ Ադրբեջանի թշնամական և ագրեսիվ գործողությունները, ասված է հաղորդագրությունում:

«Ամերիկայի Հայկական համագումարը երախտագիտություն է հայտնում Սենատի Հատկացումների հանձնաժողովի երկկուսակցական աշխատանքի համար և հատկապես բարձր է գնահատում սենատոր Վան Հոլլենի ջանքերը՝ օգնելու Արցախի շարունակական ֆինանսավորման ապահովմանը: Հայաստանի և Արցախի վերաբերյալ հույժ կարևոր առաջնահերթություններում ԱՄՆ ներգրավվածության հարցում նրա առաջնորդությունը կենսական նշանակություն ունի, և լիահույս ենք շարունակել մեր հետագա աշխատանքն այս օրհասական ժամանակաշրջանում», - հայտարարել են Համագումարի համանախագահներ Էնթոնի Բարսամյանը և Վան Գրիգորյանը:

«Ավելին, Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի մասին զեկուցման ծրագրի (OCCRP) ներկայացրած վերջին զարգացումներին հետևելով, որ լույս են սփռել նախագահ Իլհամ Ալիևի և նրա ընտանիքի կողմից փողերի լվացման վրա և հայտնի են «Ադրբեջանական լվացքատուն» անվանմամբ, ականատես ենք լինում տարիներով իրականացվող խավիարային դիվանագիտության բացահայտման և մերժման», - ավելացրել են Համագումարի համանախագահները:

Ղեկավարի լրացման փաթեթի շրջանակներում սենատոր Դիք Դուրբինը (դեմոկրատ, Իլինոյս) վիզայի սահմանափակումների մասին օրինագծի դրույթ էր ներառել այն ադրբեջանական պաշտոնյաների համար, «որոնց մասին Պետքարտուղարը հավաստի տեղեկություններ ունի, որ ներգրավված են «Turan»-ի՝ Ադրբեջանի վերջին անկախ լրատվամիջոցի տնօրեն Մեհման Ալիևի անօրինական ազատազրկման գործում»: Նմանապես սենատորներ Ջեյմս Լենքֆորդը (հանրապետական, Օքլահոմա) և Ջին Շահինը (դեմոկրատ, Նյու Հեմփշիր) վիզայի մերժման մասին դրույթ են ներառել այն թուրք պաշտոնյաների համար, ովքեր ներգրավված են Թուրքիայում ԱՄՆ քաղաքացիների անօրինական կալանքի երկարացման գործում:

Օրինագիծը նաև խրախուսում է կրոնական ազատությունը և հալածյալ կրոնական փոքրամասնությունների պաշտպանությունը, մասնավորապես Մերձավոր Արևելքում: 25 միլիոն դոլարի ծրագրերը նաև ներառում են 5 միլիոն ԱՄՆ դոլար՝ վայրագությունների կանխարգելման ծրագրերի համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG