Մատչելիության հղումներ

Թբիլիսիում կայացավ Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների նախագահների հանդիպումը


Լուսանկարը՝ ԱԺ հանրային կապերի վարչության

Այսօր պաշտոնական այցով Թբիլիսի ժամանած Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են պատգամավորներ Արմեն Աշոտյանը, Արմեն Ռուստամյանը, Վարդևան Գրիգորյանը և Լենա Նազարյանը, հանդիպել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեի հետ:

Ազգային ժողովի հանրային կապերի վարչության հաղորդագրության համաձայն՝ հանդիպման ժամանակ Բաբլոյանն ընդգծել է, որ Հայաստանի իշխանություններն անկախության վերականգնման առաջին իսկ օրերից մեծ կարևորություն են տվել Վրաստանի հետ համագործակցության զարգացմանն ու ընդլայնմանը: «Միմյանց հետ հարաբերություններում մենք միշտ առաջնորդվել ենք մեկ ճշմարիտ սկզբունքով՝ մեր միջև չլուծվող խնդիրներ չկան», - ասել է նա՝ հույս հայտնելով, որ ապագայում ևս արդյունավետ համագործակցությունը կշարունակվի, նոր ուղիներ կգտնվեն բազմաբնույթ շփումների սերտացման համար` առավելագույնս օգտագործելով առկա ողջ ներուժը:

ԱԺ նախագահը վրացի գործընկերոջն առաջարկել է առավել հաճախակի դարձնել երկու երկրների խորհրդարանականների համագործակցությունը փոխայցերի, համատեղ քննարկումների ձևաչափով:

Կոբախիձեն նկատել է, որ թեև այս տարի նշվում է երկու երկրների դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակը, սակայն վրաց-հայկական բարեկամությունն ունի դարերի պատմություն: Նա վստահեցրել է, որ Վրաստանի խորհրդարանական բոլոր ուժերն ունեն միատեսակ դիրքորոշում այն մասին, որ Հայաստանի հետ հարաբերությունները պետք է լինեն եղբայրական, ու քայլեր պետք է ձեռնարկվեն դրանք առավել ամրացնելու ուղղությամբ:

Հանդիպումից հետո Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունն այցելել է Վրաստանի տարածքային ամբողջականության համար զոհված հերոսների հրապարակ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG