Մատչելիության հղումներ

Կարապետյան․ Վարչապետի թեկնածուի հարցով Հանրապետականը դեռ պաշտոնական կարծիք չի արտահայտել


Վարչապետ Կարեն Կարապետյանը զրուցում է լրագրողների հետ, արխիվ
Վարչապետ Կարեն Կարապետյանը զրուցում է լրագրողների հետ, արխիվ

«Հանրապետականի պաշտոնական կարծիքը կլինի՝ կխոսեմ», - ասաց վարչապետը:

Հանրապետական կուսակցությունը դեռ պաշտոնական կարծիք չի արտահայտել, թե 2018-ի ապրիլից հետո ով կլինի վարչապետը: «Երբ կլինի այդ կարծիքը, հայտնի կլինի թեկնածուն, այն ժամանակ էլ կխոսեմ», - ի պատասխան «Ազատության» հարցին այսօր հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը։

Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի ընթացքում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ վարչապետից հետաքրքրվել էինք՝ ի՞նչ է մտածում այն մասին, որ Հանրապետական կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանն «Ազատությանն» ավելի վաղ ասել էր, որ երկրի հետագա կառավարությումը անհրաժեշտ է հանձնել գործող նախագահ Սերժ Սարգսյանին, «ուրիշ երկրորդ մարդ չկա»:

Հարցին՝ եթե նախագահը պաշտոնավարման ավարտին ստանձնի գործադիրի ղեկավարի պաշտոնը, արդյո՞ք կիսատ են մնալու իր խոստումներն ու ծրագրերը, Կարապետյանն արձագանքեց․ - «Եկեք այսպես ասենք՝ մասնավոր անձանց կարծիքները թույլ տվեք չմեկնաբանեմ: Օֆիցիալ Հայաստանի հանրապետական կուսակցության կարծիքը երբ որ լինի՝ հարց տվեք: Դուք օֆիցիալ կարծիքը կուսակցության լսե՞լ եք՝ ոչ: Երբ որ լինի, այն ժամանակ կխոսեմ», - ասաց վարչապետը:

«Կուսակցության կարևոր դեմքերի հայտարարությունը․․․», - այս դիտարկմանը Կարապետյանը հակադարձեց. - «Դա իրենց մասնավոր կարծիքն է, կուսակցությունը դեռ որոշում չունի, կուսակցությունը հենց որոշում ունենա՝ կհայտարարենք»:

Լրագրողները վարչապետին նաև հարցրեցին՝ իսկ Սերժ Սարգսյանի վարչապետ մնալու մասին հանրապետականների հայտարարություններում հատուկ մեսիջներ չի՞ տեսնում արդյոք։ Վարչապետն ասաց. - «Հարցին արդեն պատասխանել եմ»։

Մինչդեռ այսօր առավոտյան նույն թեմայի շուրջ Կարապետյանին հարց էր տվել նաև սփյուռքահայ գործարարներից մեկը՝ խնդրելով մեկ բառով պատասխանել, թե արդյոք կփափագի մնալ իր պաշտոնին։ Վարչապետն էլ մեկ բառով պատասխանել էր՝ այո՛։

Վարչապետի թեկնածուի թեմայի մասին «Ազատություն»-ը հետաքրքրվեց նաև Երևանի քաղաքապետ, հանրապետական Տարոն Մարգարյանից։ Նա ևս կարծում է, որ Սերժ Սարգսյանին փոխարինող չկա․ - «Այո, իմ կարծիքով Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահին փոխարինող չկա»:

«Մաշկի վրա չենք զգացելը շատ սուբյեկտիվ գործոն ա, ես հաշվետվություն եմ տալիս թվերով»

Համաժողովի մասնակիցներին վարչապետն այսօր ներկայացրեց իր պաշտոնավարման մեկ տարվա արդյունքները․ 6.2 տոկոս տնտեսական ակտիվության աճ, արտահանման 21.6 և ներմուծման 28.5 տոկոսի աճ։ Այս ու մյուս ցուցանիշների բարելավումը, սակայն, ըստ Կարապետյանի, բավարար չեն հայաստանցիների կյանքի որակը փոխելու համար: Նա կոչ անելով սփյուռքահայերին միասին կառուցելու բոլորի երազանքների երկիրը․ - «Փաստ է նաև, որ ոմանց մոտ եղել են օբյեկտիվ և սուբյեկտիվ հիասթափություններ: Ի՞նչ անենք, նեղանա՞նք իրարից, ֆիքսվե՞նք դրա վրա: Ես համոզված եմ, որ մենք իրավունք չունենք հուսալքվելու, հիասթափվելու, ձեռքներս ծալելու և նեղացած կեցվածք ընդունելու մեկս մյուսի նկատմամբ: Դա ուղղակի անտրամաբանական է և անհեռանկարային: Եթե նույնիսկ ամենքս չունենք մեղքի մեր բաժինը, ապա ամենքս ունենք այն ավելին, որ կարող ենք անել»:

Արտագաղթը շարունակվում է, իսկ քաղաքացիներն իրենց մաշկվի վրա չեն զգում դրական փոփոխություն․ արդեն լրագրողները նման դիտարկմամբ դիմեցին վարչապետին։ Կարապետյանն արձագանքեց՝ ընթացիկ մեր ցուցանիշները լավագույնն են ԵԱՏՄ-ում, ԱՊՀ-ում և տարածաշրջանում․ - «Եթե մենք ուզում ենք առարկայական խոսել, այլ ոչ թե էմոցիոնալ․ մաշկի վրա չենք զգացել, շատ սուբյեկտիվ, անչափելի գործոն ա: Դե, ես ձեզ հաշվետվություն եմ տալիս թվերով: Թվերի հետ կապված խնդիր ունե՞ք, հարց ունե՞ք՝ սիրով [պատասխանեմ]»:

«Ազատություն»-ը Կարապետյանից հետաքրքրվեց, թե ինչու են այդ դեպքում համաժողովի մասնակիցներից շատերը նշում, որ Հայաստանը վստահելի երկիր չէ բիզնեսի համար, և իրենք վախենում են այստեղ ներդրումներ կատարել․ - «Մեր սփյուռքահայերի հետ հարաբերությունների ժամանակ կան և օբյեկտիվ գնահատականներ, կան և սուբյեկտիվ գնահատականներ: Շատերը, անհաջողակ լինելով բիզնեսի մեջ․․․ շատ քիչ բիզնեսմեն կա, որ ընդունում ա, որ ինքն ռիսկերը սխալ ա հաշվարկել, և յուրաքանչյուրին մեղադրում ա: Մենք նաև ունենք մեր հայրենակից սփյուռքահայեր, որոնք գալիս են Հայաստան և Հայաստանի կառավարությունից սպասում են այն, ինչ որևիցե երկրում չեն սպասում․․․ Բայց որ մենք ռեգուլյալ պետք է աշխատենք, որպեսզի անվստահության մթնոլորտը, եթե այդպիսին կա, կոտրենք, դա փաստ է»:

Վարչապետի ելույթը ներշնչել էր սփյուռքահայերին, սակայն մեր զրուցակիցները կրկին անգամ փաստեցին՝ խոսքը գործ պետք է դառնա, որպեսզի ցանկացողներն առանց վախի իրենց ներդրումն ունենա հայրենիքի տնտեսության կայացման գործում։

«Տակավին դեռ մտավախություններ ունենք, պետք է հաստատ պայմաններ լինեն, որպեսզի բոլորս քաջալերվենք և գանք ներդրումներ կատարենք հայրենիքում», - ասաց լիբանանահայ գործարար Սեդրակ Քյուրեջյանը:

Սփյուռքահայ մասնակիցները նշում ենն, որ միայն այս հարցերը լուծելու դեպքում հնարավոր կլինի իրագործել նաև նախագահ Սարգսյանի՝ 4 միլիոնանոց երկիր ունենալու տեսլականը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG