ԱՄՆ Սենատը երեկ հավանություն է տվել պաշտպանական քաղաքականության նոր օրինագծին, որը կոչ է անում Պենտագոնին պայքարել ռուսական քարոզչության դեմ և սկսել նոր թևավոր հրթիռների արտադրությունը, ինչը, քննադատների համոզմամբ, կհանգեցնի «սառը պատերազմի» ժամանակ կնքված առանցքային համաձայնագրի վախճանին։
Նոր հրթիռի արտադրության համար Պենտագոնը կարող է 65 միլիոն դոլար ծախսել։
Միացյալ Նահանգները հայտարարում է, որ Ռուսաստանը խախտել է 1987 թվականի Միջուկային զենքի համաձայնագիրը, և այս նոր օրինագիծը, ըստ էության, պատասխան քայլ է։
Ռուսաստանը, մինչդեռ, հերքել է մեղադրանքները, թե հրթիռ է գործարկել՝ խախտելով 1987-ին կնքված առանցքային համաձայնագիրը։
1215-էջանոց փաստաթղթի մեկ այլ կետով էլ նախատեսվում է ընդլայնել ԱՄՆ կառավարության արգելքը՝ օգտագործելու Kaspersky Lab-ի ծրագրերը պետական կառույցների համակարգիչներում։
Հիշեցնենք, Միացյալ Նահանգների կառավարությունը անցած շաբաթ բոլոր դաշնային գործակալություններին հրահանգել է հանել Kaspersky Lab-ի ծրագրերը՝ վկայակոչելով այդ ընկերության պաշտոնյաների և ռուսական հետախուզության ու կառավարության միջև կապը: Կրեմլը հայտարարել է, որ այդ որոշումը հակասում է արդար մրցակցության կանոններին: