Մատչելիության հղումներ

Ռուսները միջամտել են մոտ երեք տասնյակ երկրների ներքին գործերին


ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Արևելյան տնտեսական համաժողովում, արխիվ, Վլադիվոստոկ, 6 սեպտեմբերի, 2017թ.
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Արևելյան տնտեսական համաժողովում, արխիվ, Վլադիվոստոկ, 6 սեպտեմբերի, 2017թ.

2004 թվականից ի վեր Ռուսաստանը փորձել է ազդել Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի առնվազն 27 պետությունների ներքաղաքական զարգացումների վրա: Միջամտության եղանակները կիբերհարձակումները և ապատեղեկատվության տարածումն են:

Այդ մասին ասվում է German Marshall հիմնադրամի Դեմոկրատիայի ապահովման միության պատրաստած զեկույցում, որը տրամադրվել է USA TODAY պարբերականին:

Հիմնադրամը հետևում է սոցիալական ցանցերի, մասնավորապես, Ֆեյսբուքի և Թվիթերի միջոցով Կրեմլի համար բարենպաստ տեսակետներ տարածելու և ամերիկյան հանրային կարծիքի վրա ազդելու փորձերին:

Ֆեյսբուքն արդեն անցկացրել է ներքին հետաքննություն և պարզել, որ հարյուրավոր կեղծ օգտահաշիվներ և էջեր տեղադրել են 100 հազար դոլարի գովազդային հայտարարություններ, որոնց նպատակն էր ԱՄՆ-ում պառակտում առաջացնել նախագահական ընտրությունների շրջանում:

Ըստ փորձագետների, այդ օգտահաշիվներն ու էջերը կապ ունեն Ռուսաստանում «տրոլների արտադրամասի» հետ: Դա մի կենտրոն է, որտեղ վճարովի կիբերսադրիչները պատրաստում և տարածում են ապատեղեկատվություն: Առաջիկայում Թվիթերն էլ պետք է վերլուծություն անցկացնի:

Դեմոկրատիայի ապահովման միության տնօրեն Լաուրա Ռոզենբերգի փոխանցմամբ, ռուսների այդ նույն ակտիվությունը նկատվել է նաև Եվրոպայում:

«Կան դեմոկրատական հաստատությունները քայքայելու տարբեր մեխանիզմներ: Մեծ թվով ամերիկացիների համար չափազանց անսպասելի էր ընտրություններին ռուսների միջամտության հանգամանքը, նրանք պատկերացում իսկ չունեն, որ ռուսներն այդ գործիքն ավելի քան տասը տարի են կիրառում», - ասել է Ռոզենբերգը:

USA TODAY պարբերականին Դեմոկրատիայի ապահովման միության փորձագետների փոխանցած զեկույցում թվարկված են ռուսական ճնշումներին ենթարկված երկրները՝ Բելառուս, Բուլղարիա, Կանադա, Կիպրոս, Չեխիա, Դանիա, Էստոնիա, Ֆինլանդիա, Ֆրանսիա, Վրաստան, Գերմանիա, Հունգարիա, Իտալիա, Լատվիա, Լիտվա, Մակեդոնիա, Մոլդովա, Մոնտենեգրո, Նորվեգիա, Լեհաստան, Պորտուգալիա, Իսպանիա, Շվեդիա, Թուրքիա, Մեծ Բրիտանիա, Ուկրաինա, Միացյալ Նահանգներ:

Այսօրվա թիրախներից մեկը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն է: Սեպտեմբերի 24-ին տեղի կունենան խորհրդարանական ընտրություններ, և եթե Կրեմլն ի պաշտոնե չեզոքություն է դրսևորում, քաղաքական շրջանակներում չեն թաքցնում, որ Մերկելի վերընտրությունն անցանկալի է:

Զեկույցում բերվում էն ռուսների միջամտության կոնկրետ օրինակներ: 2003 թվականին քրեական հեղինակություն Յուրի Բորիսովը Կրեմլի հավանությամբ 400 հազար դոլար է տրամադրել Ռոլանդաս Պակսասի ընտրարշավին: Վարչապետ ընտրվելուց հետո Պակսասը Լիտվայի քաղաքացիություն է շնորհել «բարերարին» և փոխանցել նրա նկատմամբ ընթացող հետաքննության մասին տեղեկություն, որը գաղտնիք է համարվել: 2004-ի ապրիլի 5-ին լիտվացիները Պակսասին իմպիչմենտի են ենթարկել:

2007 թվականի ապրիլի 27-ին Էստոնիայում հաքերները գրոհել և տևական ժամանակով անջատել են ամբողջ համացանցը: Ենթադրվում է, որ պետական գրասենյակների, լրատվամիջոցների և բանկերի ինտերնետային կայքերի վրա գրոհն իրականացվել է ի պատասխան մայրաքաղաք Տալլինի կենտրոնում Բրոնզե զինվորի արձանն ապամոնտաժելու որոշման:

2008 թվականի օգոստոսի 7-ին՝ երբ ռուսները հարձակվել են Վրաստանի վրա, այդ երկրի համացանցի աշխատանքը խափանվել է:

2013 թվականի հունվարին Իսպանիայի անվտանգության ծառայությունը կասեցրել է Banco Madrid դրամատան խողովակով մեծ գումար օրինականացնելու ռուսական մաֆիայի փորձը:

Շոտլանդիայում անկախության հանրաքվեի նախօրեին՝ 2014 թվականի սեպտեմբերի 17-ին, «ռուս դիտորդները» կասկածի տակ են առել հանրաքվեի արդյունքների արդարությունը:

2016 թվականի հուլիսի 22-ին Վիկիլիքսը հրապարակել է ԱՄՆ դեմկոկրատական կուսակցութան ազգային կոմիտեի 20 հազար էլեկտրոնային նամակները, որոնք, ըստ ամերիկյան հետախուզության և ինտերնետի անվտանգության հարցերով զբաղվող մասնավոր ընկերությունների փորձագետների, ռուս հաքերները դրանից մեկ ամիս առաջ են գողացել:

2017 թվականի մարտի 9-ին Ռուսաստանի մամուլում ծավալվել է Կանադայի արտաքին գործերի նախարարի դեմ ուղղված աննախադեպ ագրեսիվ և տգեղ արշավ, որի ընթացքում տարածվել են կեղծ լուրեր նացիստների հետ նախարարի կապերի մասին:

2017 թվականի գարնանը ռուսական աջակողմյան կայքերում ի հայտ են եկել նախագահության թեկնածու Էմանյուել Մակրոնի սեռական կողմնորոշման և կոռուպցիոն գործարքների մասին կեղծ տեղեկություններ, որոնք հետագայում տարածել են նաև տպագիր մամուլն ու հեռարձակող լրատվամիջոցները:

Պաշտոնական Մոսկվան հերքում է այդօրինակ գործողությունների մասին հրապարակումները և դրանք անվանում է «հակառուսական պրոպագանդա»:

«Արևելքի և Արևմուտքի միության ամերիկյան կոմիտե» կազմակերպութնան ղեկավար Ջեյմս Գարդենի փոխանցմամբ՝ Մոսկվայի գործողությունները ոչնչով չեն տարբերվում արտասահմանում շահերն առաջ տանելու Վաշինգտոնի ձգտումից և խիստ չափազանցված են:

«Մենք էլ ենք դա անում, նրանք էլ, չինացիներն էլ, իսրայելցիներն էլ, բոլորը», - ասել է Գարդենը:

Մինչդեռ Հետաքննությունների դաշնային գործակալության նախկին աշխատակից, հակաահաբեկչական պաքարի հարցով մասնագետ Քլինթ Ոութսն «անհեթեթություն» է անվանում նման համեմատությունը:

«Ե՞րբ ենք մենք հաքերային հարձակման ենթարկել արտասահմանում ապրող 4 հազար մարդկանց և նրանց մասին տեղեկություններով հեղեղել ինտերնետը: Ամերիկայում և Եվրոպայում ռուսների նպատակը դեմոկրատական ինստիտուտների թուլացումն է: Նրանք երկու գաղափար են քարոզում․ մեկն այն է, որ դեմոկրատական ինստիտուտը կոռումպացված է, մյուսն այն է, որ ընտրական համակարգին չի կարելի վստահել», - ասել է Ուոթսը:

Ատլանտյան խորհրդի վերլուծաբան Բեն Նիմոյի փոխանցմամբ՝ արդի Ռուսաստանը դիմում է այն մեթոդներին, որոնք ժամանակին կիրառել է Խորհրդային Միությունը:

«Սովետները կոտորածով, ԳՈՒԼԱԳ-ով և ԿԳԲ-ի գործակալների միջոցով երկրի ներսում և արտասահմանում ահաբեկել և ոչնչացրել են ընդդիմախոսներին: Դա է համակարգը, որը ծնել է Վլադիմիր Պուտինին», - ասել է Նիմմոն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG