Facebook ընկերությունը չորեքշաբթի երեկոյան պաշտոնապես տեղեկացրել է, որ 2016 թվականի ամերիկյան նախագահական ընտրություններին նախորդող շրջանում ռուսական ծագում ունեցող ընկերությունները շուրջ 100 հազար դոլարի գովազդ են գնել սոցիալական այս ցանցում` նպատակ ունենալով ներազդել ամերիկացի օգտատետերի քաղաքական տրամադրությունների վրա:
Facebook-ի անվտանգության գծով գլխավոր պատասխանատու Ալեքս Ստամոսը նաև նշել է, որ ընկերությունը համագործակցում է նախագահական ընտրություններին ռուսական միջամտության փաստերը հետաքննող կոնգրեսական հանձնաժողովի և Միացյալ Նահանգների արդարադատության նախարարության հետ:
Facebook-ի ներկայացուցիչները երեկ այս առթիվ որոշ մանրամասներ են հաղորդել կոնգրեսականներին: Սոցիալական ցանցի անցկացրած ներքին հետաքննության շնորհիվ հնարավոր է եղել պարզել, որ ռուսական իշխանությունների հետ առնչություններ ունեցող, Սանկտ Պետերբուրգում գտնվող «Ինտերնետ հետազոտությունների գործակալությունը» ընդհանուր առմամբ 3300 գովազդային հայտարարություն է գնել Facebook-ից:
Ամերիկացի օրենսդիրները, սակայն, ենթադրում են, որ սա սոցիալական ցանցերի միջոցով ամերիկյան ընտրություններին ռուսական միջամտության միայն մի մասն է:
«Մենք այսօր միայն նախնական պատասխանը ստացանք, գուցե սա միայն սառցաբեկորի վերին մասն է: Ամիսներ շարունակ մենք Facebook-ի և Twitter-ի ներկայացուցիչներից փորձում էինք պարզել, թե ինչպես է ռուսական կողմը կեղծ օգտահաշիվների միջոցով ազդել ամերիկյան ընտրությունների վրա», - CNN-ին տված հարցազրուցյում հայտարարում էր երեկ հրավիրված լսումների մասնակիցներից մեկը` Վիրջինիայից ընտրված դեմոկրատ սենատոր Մարկ Ուորները:
Facebook-ի ղեկավարները երեկ Կապիտոլիումում կայացած լսումների ժամանակ հայտնել են, որ կարողացել են ռուսների հետ առնչություններ ունեցող 470 կեղծ օգտահաշիվ բացահայտել:
«Գովազդի մեծ մասը նպատակ ուներ խորացնել այն հակասությունները, որոնք առկա են ամերիկյան հասարակության ներսում: Խոսքը ներգաղթի, ռասայական խնդիրների, սեռական փոքրամասնությունների իրավունքների և զենքի ազատ վաճառքի շուրջ առկա տարակարծությունների մասին է», - կոնգրեսականներին տեղեկացրել են սոցիալական ցանցի անվտանգության պատասխանատուները: Նրանց խոսքով, ռուսական կողմի գրանցած ֆեյսբուքյան կեղծ էջերի գործունեությունը թիրախավորում էր այն օգտատերերին, որոնց այս թեմաների կիրառմամբ առավել հեշտությամբ էր հնարավոր ազդեցության տակ գցել:
Ուշագրավ է սակայն, որ ռուսաստանյան ծագում ունեցող կեղծ օգտահաշիվները բավական նուրբ էին կառավարվում` զերծ մնալով անթաքույց քարոզչությունից: «Վճարովի գրառումների մեծ մասում ամերիկյան նախագահական ընտրությունները կամ առաջադրված թեկնածուները հիշատակված չէին», - նշում են Facebook-ի ներկայացուցիչները:
Սենատի և Ներկայացուցիչների տան անդամների մի մասը, սակայն, համոզված է, որ ռուսական կողմը չի բավարարվել բացառապես Facebook-ում կեղծ օգտահաշիվներ գրանցելով ու վճարովի գովազդ գնելով:
«Մենք պետք է խոսենք նաև Twitter-ի ներկայացուցիչների հետ: Ես կարծում եմ, որ ամերիկյան հանրությունը պետք է իմանա, թե ինչ ապատեղեկատվություն կարող է հայտնվել Facebook-ի և Twitter-ի իրենց պատին: Ես կարծում եմ, որ հետաքննության ծավալների ընդլայնմանը զուգահեռ կարող են նոր ապացույցներ ի հայտ գալ: Ես ուրախ եմ, որ Facebook-ը հանդես եկավ այս բացահայտումներով: Ես ավելի շատ հարցեր ունեմ այժմ Twitter-ի ներկայացուցիչների համար», - նշել է կոնգրեսական Մարկ Ուորները: