Մատչելիության հղումներ

Բաբլոյան․ Հայաստանը Վրաստանից հավասարակշռված դիրքորոշում է ակնկալում Ղարաբաղի հարցում


Լուսանկարը՝ ԱԺ հանրային կապերի վարչության
Լուսանկարը՝ ԱԺ հանրային կապերի վարչության

Հայաստանը մեծապես արժևորում է Վրաստանի դերակատարությունը Հարավային Կովկասի տարածաշրջանային անվտանգության հարցերում և ակնկալում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացում Վրաստանի հավասարակշռված դիրքորոշումը: Այդ մասին հայտարարել է Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը՝ Թբիլիսի պաշտոնական այցի շրջանակում երեկ հանդիպելով Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հետ:

«Մեր պատկերացմամբ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի: Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը, լինելով մարդու իրավունքների խնդիր, կարող է լուծվել միայն Արցախի ժողովրդի ազատ ինքնորոշման միջոցով», - Ազգային ժողովի հանրային կապերի վարչության փոխանցմամբ՝ ասել է Բաբլոյանը:

Հայաստանի խորհրդարանի խոսնակն ընդգծել է, որ Ադրբեջանի կողմից սանձազերծված սպառազինությունների մրցավազքը լուրջ վտանգ է տարածաշրջանի բոլոր երկրների համար:

«Մեր եղբայրական սիրտը ցավում է ադրբեջանա-հայկական հակամարտության համար: Մի բան հաստատ է, որ մեր՝ փոքր ազգերիս համար այդպիսի հակամարտությունները կարող են լինել կործանարար: Մենք աղոթում ենք տարածաշրջանի խաղաղության համար», - հայտարարել է Վրաստանի նախագահը:

Մարգվելաշվիլին շնորհակալություն է հայտնել Հայաստանին Վրաստանում տեղի ունեցած հրդեհների ժամանակ աջակցելու համար, ափսոսանք է հայտնել, որ այդպիսի աղետներ են եղել նաև Հայաստանում:

Խոսելով վրաց-հայկական դիվանագիտական հարաբերություններից՝ Վրաստանի նախագահը մասնավորապես նշել է, որ արդեն 25 տարի երկու երկրների հարաբերություններում առաջընթացն ակնհայտ է, և Վրաստանը մշտապես պատրաստ է Հայաստանի հետ քննարկելու ցանկացած հարց և առավել զարգացնելու երկու երկրների հարաբերությունները բոլոր ոլորտներում:

Նույն օրը Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը հանդիպել է Համայն Վրաստանի Կաթողիկոս-պատրիարք Իլյա երկրորդի հետ:

Հիշեցնենք, Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը երկօրյա այցով Թբիլիսի է ժամանել երեկ և նախ հանդիպել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեի հետ: Ծրագրված են նաև հանդիպումներ Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի, արտգործնախարար Միխեիլ Ջանելիձեի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG