Մատչելիության հղումներ

Մեզ ավելի շատ տարածքներ են պետք՝ ԼՂ անվտանգությունը երաշխավորելու համար․ ԶՈւ շտաբի պետ


ԶՈւ շտաբի պետ Մովսես Հակոբյան, «Եռաբլուր», 21-ը սեպտեմբերի, 2017 թ․

Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանն, այսօր լրագրողների հետ զրույցում արձագանքելով արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի՝ Ադրբեջանին տարածքներ վերադարձնելու հնարավորության մասին օրերս արած հայտարարությանը, ասաց՝ անվտանգությունը երաշխավորելու համար «մեզ ավելի շատ տարածքներ են հարկավոր»:

Սեպտեմբերի 18-ին Երևանում մեկնարկած Հայաստան-Սփյուռք համահայկական համաժողովում ունեցած ելույթում, ներկայացնելով ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման տարրերը, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը խոսել էր նաև Ադրբեջանին տարածքներ վերադարձնելու հնարավորության մասին, մասնավորապես, նշելով․ «Խոսքը գնում է այն տարածքների վերադարձի մասին, որոնց վերադարձի դեպքում այս ամբողջ հիմնախնդրի կարգավորմանը և անվտանգության համակարգին վնաս չի հասցվելու և սպառնալիքի տակ չի դնելու հանգուցալուծումը»:

Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետն այսօր առավոտյան այցելել էր «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ Հայաստանի անկախության 26-րդ տարեդարձի առթիվ հարգանքի տուրք մատուցելու զոհվածների հիշատակին: «Եռաբլուր» պանթեոնում էին նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, ԼՂ նապխագահ Բակո Սահակյանը, Ամենայն Հայոց և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսները:

Հարցին՝ այդ ո՞ր տարածքների մասին է խոսքը, որոնց վերադարձնելը անվտանգության համար սպառնալիք չի լինի, գեներալ Մովսես Հակոբյանը պատասխանեց․ «Ես այդպիսի տարածքներ չգիտեմ դեռ, այսօր Արցախում ստեղծված պաշտպանության համակարգի խաթարման դեպքում անվտանգությունը լուրջ սպառնալիքի տակ կհայտնվի»:

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին ևս խնդրեցինք արձագանքել՝ ո՞ր տարածքների վերադարձը վնաս չի հասցնի Լեռնային Ղարաբաղի անվտանգության համակարգին: Վերջինս, սակայն, խոստացավ այդ հարցին անդրադառնալ մի քանի օրից կայանալիք մամլո ասուլիսին: ԼՂ արտգործնախարար Կարեն Միրզոյանն էլ, պատասխանելով նույն հարցին, ընդգծեց․ «Արցախի ներկայիս անվտանգության համակարգը հիմնված է այն տարածքների վրա, որոնք կազմում են Արցախի Հանրապետության անբաժան մասը: Ցանկացած փոփոխություն, որը կարող է վտանգել Արցախի և նրա ազգաբնակչության անվտանգությունը, իհարկե անընդունելի է»:

Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանն էլ ասաց, թե չի կարծում, որ այն, ինչ այսօր առկա է ղարաբաղյան բանակցությունների սեղանին, պաճառ է մտահոգվելու համար: «Ես չեմ կարծում, որ գործը կհասնի նրան, որ մենք տարածք կհանձնենք»,- հավելեց սրբազանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG