ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր վարչակազմը չի բացառում ռազմական ուժի կիրառում Հյուսիսային Կորեայի դեմ՝ ի պատասխան միջուկային ծրագրի և հրթիռային փորձարկումների, սակայն հույս ունի, որ իրեն կհաջողվի արդյունքի հասնել բանակցությունների միջոցով։
Վաշինգտոնում՝ պատասխանելով լրագրողների հարցերին, Թրամփն ասել է, թե դա կլիներ «շատ ծանր օր», սակայն անհրաժեշտության դեպքում ամերիկյան զինուժն ի վիճակի է նման խնդիրներ լուծել։
Թրամփը հավելել է նաև, թե «ի տարբերություն իր նախորդների», ինքը չի պատրաստվում բացահայտել Փհենյանի դեմ ամերիկյան ռազմավարությունը, սակայն հույս ունի, որ իրեն կհաջողվի արդյունքի հասնել բանակցությունների ընթացքում։ «Հյուսիսային Կորեան իրեն վատ է պահում և նրան պետք է կանգնեցնել», - ասել է ԱՄՆ նախագահը։
Պաշտոնական Վաշինգտոնի և Փհենյանի հարաբերություններում լարվածությունը կտրուկ աճեց, երբ Հյուսիսային Կորեան սպառնաց հրթիռակոծել Խաղաղ օվկիանոսում գտնվող ամերիկյան Գուամ կղզին։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն էլ հակադարձեց, թե «Ամերիկայի կամ դաշնակիցների վրա հարձակվելու դեպքում Հյուսիսային Կորեան կբախվի այնպիսի կրակի և ցասումի, որն աշխարհը երբևէ չի տեսել»:
Սեպտեմբերի 3-ին Հյուսիսային Կորեան հայտարարեց ջրածնային ռումբ փորձարկելու մասին, ինչից հետո Միացյալ Նահանգները հայտարարեց, որ մտադիր է զանգվածային հարված հասցնել, եթե Հյուսիսային Կորեան սպառնա ԱՄՆ-ին կամ Միացյալ Նահանգների դաշնակիցներին։
Oգոստոսի 29-ին էլ Դոնալդ Թրամփը և Ճապոնիայի վարչապետ Շինզո Աբեն պայմանավորվեցին հզորացնել ճնշումը Հյուսիսային Կորեայի նկատմամբ, քանի որ Հյուսիսային Կորեան այդ օրը վաղ առավոտյան՝ առաջին անգամ 2009 թվականից ի վեր, արձակել է միջմայրացամաքային հրթիռ, որն անցել է Ճապոնիայի վրայով: