Մատչելիության հղումներ

Նալբանդյանի հայտարարության մեջ երկու մեթոդաբանական սխալ կա․ Իգիթյան


Հովհաննես Իգիթյան, արխիվ
Հովհաննես Իգիթյան, արխիվ

«Մի միտք է գալիս, որ հնարավոր է՝ Լավրովն է զանգել և խնդրել՝ նման հայտարարություն անել: Պատմության մեջ արդեն եղել է, Էդուարդ Նալբանդյանն ինչ-որ բաներ է արել Լավրովի զանգով, ինչի մասին Լավրովը հայտարարել է»: Այս մասին «Ազատության» հետ զրույցում ասաց Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Իգիթյանը՝ մեկնաբանելով Էդվարդ Նալբանդյանի՝ Ադրբեջանին տարածքներ վերադարձնելու հնարավորության մասին օրերս արած աղմկահարույց հայտարարությունը:

Սեպտեմբերի 18-ին Երևանում մեկնարկած Հայաստան-Սփյուռք համահայկական համաժողովում ունեցած ելույթում, ներկայացնելով ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման տարրերը, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը խոսել էր նաև Ադրբեջանին տարածքներ վերադարձնելու հնարավորության մասին, մասնավորապես, նշելով․ «Խոսքը գնում է այն տարածքների վերադարձի մասին, որոնց վերադարձի դեպքում այս ամբողջ հիմնախնդրի կարգավորմանը և անվտանգության համակարգին վնաս չի հասցվելու և սպառնալիքի տակ չի դնելու հանգուցալուծումը»:

Իգիթյանը շարունակում է․ «Այս պարագայում տեղի է ունեցել երկու մեթոդաբանական մեծ սխալ, կապված հակամարտության հետ: Առաջին՝ եթե մենք նայենք այն հայտարարությունները, որոնք հնչում են Ադրբեջանի կողմից, դրանցում Հայաստանը միշտ ներկայացվում է, որպես ագրեսոր: Եվ այս համատեքստում հանկարած Նալբանդյանը ասում է՝ մի քանի ոչ կարևոր հողակտոր կտանք: Նախ՝ ինքը խոսում է որպես Հայաստանի արտգործնախարար, ի՞նչ գործ ունես այդ հողերի հետ: Մինսկի խումը կոնֆլիկտի մոդելն ընդունում է այսպես՝ կա Հայաստան, որը պետք է իր ազդեցությունն օգտագորևծի ԼՂ-ի հանդեպ, և կա Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, որն ունի պաշտպանության բանակ, որը վերահսկում է այդ տարածքները:

Եթե ինքն ասեր՝ մենք կփորձենք համոզել, դա այլ հարց է: Բայց ինքն ասում է՝ մենք պետք է վերադարձնենք: Սա մեկ սխալ: Երկրորդը՝ Ադրբեջանը վերջերս ընդհանրապես բանակցային պրոցեսին չի մասնակցում, այլ փորձում է հարցը լուծել ճնշմամբ, տեռորով, վախեցնելով, զենքի սպառնալիքով: Եվ այդ ամենից հետո Հայաստանը հանկարծ ասում է՝ ես հողեր կտամ: Ստացվում է, որ Ադրբեջանի այս ռազմատենչ ագրեսիան արդյունք է բերում:

Հայաստանի տեսակետը պետք է լինի հետևյալը՝ ԼՂՀ-ն պետք է ունենա այնպիսի կարգավիճակ, որ անվտանգությունը 100 տոկոսով ապահովված լինի, իսկ թե ինչպես է հայկական կողմը տեսնում զիջումները, դա արդեն վերջում պետք է ներկայացնի Լեռնային Ղարաբաղը, իսկ Հայաստանը պետք է ընդունի ԼՂ-ի որոշումը: Ում էլ ուղղված լինի Նալբանդյանի ուղերձը՝ Ռուսաստան, Մինսկի խումբ և այլն, որևէ դրական արդյունք դրանում չկա»,- ասաց Հոհաննես Իգիթյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG