Մատչելիության հղումներ

«Կրեմլը դրա հետ որևէ կապ չունի». Մոսկվան կտրականապես հերքում է Ֆեյսբուքի պնդումները


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկով, արխիվ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկով, արխիվ

Պաշտոնական Մոսկվան կտրականապես հերքում է Ֆեյսբուքի պնդումները, թե ամերիկյան նախագահական ընտրություններից առաջ Կրեմլին մոտ կանգնած մի շարք ընկերություններ առնվազն 100 հազար դոլար են ծախսել սոցիալական այս ցանցում՝ գովազդ պատվիրելու և կեղծ օգտատերերի միջոցով ամերիկացի ընտրողների վրա ազդելու համար:

«Կրեմլը դրա հետ որևէ կապ չունի, մենք այդ մասին երբևէ չենք լսել, ոչինչ չգիտենք, և, առավել ևս, այդպիսի բաների հետ որևէ կապ չունենք», - հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Մինչ Կրեմլը հերքում է, Ֆեյսբուքի մատնանշած կազմակերպություններից մեկի՝ «Ինտերնետ հետազոտությունների գործակալության» արդեն նախկին աշխատակիցը մանրամասներ է բացահայտում սոցցանցերում աշխատող ռուսական քարոզչամեքենայի վերաբերյալ:

Օլգա Մալցևան պնդում է, որ Սանկտ-Պետերբուրգում գործող այդ ընկերությունում աշխատանքի է անցել երեք տարի առաջ որպես բլոգեր, և վերևների պատվերով ու կեղծ օգտահաշիվներով, գրառումներ արել մեկ տարի շարունակ:

«Oրական մոտ 12 գրառում էինք անում, սկզբում տասն էր, հետո՝ դարձավ 12, գրում էինք քաղաքական թեմաներով, նաև տարբեր մեկնաբանություններ էինք թողնում, այդ թվում՝ սոցիալական հարցերի շուրջ: Այսպես ասած, տեղեկատվություն էինք տարածում որոշակի ուղղվածությամբ, սփռում էինք կոնկրետ տեսակետներ՝ Ռուսաստանում և Ուկրաինայում տիրող քաղաքական իրավիճակի վերաբերյալ», - պատմել է Մալցևան «Աազտության» ռուսական ծառայությանը:

Մալցևան հաստատում է, որ եղել է նաև հատուկ բաժին, որտեղ գրել են անգլերենով, բայց դժվարանում է ասել՝ ինչ թեմաներով ու ինչ ուղղվածությամբ:

«Կային մարդիկ, որոնք անգլերենով էին գրում, մանրամասները չգիտեմ, քանի որ մեզ չէին պատմում, դու միայն քո բաժնի աշխատակիցների հետ կարող էիր շփվել: Հետո էլ ավելի խիստ հսկողություն սահմանվեց. հարկերը փակում էին, եթե աշխատում էիր երրորդում, վերև կամ ներքև չէիր կարող գնալ: Հետևում էին նաև մեր գրառումներին սոցցանցերում, ստուգում էին նամակագրությունը, գուցե նաև հեռախոսազրույցներն էին գաղտնալսում»:

Մալցևան գործակալությունից հեռացել է 2015-ին, երբ, իր խոսքով, դիմել է մայրության արձակուրդ ու նպաստ ստանալու համար, սակայն ղեկավարությունը հորդորել է՝ անաղմուկ հեռանալ: Երբ այս մասին հաղորդումներ են հայտնվել լրատվամիջոցներում, նախկին ղեկավարը, ըստ Մալցևայի, փոխել է դիրքորոշումը։

«Զանգահարել էր մեզ, գումար էր առաջարկում լռության դիմաց, պնդում էր, որ հիմար եմ, որ ինձ այս ողջ աղմուկը պետք չէ, համոզում էր, որ հաշտվենք, հակառակ դեպքում, սպառնում էր, որ բոլոր ակտիվիստները կսկսեն մեզ հետապնդել», պատմել է Մալցևան:

Չնայած սպառնալիքներին,, երիտասարդ մայրը դատարան էր դիմել՝ ներկայացնելով մի շարք իրեղեն ապացույցներ, այդ թվում՝ նախկին ղեկավարի հետ հեռախոսազրույցի ձայնագրությունը, ընկերության ներսում իրականացված տեսագրությունն ու լուսանկար, որտեղ պատկերված էր իր համակարգչի թվային՝ IP հասցեն:

Սանկտ Պետերբուրգի դատարանը, սակայն, երեկ մերժեց Մալցևայի դիմումը, պնդելով, թե չկան բավարար ապացույցներ, որոնք կփաստեն, որ նա իսկապես աշխատել է վիճահարույց գործակալությունում:

Ի դեպ, Մալցևայի հրապարակած լուսանկարներում հետաքննող լրագրողները մի ուշագրավ փաստ էին արձանագրել՝ պարզվել էր, որ լուսանկարում պատկերված նույն այդ թվային հասցեից ժամանակին գրառումներ էին կատարվել Whoiswho կայքում, որտեղ անհայտ անձինք տեղեկություններ էին կուտակում Ռուսաստանի իշխանություններին քննադատող ակտիվիստների ու ընդդիմադիր գործիչների վերաբերյալ: Լրագրողների արձագանքից ու քննադատություններից հետո կայքը դադարեց գործել, մինչ այդ, սակայն, «սև ցուցակում» հայտնված տասնյակ ակտիվիստներ հաղորդեցին իրենց նկատմամբ ճնշումների, սպառնալիքների, ծեծի ու մեքենաների հրկիզման մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG