Մատչելիության հղումներ

Գասպարին հանրային պաշտպանին կոչ է անում չմասնակցել Սեֆիլյանի գործով դատական նիստերին


Ընդդիմադիր Հիմնադիր խորհրդարանի առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի և մյուս վեց ամբաստանյալների գործով այսօրվա դատական նիստը դեռ չմեկնարկած միջադեպ տեղի ունեցավ նիստերի դահլիճում։

Ակտիվիստ Վարդգես Գասպարին ոտքի կանգնեց, պաստառ պարզեց և կոչ արեց Սեֆիլյանի համար դատարան հրավիրված հանրային պաշտպան Մարինե Թովմասյանին լքել նիստերի դահլիճը։

Ժիրայր Սեֆիլյանի և Ներսես Պողոսյանի կամքին հակառակ ներգրավված հանրային պաշտպանի դեմ բողոքող Գասպարին դատարանից հեռացվելուց հետո ակցիան շարունակեց դատարանի բակում՝ պառկած։

Մինչև նիստի մեկնարկը Գասպարին լրագրողների հետ զրույցում քննադատել էր հանրային պաշտպանին՝ պնդելով, թե նա դատարանում անելիք չունի․ - «Սեֆիլյանը պահանջել է, որ նա ընդհանրապես իր ներկայացուցիչը չի, իրավունք չունի այդտեղ գտնվելու․․․ Լուռ է մնում, ես չգիտեմ, իրա համար խաղեր ա խաղում պլանշետով․ դա հետաքրքիր չի արդեն: Նրա քայլը իշխանության ամենակեղտոտ խաղի վերջին ֆունկցիան կատարելն ա: Եվ դա կատարվում ա բարեխղճորեն»:

Ազատամարտիկ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է մի շարք ծանր հոդվածներով՝ զանգվածային անկարգությունների հրահրում, նախապատրաստում, կազմակերպված խմբի կազմում զենքի ձեռքբերում, որի միջոցով պիտի զավթեր ռազմավարական նշանակության շենքեր։ Սեֆիլյանն ամբողջությամբ շինծու է որակում մեղադրանքը՝ այն կապելով իր քաղաքական գործունության հետ:

Սեֆիլյանի գործով այսօրվա դատական նիստը կարճ տևեց՝ մոտ կես ժամ, և հետաձգվեց ամբաստանյալների բացակայության պատճառով: Նիստին ներկա էին երկու ամբաստանյալ և մի քանի պաշտպան։ Մեղադրյալներ Ժիրայր Սեֆիլյանը, Գևորգ Սաֆարյանը և Ներսես Պողոսյանը հեռացված են նիստերի դահլիճից դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար։ Նրանց փաստաբանները ևս չէին եկել դատարան՝ Տիգրան Հայրապետյանի, Արայիկ Պապիկյանի, Նինա Կարապետյանցի, Արա Զաքարյանի նկատմամբ անցած դատական նիստերի ժամանակ դատարանը սանկցիա է կիրառել՝ առանց դատավորի թույլտվության նիստը լքելու համար։

Հիշեցնեմ, դատավոր Տաթիկ Գրիգորյանի որոշմամբ Ժիրայր Սեֆիյանի համար հանրային պաշտպան է ներգրավվել, Հանրային պաշտպանի գրասենյակն այդ գործը վստահել է Մարինե Թովմասյանին։ Չնայած Ժիրայր Սեֆիլյանի և այս գործով անցնող մեղադրյալ Ներսես Պողոսյանի կտրուկ անհամաձայնությանը՝ հանրային պաշտպան Մարինե Թովմասյանը, ըստ էության, նախորդ դատական նիստին ստանձնեց ընդդիմադիրների պաշտպանությունը:

Նա անցած շաբաթ «Ազատության» հետ զրույցում ասել էր, թե քանի որ Սեֆիլյանը հրաժարվում է իր ծառայությունից, ինքը նրա շահերը չի ներկայացնի, բայց կարող է բացառապես ֆիզիկական ներկայություն ապահովել՝ դրանով, ըստ էության, ապահովելով նաև դատավարության ընթացքը:

Սեֆիլյանի աջակիցներն այսօր փորձեցին փակել հանրային պաշտպան Մարինե Թովմասյանի ավտոմեքենայի ճանապարհը՝ այդպիսով պահանջելով նրան չգալ այլևս դատարան։

Դեռ նախորդ նիստի ժամանակ դատավոր Տաթևիկ Գրիգորյանը որոշում է կայացրել վկաների հարցաքննության փուլում արգելել տեսանկարահանումը։ Դատական կարգադրիչներն էլ, իրենց հերթին, դատավորի որոշումը կատարելիս թույլ չէին տալիս անգամ նիստի ձայնագրությունը հեռարձակել ուղիղ եթերով՝ պնդելով, թե հարցաքննվող վկային ուղիղ եթերում կարող է լսել դեռևս չհարցաքննված վկան, ինչը կարող է ազդել վերջինիս ցուցմունքի վրա:

Մինչդեռ ո՛չ նախորդ, ո՛չ այսօրվա նիստերին դատարանը որևէ վկայի չհարցաքննեց։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG