Մատչելիության հղումներ

Նալբանդյանը չի հստակեցնում՝ ո՞ր տարածքների հանձնումը վնաս չի հասցնի անվտանգությանը


Էդվարդ Նալբանդյան, արխիվ

Արտգործնախարարը պնդում է, որ իր խոսքերը մեկնաբանվել են «համատեքստից դուրս»:

Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը չի հստակեցնում, թե այդ ո՞ր տարածքներ են, որոնց Ադրբեջանին վերադարձնելու դեպքում վնաս չի հասցվի Ղարաբաղի անվտանգության համակարգին: Նախարարը հորդորում է բանակցային սեղանին առկա առաջարկները դիտարկել որպես մեկ ամբողջություն:

Այսօր արտգործնախարարությունում՝ Մեծ Բրիտանիայի Եվրոպայի և Ամերիկաների հարցերով պետնախարար Ալեն Դանքնի հետ կայացած համատեղ ասուլիսի ժամանակ Նալբանդյանին խնդրեցինք պարզաբանել՝ ո՞ր տարածքներ են, որոնց վերադարձն անվտանգության համակարգին վնաս չի հասցնի: «Որոշ մեջբերումներ և մեկնաբանություններ կոնտեքստից դուրս էին հանված, ինչպես դուք եք հիմա հանում, որովհետև դուք բերում եք ինչ-որ մի փոքրիկ մաս, իսկ մնացածի մասին չեք խոսում:

Ես չեմ խոսել ինչ-որ կոնկրետ տարածքների կամ միայն այս հարցի շուրջ, այլ խոսել եմ եռանախագահող երկրների նախագահների կողմից արված հինգ հայտարարություններում պարունակվող երեք սկզբունքների և վեց տարրերի մասին: Դրանք հենց եռանախագահների բնորոշմամբ՝ մեկ ամբողջություն են ներկայացնում, և այդ սկզբունքները կամ այդ տարրերը մեկը մյուսից տարանջատելն ընդհանրապես անհնար կդարձնի կարգավորումը, որը Ադրբեջանն է փորձում անել:

Իսկ հիմա դուք եք փորձում տարանջատել այդ սկզբունքները կամ այդ տարրերը մեկը մյուսից: Ես նաև նշեցի, ինչպես և հանրապետության նախագահն էր նշել իր ելույթի մեջ, որ կարևորագույնը դա Արցախի կարգավիճակի հարցն է և անվտանգության ապահովման հարցն է: Եթե այս հարցերն իրենց լուծումը գտնեն, ապա մնացածը ածանցյալ են»,- ասաց Նալբանդյանը:

Ընդգծելով, որ տարածքների վերադարձի մասին խոսելուց առաջ, մանրամասն անդրադարձել է «բազմաշերտ անվտանգության երաշխիքներին»՝ Նալբանդյանը շարունակեց․ «Մեր մոտեցումները համահունչ են եռանախագահող երկրների կողմից արված հայտարարություններում պարունակվող առաջարկություների հետ, որոնք մենք ընդունել ենք որպես բանակցությունների հիմք՝ ճանապարհ՝ դեպի հիմնախնդրի կարգավորում»:

Սեպտեմբերի 18-ին Երևանում մեկնարկած Հայաստան-Սփյուռք համահայկական համաժողովում ունեցած ելույթում, անդրադառնալով ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը, արտգործնախարար Նալբանդյանը աղմկահարույց հայտարարություն արեց, նշելով․ «Խոսքը գնում է այն տարածքների վերադարձի մասին, որոնց վերադարձի դեպքում այս ամբողջ հիմնախնդրի կարգավորմանը և անվտանգության համակարգին վնաս չի հասցվելու և սպառնալիքի տակ չի դնելու հանգուցալուծումը»:

Հայաստանի արտգործնախարարը, միևնույն ժամանակ, ներկայացրեց ղարաբաղյան կարգավորման մյուս տարրերը, որոնք առաջ են քաշել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Դրանք են՝

Լեռնային Ղարաբաղի բնակչությունը ազատ կամարտահայտության միջոցով ինքը պետք է որոշի իր ապագան, որը պետք է ունենա միջազգային իրավական ուժ բոլորի համար: Մինչև Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը որոշող այդ կամարտահայտության կազմակերպումը, Լեռնային Ղարաբաղը պետք է ունենա միջանկյալ կարգավիճակ, որը պետք է ներառի այն ամենը ինչ ունի Լեռնային Ղարաբաղը, իսկ միջազգային հանրությունը՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի միջոցով պետք է ճանաչի այդ միջանկյալ կարգավիճակը:

Լեռնային Ղարաբաղին տրամադրվելու են միջազգային անվտանգության բազմաշերտ երաշխիքներ, ինչը նշանակում է ոչ միայն բազմազգ խաղաղապահ ուժեր և խաղաղապահ գործողություններ Լեռնային Ղարաբաղի շուրջ և անվտանգության երաշխիքներ տրամադրող՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձև, այլև պետք է ճանաչվի, որ Հայաստանն ու Ղարաբաղի պաշտպանության բանակը Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավորն են:

Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ պետք է ունենա ցամաքային, օդային անվտանգ կապ, որպեսզի Ադրբեջանը չկարողանա օգտագործել իր զինանոցում առկա սպառազինությունը՝ հարցականի տալ դնելով այդ կապի անվտանգությունը: Եվ վերջապես, փախստականները պետք է վերադարձի իրավունք ունենան, սակայն կվերդառնան, թե ոչ՝ այլ հարց է:

Նալբանդյանի հայտարարությանն օրերս անդրադաձել էր նաև Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը, ասելով․ «Ես այդպիսի տարածքներ չգիտեմ դեռ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG