Մատչելիության հղումներ

Եղնուկյանի զավակներն արդեն ազատ են արձակվել․ օմբուդսմենի աշխատակազմ


Օմբուդսմեն Արման Թաթոյան, արխիվ
Օմբուդսմեն Արման Թաթոյան, արխիվ

Այսօր առավոտյան ոստիկանության կողմից բերման ենթարկված անձանցից Հակոբ, Հռիփսիմե, Էլմոն Եղնուկյաններն արդեն ազատ են արձակվել, հաղորդում է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը:

«Այսօր՝ վաղ առավոտյան, «Հայ կանանց ճակատ» նախաձեռնության համակարգող Սյուզան Սիմոնյանը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի «թեժ գծի» հեռախոսահամարին ահազանգով տեղեկացրել է, որ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժին են բերման ենթարկել Հակոբ, Հռիփսիմե, Էլմոն Եղնուկյանները և «Հայ կանանց ճակատ» նախաձեռնության անդամներ Ռուզաննա Եղնուկյանը, Աղավնի Սահակյանն ու Գեղեցիկ Տոնոյանը։ Ըստ ահազանգի՝ վերջիններիս բերման են ենթարկել Հայաստան-Սփյուռք համաժողովի մասնակցիների ներկայությամբ Ժիրայր Սեֆիլյանի և Կարո Եղնուկյանի մասին պաստառներով թռուցիկներ բաժանելու համար», - ասված է օմբուդսմենի աշխատակազմի հաղորդագրությունում:

Ահազանգից անմիջապես հետո օմբուդսմենի աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են ոստիկանության Կենտրոնականի բաժին, առանձնազրույցներ են ունեցել բերման ենթարկված անձանց հետ, պարզաբանումներ են պահանջվել նրանց բերման ենթարկելու իրավական հիմքերի վերաբերյալ: «Ոստիկանության աշխատակիցների պարզաբանմամբ՝ նշված անձինք բերման են ենթարկվել Հանրապետության հրապարակում պայթուցիկ սարքերի առկայության վերաբերյալ ահազանգի հիման վրա», - նշված է հաղորդագրությունում:

«Ոստիկանության հետ համատեղ աշխատանքի արդյունքում բերման ենթարկված անձանցից Հակոբ, Հռիփսիմե, Էլմոն Եղնուկյաններն ազատ են արձակվել, աշխատանքներ են տարվում մյուսներին ազատ արձակելու ուղղությամբ», - փոխանցում է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG