Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանին փոխարինող երկրորդը չկա․ Գալուստ Սահակյան


Գալուստ Սահակյան, Երևան, 14-ը սեպտեմբերի, 2017 թ․
Գալուստ Սահակյան, Երևան, 14-ը սեպտեմբերի, 2017 թ․

«Երկրի հետագա կառավարումն անհրաժեշտ է հանձնել գործող նախագահ Սերժ Սարգսյանին, ուրիշ երկրորդ մարդ չկա»: Այսօր «Ազատության» հետ զրույցում նման համոզմունք հայտնեց իշխող Հանրապետականի փոխնախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանը՝ պատասխանելով հարցին՝ 6 ամիս անց, երբ Սարգսյանը վայր կդնի նախագահի լիազորությունները, ո՞վ է ստանձնելու վարչապետի պաշտոնը:

Գալուստ Սահակայնն ասաց նաև, թե Հանրապետականում շատերն են իր նման մտածում, ու թեև այդ հարցը չի քննարկվել, գրեթե վստահ է, որ ՀՀԿ-ում իր այս դիրքորոշմանը բոլորը համամիտ են: Ավելին՝ Սահակյանն ասաց, թե այժմ ինքն աշխատում է այդ ուղղությամբ, որ 2018-ից հետո ևս Սերժ Սարգսյանը շարունակի կառավարել երկիրը:

Սահակյան- Երկրի հետագա կառավարումն անհրաժեշտ է հանձնել այսօրվա գործող նախագահին, դա ոչ թե կոալիցիոն որոշում է, այլ ես այդպես եմ համարում:

«Ազատություն»- Դուք պնդելու՞ եք, եր Սերժ Սարգսյանը դառնա վարչապետ:

Սահակյան- վարչապետ կլինի, թե ինչ-որ այլ․․․ ես կարծում եմ, որ ամենաուժեղ ֆիգուրը լինելու է Ազգային ժողովը, ոչ թե անձը, որովհետև 6 ամիսը մեկ, նույնիսկ՝ 3 ամիսը մեկ կարող է վարչապետ փոխվել:

«Ազատություն»- Սերժ Սարգսյանը ո՞նց է կառավարելու երկիրը, եթե 6 ամսից վայր է դնելու իր լիազորությունները, ո՞րն է ղեկավարման լծակը:

Սահակյան- Ես գիտեի, թե դուք Սահմանադրությունը լավ եք ուսումնասիրել: Հանրապետականը 58 մարդ ունի, պլյուս Դաշնակցությունը, Հանրապետականն ում կառաջարկի թեկնածու, ինքն էլ կարող է անցկացնել: Այդ իմաստով գտնում եմ, որ ինքը պիտի հետագայում ղեկավարի մեր երկիրը, ուրիշ երկրորդ մարդ չկա»:

«Ազատություն»- Հնարավո՞ր է, որ Սերժ Սարգսյանը, չլինելով վարչապետ, կարողանա իրականացնել երկրի ղեկավարումը:

Սահակյան- Նման ենթադրությունների չեմ հավատում:

«Ազատություն»- Կարծում եք՝ նա կլինի վարչապե՞տ:

Սահակյան- Իհարկե, էդպես չի լինի, որ մարդը պետական-սահմանադրական լիազորություններ չունենա և կարողանա երկիր ղեկավարել: Ես, համենայն դեպս, դրան չեմ հավատում:

«Ազատություն»- Այսինքն՝ ավելի հավանական է, որ առաջադրվի հենց ի՞ր թեկնածությունը վարչապետի պաշտոնում:

Սահակյան- Ես դեռևս չեմ ասում՝ իր թեկնածությունն առաջադրվի վարչապետի պաշտոնում: Ես ասում եմ՝ պետք է ՍերԺ Սարգսյանը հետագայում ուղղորդի մեր երկրի բոլոր տեսակի գործողությունները:

«Ազատություն»- Եվ ձևը կգտնի:

Սահակյան- Ձևը գտնելը շատ հեշտ է: Իհարկե՝ ինձ հավատում եք, ես էլ եմ ինձ հավատում, որ իմ ասածը վերջնական կլինի, բայց մի մտածեք, որ միայն ես եմ որոշում:

«Ազատություն»- Ասում եք, որ շատերը ձեզ նման են մտածում:

Սահակյան- Ես աշխատում եմ նաև այդ ուղղությամբ, որ դա էդպես լինի:

«Ազատություն»- Կհաջողվի՞:

Սահակյան- Չգիտեմ:

Հարցին՝ Կարեն Կարապետյանը վատ չի՞ զգում, որ Հանրապետականում շատերն ուզում են, որ հենց Սերժ Սարգսյանը շարունակի կառավարել երկիրը, Գալուստ Սահակյանը պատասխանեց՝ ինքը վարչապետի հետ շատ մտերիմ է, Կարապետյանն իրեն վատ չի զգում, որ հիմա Սերժ Սարգսյանը նախագահ է, իսկ ինքը վարչապետ: Բացի այդ, ըստ Գալուստ Սահակյանի, Սերժ Սարգսյանը, ի տարբերություն մյուս ՀՀԿ-ականների, միակն է, ով քաղաքական միավորի՝ կուսակցության առաջնորդ է:

«Սերժ Սարգսյանը պետության մեջ միակ մարդն է, որն ունի քաղաքական միավոր, կուսակցություն, մնացածը՝ ո՛չ այսօրվա վարչապետը, ո՛չ Գալուստ Սահակյանը, ո՛չ մյուսը [չունեն]: Վերջին հաշվով 90-ական թվականներից մինչև հիմա ընտրությունների մեջ եմ: Յուրաքանչյուրս ունենք մեր թիմը և շատ հուժկու թիմեր ունենք: Բայց մենք այդպիսի ամբողջական թիմ չունենք: Այսինքն՝ քաղաքական լիդերը եթե քաղաքական թիմ չունի, նա լիդերություն չի կարող անել: Նույնիսկ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի ժամանակ մարդիկ կային, որոնք կարող էին լինել պրեզիդենտ: Այս պահին մենք չունենք մարդ: Եթե կա, թող որևէ մեկը ասի՝ ում է ուզում»,- ասաց Գալուստ Սահակյանը:

Արձագանքելով «Ազատության» դիտարկմանը, թե ընդդիմադիր «Ելք»-ն անընդունելի է համարում, որ Սերժ Սարգսյանը նախագահի լիազորությունները վայր դնելուց հետո շարունակի կառավարել երկիրը, քանի որ այդ կերպ Հայաստանը կնմանվի Ադրբեջանին և Թուրքմենստանին, Հանրապետականի փոխնախագահն ասաց՝ Հայաստանում ընդդիմություն չկա:

«Ես դեռևս ընդդիմություն այս պահին չեմ ճանաչում: Մենք ունենք ընդդիմադիր գործիչներ: Ընդդիմություն, որպես քաղաքական խումբ, Հայաստանում չկա: Նրանք ընդդիմություն չեն: «Ելք»-ն էլ ընդդիմություն չէ, ընդդիմադիր մարդիկ են, մի քանի հոգի են և տարբեր գաղափարներ ունեցող մարդիկ, ոչ միասնական գաղափարներ ունեցող մարդիկ են: Դուք ասում եք՝ «Ելք»-ը ընդդիմություն է: Դեռևս այդ երիտասարդ կազմը չգիտի, թե ո՞վ է ամենակարևոր գաղափարական մարդը Հայաստանի համար: Այսինքն՝ պետք է մարդիկ լինեն, որոնք պետության ներսում որևէ գործ կատարած լինեն, նոր քաղաքականության մասին մտածեն»,- հավելեց Գալուստ Սահակյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG