Մատչելիության հղումներ

Փհենյանը պնդում է, որ արդեն ջրածնային ռումբ ունի


Հյուսիսային Կորեայի առաջնորդ Քիմ Յոնգ Ունը զինվորականների և գիտնականների հետ քննարկում է միջուկային զենքին առնչվող հարցեր: Լուսանկարը տարածել է Հյուսիսային Կորեայի պետական լրատվական գործակալությունը:
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Քիմ Յոնգ Ունը զինվորականների և գիտնականների հետ քննարկում է միջուկային զենքին առնչվող հարցեր: Լուսանկարը տարածել է Հյուսիսային Կորեայի պետական լրատվական գործակալությունը:

Աշխարհը դատապարտում է այսօրվա միջուկային փորձարկումը:

Տասը Հիրոշիմա և հինգ Նագասակի...

Հյուսիսային Կորեան հայտարարել է ջրածնային ռումբ փորձարկելու մասին: Դա Հյուսիսային Կորեայի թվով 6-րդ և ամենահզոր միջուկային փորձարկումն է: Այդ մասին առյօր առավոտյան ազդարարել են կոմունիստական պետության լրատվամիջոցները:

«Միջմայրացամաքային հրթիռի վրա տեղադրվող ջրածնային ռումբի փորձարկումը անցել է կատարյալ հաջողությամբ»,- հայտարարել է պետական հեռուստաալիքի հաղորդավարը:

Սարքը պայթեցվել է Կիլջու շրջանում, որտեղ գտնվում է «Պունգջուի-ռի» անվամբ ստորգետնյա միջուկային փորձադաշտը:

«Պայթյունի արձակած էներգիան 5-ից 6 անգամ ավելի հզոր էր 2016 թվականի սեպտեմբերին Հյուսիսային Կորեայում փորձարկված 5-րդ ռումբի համեմատությամբ»,- ասել է Հարավային Կորեայի օդերևութաբանական կենտրոնի ղեկավար Լի Մին-սունը:

ԱՄՆ-ի աշխարհագրական հետազոտությունների կենտրոնը գրանցել է 6.3 մագնիտուդի ստորգետնյա ցնցում: «Դա պետք է որ պայթյուն լինի, այլ ոչ թե երկրաշարժ»,- ասել է կենտրոնի աշխատակից Յանա Փարսլին:

Չինաստանի երկրաշարժաբանական կենտրոնը գրանցել է առաջինին րոպեներ անց հաջորդած երկրորդ ցնցումը, որը վկայում է «պայթյունի էպիկենտրոնում ստորգետնյա շերտերի զանգվածային փլուզման մասին»:

Հարավային Կորեայի մասնագետների կարծիքով, այսօր փորձարկված ռումբի հզորությունը կազմում է 70-100 կիլիտոննա:

Դա առնվազն 10-ն ագամ ավելի հզոր է, քան 1945 թվականի օգոստոսին 6-ին Ճապոնիայում Հիրոշիման ավերած ուրանային ռումբը և 5 անգամ ավելի հզոր, երեք օր անց՝ օգոստոսի 9-ին Նագասակին ոչնչացրած ռումբը, որի միջուկը պատրաստված էր պլուտոնիումից:

Տարածաշրջանն ու ամբողջ աշխարհը խիստ մտահոգված են

Փհենյանի այս նոր ռումբը հնարավոր է տեղադրել վերջերս Հյուսիսային Կորեայում փորձարկված միջմայրացամաքային հրթիռները վրա:

Այսօրվա փորձարկումից հետո Հարավային Կորեայի նախագահ Մուն Ջե-ինը գումարել է Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ, որից հետո խորհրդի տնօրեն Չունգ Յու-յոնգը հայտարարել է, թե անհրաժեշտ է ցանկացած եղանակով, այդ թվում ՄԱԿ-ի պատժամիջոցներով՝ էլ ավելի մեկուսացնել Հյուսիսային Կորեան:

«Մենք ԱՄՆ-ի հետ քննարկելու ենք ամերիկյան ամենահզոր ռազմավարական կարողությունները մեր երկրում տեղակայելու հնարավորությունը»,- ասել է Հարավային Կորեայի անվտանգության խորհրդի տնօրենը:

Ճապոնիայի վարչապետ Շինձո Աբեն փորձարկումը «բացարձակ անընդունելի» է անվանել: Նա ասել է, որ Փհենյանի հրթիռային և միջուկային փորձարկումները «անմիջական և աննախադեպ վտանգ են տարածաշրջանի և աշխարհի համար»:

Նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Հերբերթ ՄքՄասթերը հայտարարել է, որ «ԱՄՆ վճռականորեն բոլոր միջոցներով պաշտպանելու է դաշնակիցներին»:

Չինաստանը և Ռուսաստանը դատապարտել են Հյուսիսային Կորեայի միջուկային փորձարկումը:

Պեկինը Փհենյանին կոչ է արել «վերջ տալ սխալ գործողություններին և հարգել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պահանջները»: Մոսկվան հորդորել է «զսպվածություն դրսևորել և անհապաղ վերականգնել երկխոսությունը:

«Պահի հրամայականն է՝ զերծ մնալ ցանկացած քայլից, որը կհանգեցնի իրավիճակի հետագա սրման»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարությունում:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է «Հյուսիսային Կորեայի վերջին սադրանքին կոշտ պատասխան տալու անհրաժեշտության մասին»:

Վիեննայում տեղակայված Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան «բացարձակ անտեսում է միջազգային համայնքի պահանջները»:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քիչ առաջ Թվիթերում գրել է, որ «Հյուսիսային Կորեայի խոսքն ու գործը չափազանց թշնամական և վտանգավոր են Ամերիկայի համար»:

«Նրանց պարագայում խաղաղացման լեզուն չի գործում, նրանք մեկ բան են հասկանում»,- գրել է Թրամփը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG