Մատչելիության հղումներ

«Թուրան»-ի ղեկավար․ Ադրբեջանի իշխանությունները կորցրել են իրականության զգացումը


Ադրբեջան - «Թուրան» գործակալության տնօրեն Մեհման Ալիևը հարցազրույց է տալիս մեկուսարանից դուրս գալուց հետո, Բաքու, 11-ը սեպտեմբերի, 2017թ․

«Ադրբեջանի իշխանությունները կորցրել են իրականության զգացումը», - քննչական մեկուսարանից դուրս գալուց հետո տրված առաջին հարցազրույցում հայտարարում էր Ադրբեջանի հնագույն անկախ լրատվական գործակալության` «Թուրան»-ի ղեկավար Մեհման Ալիևը:

Բաքվի Յասամալի շրջանային դատարանը երկուշաբթի օրը որոշեց որպես Ալիևի խափանման միջոց սահմանել տնային կալանքը: Ալիևին մեղադրում են հարկային օրենսգրքի մի շարք հոդվածներ խախտելու մեջ: Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները, սակայն, համոզված են` Մեհման Ալիևի դեմ քրեական գործի հարուցումը միայն մեկ նպատակ ունի` դադարեցնել իշխանությունների կողմից չվերահսկվող վերջին լրատվամիջոցներից մեկի` «Թուրան»-ի գործունեությունը:

«Իմ ձերբակալությունը նախագահի աշխատակազմում տեղեկատվական քաղաքականության համար պատասխանատու պաշտոնյաների ձեռքի գործն էր: Նրանց մշակած այդ քաղաքականությունը տապալվել է: Այդ պաշտոնյաները դա շատ լավ հասկանում են և ցանկանում են խուսափել պատասխանատվությունից», - հայտարարում էր «Թուրան» գործակալության ղեկավարը:

Ադրբեջանի իշխանամետ մամուլում հայտնված տեղեկությունների համաձայն՝ Մեհման Ալիևը քննչական մեկուսարանը կարողացավ լքել միայն Ադրբեջանի նախագահի միջամտությունից հետո:

«Թուրան»-ի տնօրենը, այդուհանդերձ, չի բացառում, որ ադրբեջանական իշխանություններն իրեն ազատ արձակեցին` վախենալով հնարավոր պատժամիջոցների հեռանկարից:

«Իհարկե, ես չէի ցանկանա, որ Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառվեին: Բայց ստեղծված իրավիճակի հեղինակը ես չեմ: Պատժամիջոցների հարցը ծագեց դեռ 2015 թվականի աշնանը: Այն ժամանակ իշխանությունները բարեփոխումների 12 ճանապարհային քարտեզ էին պատրաստել, սակայն դրանք այդպես էլ կյանքի չկոչվեցին», - նշում է Մեհման Ալիևը:

Ադրբեջանցի լրագրողը տնային կալանքի պայմաններում կլինի մինչև դատական պրոցեսի մեկնարկը, որի ժամկետներն, ի դեպ, մինչ այժմ հստակեցված չեն:

Ինչ վերաբերում է «Թուրան» գործակալությանը, ապա դրա ապագան ևս անորոշ է: Գործակալության բանկային հաշիվները սառեցված են, ուստի սեպտեմբերի 1-ից լրատվամիջոցը դադարեցրել է գործունեությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG