Մատչելիության հղումներ

Ինչո՞ւ էր РосОборонЭкспорт ընկերությունը բազմամիլիոն վճարումներ կատարում Ալիևի մերձավորներին


Ի՞նչ դերակատարություն ուներ ռուսաստանյան սպառազինության վաճառքի մենաշնորհային իրավունքներ ունեցող РосОборонЭкспорт ընկերությունը ադրբեջանական փողերի լվացման այս շաբաթ բացահայտված սխեմայում: Այս հարցադրումը ակտիվորեն սկսեց հնչել վերջին երկու օրերին, այն բանից հետո, երբ մի շարք երկրների հետաքննող լրագրողներին միավորող «Կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության լուսաբանման նախագիծը» հրապարակեց Իլհամ Ալիևի մերձավոր շրջապատ կողմից եվրոպական մի շարք բանկերի և ընկերությունների միջոցով շուրջ երեք միլիարդ դոլարի լվացման մասին ծավալուն զեկույցը:

Այս փաստաթղթի համաձայն, РосОборонЭкспорт-ը ադրբեջանցի իշխանավորների կողմից Մեծ Բրիտանիայում բացված ֆիկտիվ ընկերություններին մեծ գումարներ փոխանցած կառույցների թվում էր: РосОборонЭкспорт-ը այս ընկերությունների միջոցով մի քանի հարյուր միլիոն դոլար է փոխանցել: Դա շատ մեծ գումար է: Մինչև այդ փոխանցումների կատարումը, սակայն, 2011 թվականին Ադրբեջանը РосОборонЭкспорт-ի հետ սպառազինության ձեռք բերման մասին պայմանագիր էր ստորագրել:

«Այդ փոխանցումների մի մասը հայտնվել է Օրհան Էյուբովի հաշվեհամարներին: Դա Ադրբեջանի առաջին փոխվարչապետ Յաղուբ Էյուբովի որդին է: Այդ փոխվարչապետը մասնակցում էր սպառազինության ձեռք բերման շուրջ ընթացող բանակցություններին», - նշում է զեկույցի հեղինակներից մեկը` ադրբեջանցի թերևս ամենահայտնի հետաքննող լրագրող Խաթիջա Իսմաիլովան, և հավելելում, որ ադրբեջանական իշխանությունները պետք է հստակ պատասխան տան`թե արդյոք ռուսաստանյան արտադրության սպառազինության վաճառքի շուրջ ընթացող բանակցությունները և այս փոխանցումները փոխկապակցված էին:

«Ինչո՞ւ պետք է РосОборонЭкспорт-ը վճարումներ կատարի ադրբեջանա-հունգարական մի ընկերությանը, որի հետևում կանգնած է փոխվարչապետի որդին: Ադրբեջանի կառավարությունը պետք է հստակորեն պատասխանի այդ հարցին`արդյո՞ք այդ փոխանցումները կապ ունեն այն հանգամանքի հետ, որ Ադրբեջանը զենք է գնում հենց РосОборонЭкспорт ընկերությունից», - նշում է Իսմաիլովան:

Հետաքննության ռուսաստանյան հատվածի հեղինակը` Новая Газета թերթի հետաքննություների բաժնի ղեկավար Ռոման Անինը, «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությանը տված հարցազրույցում երեկ նույնպես նշում էր, որ РосОборонЭкспорт-ի և ադրբեջանական ծագում ունեցող օֆշորային ընկերությունների կապերը բազմաթիվ հարցերի տեղիք են տալիս:

«Գումարները փոխանցվում էին երկու ընկերությունների հաշվեհամարներին, երկուսն էլ կարելի է որպես ֆիկտիվ կառույցներ բնութագրել: Հետագայում այդ ընկերություններից մեկը շատ յուրահատուկ ֆինանսական ծառայություններ էր մատուցում Ալիևների ընտանիքին: Օֆշորային այդ ընկերության միջոցով Ռուսաստանից ցեմենտ էր մատակարվում Pasa հոլդինգին, որի սեփականատերը Ադրբեջանի նախագահի ազգականն է», - նշում է ռուսաստանցի լրագրողը՝ հավելելով, թե շատ հավականական է, որ РосОборонЭкспорт֊ի կատարած վճարումներով ընկերությունը վարձահատույց է եղել կամ այսպես կոչված «откат»-ներ է տրամադրել ադրբեջանցի պաշտոնյաներին իր արտադրանքը գնելու համար:

XS
SM
MD
LG